կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-01 11:35
Առանց Կատեգորիա

Թուրքական գամբի՞տ, թե՞ «սպիտակ ագռավ». Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի ընտրությունը

Թուրքական գամբի՞տ, թե՞ «սպիտակ ագռավ». Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի ընտրությունը

«Հայկական աշխարհը շատ բազմազան է, ինչը թեթևացնում է Թուրքիայի խնդիրը, բայց միաժամանակ մեծացնում նրա պատասխանատվությունը: Թուրքիայի խնդիրը հեշտանում է, քանի որ չի բախվելու ընդհանուր, միասնական պահանջների: Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա Թուրքիան, իհարկե, կարող է նաև ցանկության դեպքում ոչինչ չանել, բայց դա ուշադրության առարկա կդառնա, քանի որ կվկայի այն մասին, որ Թուրքիան կասկածներ ունի` սեփական պատմության հետ կապված»,- թուրքական «Աքշամ» պարբերականին տված հարցազրույցում ասել է պոլսահայ հրապարակախոս, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Էթիեն Մահչուպյանը, ով օրերս նշանակվեց Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական: Սա նրա առաջին հրապարակային խոսքն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո` կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից Անկարայի սպասելիքների հետ:

 

Մահչուպյանն, իհարկե, նորություն չի ասում հայկական աշխարհի բազմազանության և ներկա պահին միասնական պահանջներ առաջադրել չկարողանալու մասին: Ողջ հարցն այն է, թե ինչո՞ւ է նա անհրաժեշտ համարում նոր կարգավիճակում առաջին շեշտադրումները հենց նման տոնայնությամբ կատարել` օգնելու համար Դավութօղլուին և թուրքական կառավարությանը` օգտվել այդ հնարավորությունից, թե՞ օգնելու հայկական շրջանակներին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, ի վերջո, ամբողջականացնել և կոնկրետացնել Թուրքիային ներկայացվելիք պահանջները: Հարցի պատասխանը, թերևս, կտան նրա հետագա գործունեությունը և այն հանգամանքի բացահայտումը, թե ինչո՞ւ ներկայիս վարչապետը` նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որոշեց հենց նրան նշանակել իր գլխավոր խորհրդական, ինչը եզակի բան է թուրքական պետական կառավարման համար:

 

Ըստ «Ռեգնում» գործակալության` նախօրեին »Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը Մահչուպյանն ասել է, թե այդ պաշտոնում ինքը հայկական համայնքը ներկայացնելու խնդիր չունի: Իշխանություններին մոտ գտնվող թուրքական «Սաբահ» պարբերականի` ավելի վաղ արած մեկնաբանությունների համաձայն` Դավութօղլուն այդ նշանակումը կատարել է` ելնելով նրանից, որ բարձր է գնահատել Մահչուպյանի դերը Թուրքիայի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, պետական ու հանրային թեմաներում կառուցողականություն դրսևորելու գործում: Սակայն շատ հարաբերական է, թե ինչ է ներկայիս թուրքական կառավարությունը հասկանում` Թուրքիայում «ժողովրդավարացում», «քաղաքացիական հասարակության ձևավորում», «կառուցողականություն» ասելով: Մեկին դրա համար իշխանությունները շինծու մեղադրում են թուրքական ինքնությունը վիրավորելու մեջ, հետո նա փողոցում գնդակահարվում է, մյուսին, ինչպես այս դեպքում, նշանակում են վարչապետի գլխավոր խորհրդական: Հրանտ Դինքի և Էթիեն Մահչուպյանի տարբերությունն այն է, որ Դինքն ընտրել էր պայքարի ավելի կոշտ մեթոդները` փորձելով իր այդ արժեքներն արմատավորելու համար օբյեկտ դարձնել թուրքական հասարակությունը: Իսկ Մահչուպյանը, փաստորեն, նախընտրել է օբյեկտ դարձնել թուրքական իշխանության հետ հարաբերությունների պահպանումը: Հենց դա է պատճառը, որ Դինքին հալածում էին բոլոր հնարավոր միջոցներով, իսկ Մահչուպյանին հայկական խնդիրների հետ կապված որոշումներ կայացնելիս կանչում խորհրդակցությունների:

 

Ակնհայտ է, սակայն, որ Մահչուպյանն այդ պաշտոնին հենց այնպես չի նշանակվել: Թուրքիայի ժողովրդավարացմանը նպաստ բերած լինելու մասին հիմնավորումներն այս դեպքում զուտ ծխածածկույթի դեր են կատարում: Թուրքիայում, որտեղ ընդունված չէ նման բարձր պաշտոններում ազգային փոքրամասնությունների, այն էլ` քրիստոնյայի, այն էլ` հայի նշանակելը, սեփական երկրի ժողովրդավարացման հարցում մտահոգ էթնիկ թուրք մտավորականներ շատ կարելի էր գտնել: Բայց նախընտրությունը տրվել է Մահչուպյանին, և դա տեղ է ունեցել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի փաստացի նախաշեմին: Սա ավելի շատ ժեստ էր, որը լիովին տեղավորվում է այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայությանը հայտնի ուղերձը հղելու խորամանկ քայլի տրամաբանության մեջ: Մահչուպյանը կամրջի դեր է կատարելու` 100-ամյա տարելիցի ազդեցությունը թուլացնելուն ուղղված` թուրքական հետագա կիսաքայլերի, մտադրությունների, որոշումների լրջությունը հայկական շերտերին առավել համոզիչ հասցնելու համար: Նա կատարելու է թուրքական կառավարությանն ուղղված պահանջները չափավորողի, ինչ-որ իմաստով առաջին հարվածն իր վրա վերցնող օղակի դերը: Այսինքն` հայ մտավորականն անելու է այն, ինչը չի ցանկանում պաշտոնապես անել Անկարան` երկխոսության մեջ մտնել հայության հետ: Մահչուպյանը թուրքական կողմից հիմնական «բանակցողի» դերն է կատարելու` լինելով յուրային միաժամանակ բանակցող երկու կողմերի համար էլ:

 

Եվ այս տեսակետից Դավութօղլուն հիանալի շախմատային քայլ է կատարել: Թուրքիայի նախագահը դեռ չի պատասխանել 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու և Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու` Հայաստանի նախագահի հրավերին, որը թվում էր բավականաչափ խելոք մտածված, Թուրքիային պատային դրության մեջ դնելուն ուղղված քայլ է Երևանի կողմից: Այս նշանակումից հետո այլևս չի բացառվում, որ Անկարան այդ արարողություններին կարող է ներկայություն ապահովել, և այդ գործառույթը կարող է վերապահվել հենց Մահչուպյանին: Սա կլինի այն քայլը, օրինակ, որի մասին «Աքշամ»-ին տված հարցազրույցում ակնարկում է հենց Մահչուպյանը: Այս կերպ Թուրքիան և' ներկայացված կլինի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի երևանյան արարողություններին, և' ներկայացված չի լինի` միաժամանակ: Սա, իհարկե, ընդամենը վարկած է, տարբերակ: Բայց որ Մահչուպյանը հայկական հարցի շրջանակում Թուրքիայի համար առանցքային խաղացողի դեր է կատարելու, կարելի է չկասկածել:

 

Բայց որքան դա հնարավորություն է Անկարայի, իրականում նույնքան էլ` հայկական կողմի համար` թուրքական իշխանությունների հետ վստահելի թվացող կոնտակտներ ունենալու, տեսակետները հասու դարձնելու առումով: Կարևորն այն է, որ իր այդ բացառիկ կարգավիճակը գիտակցի անձամբ Մահչուպյանը` դուրս գալով կամ չմտնելով թուրքական կառավարության քաղաքական վերնախավի կարծրատիպերը յուրացնող չինովնիկի կաղապարի մեջ: Դրա գայթակղությունը կարող է մեծ լինել, ինչի օրինակն ունենք: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին տարիներ առաջ ևս որոշել էր իր խորհրդական նշանակել ազգությամբ հայի` «Վրաստան» հայկական պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդյանին: Բայց վերջինս միջնորդի, հայկական շահերը վրացական կառավարությունում պաշտպանելու փոխարեն ավելի շատ վիրահայության հիմնահարցերը չեզոքացնողի, տորպեդահարողի դերն էր կատարում` ունենալով զրո ազդեցություն:

 

Գևորգ Դարբինյան