Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քոբանիում ԻՇԻՊ-ի հարձակումներից փրկվելու համար քաղաքը լքածներից է Վրեժ Գասպարյանը: Ասում է՝ «պապս Հայոց ցեղասպանությունից հետո Քոբանիում հաստատված հայերից է»: Փախչելով պատերազմից՝ նա հաստատվել է Սուրուչում (գտնվում է թուրք-սիրիական սահմանին):
Ստորև ներկայացնում ենք «Ակօս»-ի հարցազրույցը՝ Վրեժ Գասպարյանի հետ:
-Ե՞րբ եք գաղթել Քոբանի:
- Քոբանին հայերի համար յուրահատուկ նշանակություն ունի, այն եղել է Ցեղասպանութոյւնից հետո հայերի զանգավածային գաղթավայրը: Մեծ հայրս 1915 թվականից հետո Քոբանի գաղթած առաջին ընտանիքներից է եղել: Նրան բոլորը ճանաչում էին, հատկապես՝ հայերը՝ միմյանց: Եթե վերջին իրադարձությունները չլինեին, մտադրություն չունեի լքել Քոբանին: Սակայն ես ունեմ ընտանիք և իմ անձից ավելի պարտավոր եմ նրանց մասին մտածել: Այդ պատճառով որոշեցի այսուհետ այնտեղ չապրել: Կնոջս և երեխայիս ուղարկել եմ Հայաստան, ես էլ եկել եմ Սուրուչ, ծրագրում եմ այստեղից Եվրոպա գնալ: Ունևոր չեմ, սակայն քանի որ հավաքած որոշ գումար ունեմ, մտածում եմ զրոյից սկսել: Շատ մարդիկ, դժբախտաբար, այս հնարավորությունն անգամ չունեն…
-Այժմ որտե՞ղ եք բնակվում:
-Քանի որ կինս հայաստանցի է, նրան և երեխայիս ուղարկել եմ նրա ծնողների մոտ՝ Երևան: Մի քանի օր այնտեղ մնալուց հետո վերադարձան ինձ մոտ: Այժմ Ստամբուլի հյուրանոցներից մեկում ենք մնում: Եվրոպա գնալու համար թղթաբանությունով եմ զբաղվում: Հուսում եմ՝ կարճ ժամանակում Եվրոպայում կլինենք:
-Ի՞նչ կասեք Քոբանիի հայ բնակչության մասին:
-Նախկինում քաղաքում նրանց թիվը շատ էր, այնքան, որ հայկական դպրոց ունեինք: Սակայն այդ թիվը գնալով նվազեց, ու մարդիկ սկսեցին արտասահման մեկնել: Նրանցից շատերն ապրում էին Հալեպում, իսկ ամռանը գալիս էին Քոբանի: Այսինքն` կարելի է ասել, որ սիրիահայերի համար Քոբանին ամառանոց էր:
-Ե՞րբ որոշեցիք Քոբանիից փախչել:
-Պատերազմը շատ հանկարծակի հասավ Քոբանի: Ժողովուրդը խուճապահար սկսեց փախչել: Մենք էլ որոշեցինք Քոբանիում՝ մեր տանը մնալ: Մտածեցինք՝ ինչ-որ ժամանակ հետո կանցնի: Հետո հասկացանք, որ խնդիրը լուրջ է և կարճ ժամանակում չի անցնի: Հաջորդ առավոտյան վերցրեցինք մեր փաստաթղթերն ու լքեցինք Քոբանին: Քոբանիում պատերազմի զոհերից մեկը մանկությանս ընկերն է` Րաֆֆին: Մեխանիկ էր, սակայն ավտոմեքենայի մասեր էլ էր վաճառում: Ուներ փոքրիկ պիկապ և պատերազմի ամենաթեժ պահերին անգամ գնում էր շրջաններ և հաճախ իր հետ տեղափոխում էր մեծ քանակությամբ գումար: Մի անգամ ճանապարհին փչացել էր մեքենան, և սիրիացի եղբայրներ մոտեցել էին նրան օգնելու: Այնուհետև եղբայրներից մեկը նստել էր նրա կողքին, իսկ մյուսը նրանց հետևել էր մոտոցիկլետով: Րաֆֆիի կողքին նստողը հարձակվել է նրա վրա, սկսել էին կռվել: Րաֆֆիին մահացել էր, երբ մոտոցիկլետով երիտասարդը մոտեցել ու կրակ էր բացել նրա վրա: Դին մի տեղ նետելով՝ նրանք փախցրել էին պիկապը: Հաջորդ օրը նույն ճանապարհով անցնելիս զինվորները ճանաչել են պիկապն ու, նկատելով, որ վարորդը փոխվել է, ցանկացել էին այն ստուգել: Վարորդի նստատեղը գտել էին արյունոտ վիճակում: Երբ բացահայտվեց սպանությունը, երկուսն էլ բանտարկվեցին, ապա մահապատժի ենթարկվեցին: Այդ պատիժն անգամ չհովացրեց Րաֆֆիի կնոջ սիրտը: Երիտասարդ տարիքում իր երկու երեխաների հետ շարունակում է սգալ ամուսնու կորուստը: Իսկ հանցագործները եղել են Ասադի բանակին աջակցող գերդաստանի անդամներ: Կարճ ասած՝ պատերազմը սպանդ է, և պատերազմում մաքուր մնալն անհնար է:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի