Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրերի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցությունը հրապարակ հանեց դեռևս 1993թ. կնքված և 1994թ. վավերացված` Ռուսաստանի հետ տնտեսական միություն ստեղծելու մասին միջազգային պայմանագիրը, որն ուժի մեջ է առ այսօր: 20-ամյա վաղեմության այդ պայմանագրով նախատեսվել է իրականացնել միասնական դրամավարկային, բյուջետային, հարկային, արտաքին տնտեսական, մաքսային և արժութային քաղաքականություն: Այսինքն` նախատեսված է եղել, որ Հայաստանը գրեթե ամբողջությամբ զրկվելու էր իր տնտեսա-քաղաքական ինքնիշխանությունից:
ՀՀ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ԱԺ ամբիոնից հաստատել է ոչ միայն այդ պայմանագրի առկայությունը և դրա` ուժի մեջ լինելու իրողությունը, այլև այն, որ դա շատ ավելի կոշտ և Հայաստանի սուվերենությանը հարվածող փաստաթուղթ է, քան ԵՏՄ-ին մաս կազմելու` վավերացման ներկայացված պայմանագիրը: Նա միայն հավելել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե Հայաստանի կողմից իմպերատիվ կատարման ենթակա ինչ-որ պարտավորությունների, այլ ցանկությունների:
Ասել, թե ՀՅԴ-ն և ֆինանսների փոխնախարարը սենսացիոն բացահայտում են արել, նշանակում է չասել ոչինչ: Այն փաստը, որ ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագրի վավերացումը տեղի է ունենում 20-ամյա վաղեմության համաձայնագրի` ուժի մեջ գտնվելու պայմաններում, նշանակում է, որ իրականում ներկայումս տեղի ունեցող գործընթացի հիմքերը դրվել են հենց 1994-ին:
Ավելին` պայմանագրի վավերացումը, ապա նաև հունվարից արդեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հենց 1994թ. վավերացված և նոր միայն բացահայտվող պայմանագրի կատարման հանգրվաններից մեկն է: Եվ եթե այս տեսանկյունից ենք մոտենում հարցին, ապա կարելի է այլևս եզրակացնել, որ մինչ այդ Ռուսաստանին հայաստանյան տնտեսության աստիճանաբար հանձնումը, դրա շրջանակներում կատարված աղմկալի գործարքները` «Գույք պարտքի դիմաց», «Հայռուսգազարդի» վաճառք և այլն, տեղի են ունեցել` հենց այդ բացահայտված պայմանագրի տրամաբանությունից ելնելով: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ անցած տարիներին և առ այսօր տնտեսական անկախության շարունակական կորստին միտված գործողությունները եղել են ոչ թե պահի թելադրանքի և անհետևողական քաղաքականության հետևանք, այլ պլանավորված և սիստեմատիկաբար իրականացված գործողությունների շղթա, որի վերջակետը պետք է լիներ ռուբլու գոտի մտնելը, ընդհուպ` բյուջետային անկախությունից զրկվելը:
Դժվար է ասել` ԱԺ պատգամավորները խորապես գիտակցո՞ւմ են, թե ինչ է սա նշանակում: Այս պայմանագրի հրապարակայնացումը փաստացի ի չիք է դարձնում ժամանակի ընթացքում ի հայտ եկած` անվտանգության ապահովման մասին բերվող այն միակ փաստարկը, որով իշխանությունները փորձում են հիմնավորել ԵՏՄ-ին անդամակցելու անայլընտրանք որոշումը: Որովհետև ստացվում է, որ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունից ու անվտանգության այլընտրանքային համակարգերի ստեղծումից հրաժարվելը ևս նպատակամղված է եղել 1994թ. պայմանագրի կատարմանը: Եվ այս հանգամանքը բազմաթիվ հարցեր է առաջադրում, որոնք անհապաղ և լիարժեք պատասխանի են սպասում:
Նախ` պարզվում է, որ նախկին` 1990-ականների իշխանության ներկայացուցիչները, ովքեր ընդամենը մեկ տարի առաջ գազի պայմանագրերի վավերացման գործընթացի շրջանակներում քարը քարին չէին թողնում Հայաստանը քաղաքական ու տնտեսական ինքնուրույնությունից զրկելու մեջ ներկայիս իշխանություններին մեղադրելու հարցում, հենց իրենք են ստեղծել նման խայտառակ և ամոթալի ընթացքի իրավաքաղաքական նախադրյալները: Եթե ավելի պարզ ասելու լինենք, ապա խոսքը վերաբերում է 1994թ. իրականացված յուրատեսակ մի դավադրության, թեկուզև այնքանով, որ այդ պայմանագրի մասին հանրությունը, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չի եղել:
Այս ամենի ֆոնին արդեն հասկանալի է դառնում, թե ինչու էր առաջին նախագահ Լևոն-Տեր-Պետրոսյանն այդքան հանգիստ ընդունում ԵՏՄ-ին միանալու` իշխանությունների ընդունած անակնկալ որոշումը: Փաստորեն, նրա համար անակնկալը ոչ թե Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Մոսկվայում 2013թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն էր, այլ դրանից առաջ եվրաասոցացման ուղղությամբ գործող իշխանությունների իրականացրած քաղաքականությունը: Հենց դրանով է բացատրվում ԵՏՄ-ին անդամակցությունը անշրջելի իրողություն հռչակելու և դրանով այն ողջունելու տերպետրոսյանական փարիսեցիական մոտեցումը: Այս իմաստով Սերժ Սարգսյանի արած շրջադարձն ավելի ազնիվ պետք է համարել, քան Հայաստանը ռուսականացնելու ուղղությամբ արված քայլերում զուտ իշխանություններին քննադատելու և արմատական ընդդիմություն խաղալու` Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների վարքագիծը:
Եվ այստեղից անմիջականորեն բխում է երկրորդ հարցադրումը` ի՞նչ օբյեկտիվ կամ գուցե սուբյեկտիվ իրողություններով է պայմանավորված եղել այդ պայմանագրի ստորագրումը հենց 1994թ., որը, ի դեպ, վճռական տարի էր Ղարաբաղյան պատերազմի համար: Չպետք է մոռանալ նաև, որ Հայաստանն այդ ժամանակ նոր էր անցել սեփական ազգային արժույթին: Եթե իսկապես մտադրությունների այդ պայմանագիրն ստորագրելու համար եղել են այնպիսի օբյեկտիվ պատճառներ, որոնք անհնար էին դարձնում դրանից հրաժարումը, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ է դա գաղտնի պահվել հասարակությունից: Բայց փաստն այն է, որ 90-ականների իշխանությունը այսօրվանից պակաս «գիշերային դիվանագիտության» մասնագետներ չեն եղել, ավելին` փաստորեն, հենց նրանք են դրել այդ արատավոր պրակտիկայի հիմքերը:
Սրան գումարվում է նաև մեկ այլ` ուղղակի որևէ տրամաբանության մեջ չմտնող իրողություն: Պարզվում է, փաստորեն, որ 2008-09թթ. Հայաստանի իշխանությունը դարձել է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ, իր վրա վերցրել Ասոցացման պայմանագիրը ստորագրելու և վավերացնելու, ԵՄ ազատ առևտրի գոտի մտնելու կոնկրետ հանձնառություն` կախվածության մեջ լինելով 1994թ. վավերացված և Ռուսաստանի հետ տնտեսական միություն կազմելու քաղաքական կուրս առաջադրող այդ պայմանագրից:
Մնում է եզրակացնել, որ հայկական կողմը կա'մ իսկապես մոռացած է եղել նման Ռուսաստանի հետ կնքված այդ պայմանագիրը, կա'մ էլ իրեն միամիտի տեղ է դրել` փորձելով անտեսել դրա քաղաքական նշանակությունը: Եվ, այնուամենայնիվ, իսկապես հետաքրքրական է` Հայաստանն այդ ժամանակ ինքն իրե՞ն էր խաբում, Եվրամիությա՞նը, թե՞ իսկապես ուզում էր մատների վրա խաղացնել Ռուսաստանին: Եվ, անկախ պատճառից, նման անխոհեմ քայլի արդյունքում ինքն ընկավ սեփական ձեռքերով լարված թակարդը: Այս տեսանկյունից, փաստորեն, ստացվում է, որ Ռուսաստանը ոչ թե ստիպեց իշխանություններին հրաժարվել եվրաինտեգրման կուրսից, այլ պարզապես նրան ետ վերադարձրեց իր` ավելի վաղ ստանձնած պարտավորությունների շրջանակ:
Գևորգ Աղաբաբյան