կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-27 19:00
Առանց Կատեգորիա

Տերպետրոսյանական ռեալիզմի տխուր հետևանքները

Տերպետրոսյանական ռեալիզմի տխուր հետևանքները

Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում վերահաստատեց, որ քաղաքականության մեջ իր համար գոյություն ունի ընդամենը մեկ ընկալում` քաղաքական ռեալիզմ, որի հետ կապված իր համոզմունքներն անփոփոխ են, իսկ դրան դավաճանելը «հավասարազոր է քաղաքական կուրության կամ արկածախնդրության»:

 

Հիշեցնենք, որ քաղաքական ռեալիզմի առանձնահատկությունը կամ հիմնական բնութագրիչն այն է, որ ամեն ինչ դիտարկում է շահերի տեսանկյունից, այդ թվում` նաև արժեքները, բարոյականությունը և այլն: Քաղաքական ռեալիզմի դասական օրինակ է «չկան հավերժ թշնամիներ կամ բարեկամներ, կան հավերժական շահեր» բանաձևը, որը, ըստ էության» Տեր-Պետրոսյանը դարձրել է իր գործողությունների հիմնական լեյտմոտիվը: Եվ քանի որ դա նրա մոտ, պարզվում է, եղել է կայուն համոզմունք, պետք է եզրակացնել, որ հենց այդ ռեալիզմով էլ նա առաջնորդվում էր թե' ղարաբաղյան շարժումը կազմակերպելիս, թե', որպես հանրապետության նախագահ, պաշտոնավարելիս, թե' 2007-08թթ. մեծ քաղաքականություն վերադառնալիս և թե' հիմա:

 

Այդ քաղաքականության արդյունավետությունը ցանկացած դեպքում չափվում է վերջնական արդյունքով: Եվ հիմա թերևս հարկ կա հասկանալու, թե նրա քաղաքական ռեալիզմի կայուն համոզմունքը ինչպիսի դրսևորումներ է ունեցել ու հատկապես ինչ արդյունքներ տվել: 1988թ. համաժողովրդական շարժումը հանգեցրեց նրան, որ Տեր-Պետրոսյանը դրա հենքի վրա ստեղծեց Հայոց համազգային շարժումը, որի արդյունքում շարժման իրական գաղափարակիրները կամ նրանց մեծ մասը պարզապես մեկուսացավ: Պարզվեց, որ այդ շարժումը նրա համար էր, որ կոմունիզմի փլատակների վրա ՀՀՇ-ն գա իշխանության, ընդ որում՝ այնպիսի ծրագրով, որն առնվազն երկու-երեք կետերում ուղղակի հակազգային բնույթ ուներ, որոնք և դրսևորվեցին ՀՀՇ-ի իշխանության տարիներին, հատկապես` արտաքին քաղաքականության ոլորտում: Նրա քաղաքական ռեալիզմը ընդամենը բավարարեց նրան, որ 1988թ. սկսված շարժումը, ապա նաև Ղարաբաղյան ազատամարտի ընթացքում ունեցած հսկայական ձեռբերումները բերեց, ամբողջացրեց իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հայտնի հոդվածում՝ իր ղեկավարած ժողովրդին վախեցնելով, թե նրա իրական թշնամին ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը: Ու դժվար է ասել՝ ինչ նոր հանգրվանի էր բերելու այդ քաղաքական ռեալիզմը, եթե 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանին հրաժարական չպարտադրվեր:

 

2009-11թթ. Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հավաքվող բազմությանը, ինչպես այսօր, հավաստիացնում էր, որ իրենց հիմնական նպատակը` Սերժ Սարգսյանին ու գործող իշխանությանը հրաժարական պարտադրելը, չի փոխվել, որ գիտեն ինչպես հասնել այդ նպատակին: Նույն կերպ, ինչպես այսօր, նա հայցում էր հասարակության կատարյալ վստահությունը իր և ՀԱԿ-ի կայացրած որոշումների նկատմամբ: Տեր-Պետրոսյանի քաղաքական ռեալիզմի արդյունքն այդ ժամանակ եղավ, ինչպես այսօր, ձնագնդի էֆեկտով մեծացող շարժման աստիճանաբար մարումը, հրապարակներից մարդկանց տուն ուղարկելը: Ի դեպ, այդ ժամանակ ԲՀԿ-ն և նրա առաջնորդը, լինելով իշխանության մեջ, ՀԱԿ-ի և Տեր-Պետրոսյանի համար թե' 2008թ. մարտի 1-ի, թե', առհասարակ, Հայաստանում ստեղծված իրավիճակի լիարժեք համապատասխանատուներն էին: Այն ժամանակվա քաղաքական ռեալիզմը հուշում էր Գագիկ Ծառուկյանին հռչակել որպես եթե ոչ թիվ մեկ, ապա գոնե թիվ երկու կամ վատագույն դեպքում երեք օլիգարխը:

 

Այսօր, սակայն, Գագիկ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանի համար բոլորովին այլ նշանակություն ունի: Բայց թե կոնկրետ ինչպիսի, չի բացահայտում: Նա քաղաքական այբուբենի կարևոր տարրերից է համարում «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» բանաձևը: Դա նորմալ է, եթե քաղաքական պրոցեսները կամ կերպարներն անցկացնում ես քաղաքական ռեալիզմի պրիզմայով: Եվ հիմա հետաքրքիր է հասկանալ, ըստ այդ բանաձևի, ո՞վ է Գագիկ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանի համար` նրա բարեկա՞մը, թե՞ թշնամին: Եթե բարեկամը, ապա ենթադրելի է, որ Տեր-Պետրոսյանն առնվազն պետք է ներողություն խնդրեր իր բարեկամից նրան 2008թ. մարտի 1-ի հանցագործության մեջ լիարժեք պատասխանատվություն կրելու մեջ մեղադրելու համար կամ գոնե բացատրեր հանրությանը, թե ինչպես նախկին թշնամին հանկարծ դարձավ իր բարեկամը: Եթե իր բարեկամը չէ, ապա պետք է ընդունել, որ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանի համար կատարում է այն թշնամու դերը, որը նաև իր մյուս թշնամու, այսինքն` իշխանության թշնամին է: Այսինքն` իրականում Ծառուկյանը շարունակում է մնալ թշնամի, իսկ թշնամուն միշտ ձգտում են ոչնչացնել, առնվազն պարտության մատնել, և խնդիրը միայն ժամկետների մեջ է:

 

Ու հիմա հետաքրքրական է, թե ինչպե՞ս է փորձելու դա անել նախկին նախագահը: Գուցե իր հիմնական թշնամու դեմ այս մյուս թշնամուն գործիք դարձնելո՞վ, ապա` նաև նրա՞ն շարժման զոհասեղանին դնելով: Բայց սա երևի ոչ թե նրա մտածելու բանն է, այլ, թերևս, ԲՀԿ-ի ու Ծառուկյանի, որոնք Տեր-Պետրոսյանին վերապահել են շարժման գափարախոսի, ստրատեգի դերը: Մյուս կողմից` սակայն, հարց է առաջանում, թե ինչից է վերցրել Տեր-Պետրոսյանը, որ ԲՀԿ-ն իշխանության թշնամին է: Նախ` ԲՀԿ-ն այս իշխանության ծնունդը հանդիսացող կուսակցություն է, իսկ Ծառուկյանը՝ այս իշխանության շրջանակում «մեծացած» մեծահարուստ: Երկրորդ՝ ԲՀԿ-ն հրաժարականի հարց չի դրել, այլ առայժմ խոսել է ընդամենը դրա հնարավորության մասին` որպես սպառնալիք: Այսինքն` ամեն ինչ թողել է իշխանության հետ բանակցություններին, որոնք կարող են նաև այնպիսի արդյունքների հանգեցնել, որոնք բացարձակապես չեն մտնում տերպետրոսյանական հաշվարկների մեջ:

 

Ոչ ոք, իհարկե, չի բացառում, որ Ծառուկյանը կարող է իշխանության գալու ձգտում ունենալ: Ի վերջո, ցանկացած կուսակցության խնդիրը հենց դա է: Բայց դա ոչ թե բովանդակային, համակարգային իշխանափոխության ձգտում է, այլ ընդամենը գործող իշխանության ղեկավարման էստաֆետը վերցնելու: Եթե այդքանը Տեր-Պետրոսյանը չի հասկանում, ուրեմն ոչինչ չի հասկանում նաև քաղաքական ռեալիզմից ու արդեն սկսել է տառապել, ինչպես ինքն է ասում, քաղաքական կուրությամբ: Իսկ եթե հասկանում է, բայց, այնուամենայնիվ, գնում է այդ ճանապարհով, ուրեմն առնվազն ազնիվ չէ հասարակության հետ, երբ խոսում է այս շարժման միջոցով իշխանափոխության հասնելու մասին: Թեև ազնվությունն` ուր, real politk-ը՝ ուր: Այս համատեքստում, հետևաբար, նույնքան ճշմարիտ է դառնում նաև «իմ բարեկամի բարեկամը նաև իմ բարեկամն է» բանաձևը:

 

Գևորգ Աղաբաբյան