կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-23 14:01
Տարածաշրջան

Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող գորգի ցուցադրումով ԱՄՆ-ը մեսիջ է հղում Թուրքիային

Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող գորգի ցուցադրումով ԱՄՆ-ը մեսիջ է հղում Թուրքիային

Արդեն հայտնել ենք, որ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող «Որբերի գորգը» (հայտնի է նաև Ղազիրի գորգ անունով) կցուցադրվի Սպիտակ տանը:

 

«Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մոտ աղբյուրները հայտարարեցին Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող գորգը Սպիտակ տանը ցուցադրելու մասին, այն էլ` 2015 թվականի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ակամայից առաջ եկավ այն միտքը, թե Օբաման Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում քայլ է անում: Այդ որոշումը նաև ընկալվեց որպես ԱՄՆ ղեկավարության մեսիջ՝ Թուրքիային, որի հետ անհամաձայնություններ ունի: Այնուհետև նման իրավիճակի պարզաբանման համար հայտարությամբ հանդես եկավ Սպիտակ տան անվտանգության խորհրդի խոսնակ Մարկ Սթրոհը՝ հայտարարելով, որ Ղազիրի գորգի ցուցադրումը Սպիտակ տանը բացարձակապես չունի մեսիջ ուղարկելու իմաստ»,- գրում է «Ակօս»-ը:

 

«Ակօս»-ը զրուցել է Ղազիրի որբանոցի և գորգերի մասին ֆիլմերով հայտնի Մորիս Միսակ Քելեչյանի և Հայ մշակույթի հիմնադրամի տնօրեն Արա Ղազարյանի հետ:

 

Քելեչյանը հայտնել է, որ Սպիտակ տանը, Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող գորգից բացի, ցուցադրվելու են նաև այլ իրեր, որոնցից է Ֆրանսիայի Սևր քաղաքից ուղարկված ծաղկամանը, որի ցուցադրումը Քելեչյանը մեկնաբանել է որպես «տարօրինակ զուգադիպություն»` Սևրի պայմանագրի պայմանագրի հիշեցում:

 

Ղազարյանը ևս համաձայն է այն մտքին, որ գորգի ցուցադրումը Թուրքիային ուղղված մեսիջ է, քանի որ նախորդ տարիներին Սպիտակ տունը հրաժարվել է այն ցուցադրել:

 

Ըստ Քելեչյանի՝ եթե Բարաք Օբաման «Ցեղասպանություն» բառն արտասանի, առաջինը չի լինի, քանի որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն արդեն  բացահայտորեն արտասանել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:

 

Նշելով, որ 1951 թվականից ԱՄՆ Կոնգրեսում այս հարցի ուղղությամբ բազում որոշումներ են ընդունվել, Քելեչյանն ասել է, որ 1951 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունն ընդունել է պաշտոնական փաստաթղթերում «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը գրելու որոշում: Նա համոզված է, որ գորգի ցուցադրումը չպետք է սահմանափակվի ընդամենը 5 օրով, այն պետք է ցուցադրել երկրի բոլոր շրջանների հեղինակավոր թանգարաններում:

 

Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող գորգը Սպիտակ տանը կցուցադրվի նոյեմբերի 18-23-ը: