Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո որոշակի շրջանակներ զարգացնում են ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու համար ներկայիս Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը: Նախօրեին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ և նրան առաջարկել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ այդ տեղեկատվության` Սերժ Սարսգսյանն ի պատասխան ասել է, թե դա հնարավոր չէ առնվազն մինչև 2015թ. կեսերը: Այստեղ կարևորը ոչ թե հանդիպման փաստն է, այլ այն, որ առանցքում նույն` ԱԺ-ն ցրելու գաղափարն է ընկած:
Այս լուծումը միանշանակ բխում է ԲՀԿ-ի և Ծառուկյանի շահերից: Նախ` եթե նախագահը նոր ընտրություններ անցկացնելու նպատակով արձակում է խորհրդարանը, ապա ուղղակի, թե անուղղակի հաստատում է իշխանության ներսում քաղաքական ճգնաժամի առկայությունը, իրավիճակը կառավարելու` իր անկարողությունը և պարտությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Եվ քանի որ արտահերթ ընտրությունների անցկացումը, կարծես, Ազատության հրապարակից իշխանությանը ներկայացված հիմնական պահանջն է, նախագահի քայլն ընկալվելու է որպես սահուն, անցնցում իշխանափոխության իրականացման ճանապարհին առաջին լուրջ հաջողության արձանագրում:
Քաղաքական իրավիճակի հասունացման որոշակի փուլում այսպիսի լուծումը կարող է ձեռնտու լինել նաև գործող իշխանությանը, որովհետև ցանկացած դեպքում իշխանությունը սեփական հոգեզավակը հանդիսացող քաղաքական մեկ այլ ուժի հետ կիսելը շատ ավելի նախընտրելի է, քան այն ամբողջությամբ կորցնելը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը սա դիտարկում է որպես պահեստային տարբերակ:
Ներկայիս խորհրդարանի ցրումը տրամաբանական է նաև դրա փաստացի լեգիտիմության հետ կապված խնդրի համատեքստում: ԱԺ-ում հաստատված քաղաքական ուժերի բալանսը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, նրա քաղաքական նախընտրությունները: Հասարակությունը պառլամենտը չի ճանաչում որպես իշխանության իրացման իր իրավունքը կենսագործող ներկայացուցչական մարմին, քանի որ ի սկզբանե կասկածի տակ է դրել ընտրությունների օրինականությունը: Խորհրդարանը, այսպիսով, լեգիտիմ է ոչ թե հանրային աջակցության հենքի, այլ ընդամենը ԿԸՀ-ի և միջազգային կառույցների կողմից դրա արդյունքներն իրավաչափ ճանաչված լինելու պատճառով: Եվ չնայած խորհրդարանի արձակման համար անհրաժեշտ այս նախադրյալներին` ներկա պահին դրա իրականացումը նշանակելու է ոչ այլ ինչ, քան հակասահմանադրական գործընթացի մի ամբողջ շղթայի սանձազերծում:
2005թ. ընդունված սահմանադրական փոփոխություններով` նախատեսվեց նախագահի կողմից ԱԺ-ն ցրելու ընդամենը 4 կոնկրետ դեպք` երբ երկու ամսվա ընթացքում ԱԺ-ն հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, երբ հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ, երբ հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում, և երբ հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում: Եթե չկա այս նախապայմաններից որևէ մեկը, հանրապետության նախագահը չի կարող կամայականորեն, ելնելով զուտ սեփական հաշվարկներից, տրամադրությունից, ցրել ԱԺ-ն:
Ներկայումս քաղաքական ճգնաժամի մասին վկայող նման իրավիճակներ չկան: ԱԺ քաղաքական մեծամասնությունը, անկախ թվաքանակով սահմանային վիճակում գտնվելու հանգամանքից և աշխատանքի որակից, կարողանում է ապահովել նիստերի և նստաշրջանների հրավիրման, օրինագծերի քվեարկության համար անհրաժեշտ քվորումը: Հետևաբար, զուտ սահմանադրականության իմաստով չկան խորհրդարանը ցրելու հիմքեր: Եվ եթե այս վիճակը պահպանվի նաև 2015-ին, ապա անգամ նաև այդ ժամանակ նախագահը պառլամենտը ցրելու նման հիմքեր չի ունենալու` անկախ նրանից, թե ինչ է հիմա պլանավորում: Այս իրողությունն անտեսելով` ԱԺ-ն ցրելուց հետո անցկացված որևէ արտահերթ ընտրություն չի կարող օրինական լինել, ուրեմն օրինական չի լինելու նաև դրա արդյունքում ձևավորված պառլամենտը:
Այստեղ նույնիսկ չի օգնում հանրային պահանջներին ու պատկերացումներին ներկայիս պառլամենտի անհամապատասխանությամբ պայմանավորված լեգիտիմության ճգնաժամը: Դրա մասին ժամանակին հոգացել են նույն այն ուժերը, որոնք այսօր պառլամենտը ցրելու մասին են ակնարկում: Այնքանով, որքանով 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները ժամանակին նրանցից որևէ մեկի կողմից չվիճարկվեցին, և նույնիսկ, ի նշան բողոքի, նրանք չհրաժարվեցին մանդատներից, արդեն փակվում է ԱԺ-ի լեգիտիմության թեման:
Բայց գործնականում չի բացառվում, որ ինչ-որ պահի ԱԺ-ն ցրելու այդ նախադրյալներից որևէ մեկը ստեղծվի: Դա հնարավոր է երեք դեպքում`
ա. եթե խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ աշխատանքները բոյկոտելու քաղաքական որոշում կայացնի և մեկ նստաշրջանի ընթացքում երեք ամիս շարունակ հրաժարվի քվորում ապահովելուց կամ կառավարության կողմից հրատապ համարվող օրինագծերն ընդունելուց,
բ. եթե քաղաքական մեծամասնության պատգամավորները ինքնակամ վայր դնեն մանդատները, իսկ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր հաջորդ թեկնածուները ինքնաբացարկ հայտնեն:
Այս երկու դեպքում էլ լուծումը խիստ արհեստական է լինելու: Ստացվում է, որ, հանուն այս պահի քաղաքական անհրաժեշտության, խմբակային կամ կուսակցական շահի, բովանդակազրկվում և արժեզրկվում է Սահմանադրությունը: Դա չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծում` հետագայում ցանկացած հարցում նման արհեստական եղանակով ներքին հարցեր լուծելու համար:
Եվ գ` երբ իշխանական թևից առնետավազք է սկսվում դեպի ԲՀԿ, որի արդյունքում ԲՀԿ-ն և նրա արբանյակ ուժերը ձեռք են բերում որակյալ մեծամասնություն: Այսպիսի խորհրդարանը բոլոր հնարավորություններն ունենում է` չհաստատելու կառավարության ծրագիրը, ամիսներով չքննարկելու գործադիրի կողմից հրատապ համարվող օրինագծերը: Դա նախագահին ինքնըստինքյան կանգնեցնում է ընտրության առջև` կա'մ հանդուրժել նման խորհրդարանը և իշխանությունը փաստացի հանձնել քաղաքական նոր մեծամասնությանը, կա'մ օգտվել ԱԺ-ն ցրելու սահմանադրական իրավունքից, այսինքն` անել այն, ինչին ուզում է հասնել եռյակը:
Բայց սա մի սցենար է, որի դեպքում կոնկրետ ԱԺ-ն ցրելու պահանջ ներկայացնելը դառնում է բացարձակապես անիմաստ, նույնիսկ` անտրամաբանական: Նախ` որովհետև ԱԺ մեծամասնություն ձեռք բերելն արդեն հաղթանակ է, երկրորդ` որովհետև նման վիճակը ոչ թե պահանջում կամ ակնկալում են նախագահից, այլ նրան կանգնեցում են նման փաստի առջև: Մինչդեռ երբ անգամ լեզվի ծայրով խոսք է գնում նախագահին ԱԺ-ն ցրելու առաջարկ անելու մասին, ապա դա արդեն ոչ թե քաղաքական պրոցեսի հասունացման, այլ կուլիսային պայմանավորվածությունների, Սահմանադրությունը ձևականացնելու գնով արհեստական լուծումների գնալու գործարք է դառնում: Էլ չենք խոսում այն մասին, որ առնետավազքն ինքնին որակական իշխանափոխության հետ առհասարակ որևէ աղերս չունի:
Գևորգ Աղաբաբյան