կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-22 12:13
Իրավական

Հանրության համար վտանգավոր` նախադեպային որոշում

Հանրության համար վտանգավոր` նախադեպային որոշում

Մոտ 6 ամիս առաջ yerkir.am-ը գրել էր, որ ԱԺ շենքի մոտ հայտնաբերվել է «առևանգված» ավտոմեքենա, որի ղեկին եղել է ԱԺ աշխատակցուհի Կ. Պետրոսյանը: Սկզբում պարզվեց, որ մեքենան ձեռք է բերվել խարդախությամբ: Փաստի առթիվ ՀՀ ՔՕ  178-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց Կ. Պետրոսյանի ամուսնուն` Վարդան Հարությունյանին: Նա ձերբակալվեց:

 

Հիշեցնենք, որ մինչ այդ խարդախությամբ հափշտակված մեքենայի գործով Վարդան Հարությունյանն անցնում էր որպես վկա և կտրականապես հերքում էր իր մասնակցությունն ավտոմեքենան անօրինական ճանապարհով ձեռք բերելու գործին: Ձերբակալումից հետո Վ.Հարությունյանին նախ մեղադրանք առաջադրվեց խարդախության հատկանիշներով, սակայն նույն օրը մեղադրանքը փոփոխվեց` խարդախությունից դարձավ ինքնիրավչություն, խափանման միջոց ընտրված կալանավորումն էլ փոխվեց` քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ: Իսկ այժմ հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունն էլ, բնականաբար, հաստատել է այս որոշումը:

 

Ուսումնասիրելով այս գործի փաստական հանգամանքները` ցավալիորեն կարող ենք արձանագրել, որ նախաքննական մարմնի որոշումը կարող է նախադեպային դառնալ և վտանգավոր` հասարակության համար: Փաստորեն, ստացվում է, որ եթե, օրինակ,  ձեր անունով ունեք ավտոմեքենա, որը գրավադրված է բանկում, և այն ցանկանում եք վաճառել, ապա հստակ պետք է իմանաք և զգուշանաք հետևյալ հանգամանքներից`

 

1.Գնորդը կարող է ընդամենը 3 ամիս վճարել վարկի գումարը և հետո ընդհանրապես չվճարել: Դուք, բնականաբար, կճանաչվեք անհուսալի վարկառու, ձեր գույքի և հաշիվների վրա կալանքներ կդրվեն:

2. Դուք կդիմեք ոստիկանություն, կնշեք գնորդի անունը, նա քննության ժամանակ կհրաժարվի, որ երբևիցե ավտոմեքենա է տեսել (կեղծ ցուցմունք տալը ապաքրեականացվել է)

3. Ավտոմեքենան կհայտնաբերվի, լրիվ ձևափոխված, նոր անվադողերի փոխարեն կիսամաշ, թանկանոց անվահեծերի փոխարեն հասարակ (դա վաղուց արդեն գույքային վնաս չի համարվում, մոտ 800 000 դրամ է ընդամենը):

4. Քննությամբ կպարզվի, որ գնորդի արարքում բացակայում է հանցակազմը, պարզապես չկա, և վերջ:

5. Այդ ժամանակահատվածում ձեր վարկի վրա կկուտակվեն տոկոսներ, ձեր եղած-չեղածը կմնա կալանքի տակ, կկրեք ֆինանսական վնասներ (հույս չունենաք, որ այն գույքային վնաս կհամարվի):

6. Քննիչը որոշում կկայացնի, որ դուք պետք է մնաք վարկառու և պարտավոր եք փակել բանկի տույժերը և տուգանքները, որ պետք է մոռանաք ձեզ հասցված նյութական վնասի մասին, քանի որ և քննիչը որոշման մեջ կգրի, որ գնորդը ձեզ նյութական վնաս չի պատճառել: Ավելին` ավտոմեքենան ձեզ չեն տա, կզրկեն այն վաճառելու և բանկի պարտքը մարելու հնարավորությունից:

 

Այսինքն` գնորդն իրավունք ունի վերցնել ձեր գույքը (ավտոմեքենա), դրա համար չվճարել, թաքցնել այն, ձևափոխել, անարգել շահագործել, այսպես ասած, յուրացնել եւ արդյունքում պատասխանատվություն չկրել: Այս դեպքում հավասարազոր հարթության վրա են հայտնվում հանցակազմն ու արդարադատությունը: Այսինքն` երկուսն էլ բացակայում են: Այնպես որ` հույսներդ դրեք ձեր, ավելի շուտ` ձեր զգոնության վրա: Գնորդի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց առաջ լավ ուսումնասիրեք նրա իրավական կերպարն ու մարդկային որակները, որպեսզի հետո չապավինեք իրավապահների օգնությանը, որպես կանոն` նմանօրինակ գնորդները հանցագործության սուբյեկտ չեն դառնում: Հիշե’ք դատախազությունն ու քննչական կոմիտեն արդեն իսկ նախադեպային որոշում ունեն: