կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 14:44
Առանց Կատեգորիա

Իշխանափոխություն` բազմաթիվ անհայտներով

Իշխանափոխություն` բազմաթիվ անհայտներով

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց համաժողովրդական նոր շարժման մեկնարկի մասին, որը պետք է առաջնորդեն չորս քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը եւ Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն:

 

Բայց թե այս չորս ուժերն ինչպե՞ս պետք է իրականացնեն այդ առաջնորդությունը, այդպես էլ պարզ չդարձավ: Բանն այն է, որ հանրահավաքն ավելի շատ նմանվեց ճահճում հայտնված սայլը խեցգետնի, կարապի և գայլաձկան կողմից տարբեր ուղղություններով քաշքշելուն, որը մատնեց գոնե այս փուլում պրոցեսները զարգացնելու հարցում ընդհանուր պատկերացումների բացարձակ բացակայությունը, բոլորովին տարբեր շահեր հետապնդելու իրողությունը և գործողությունների տարերայնությունը: Հանրահավաքում միակ` քիչ թե շատ ծրագրային ելույթը, ինչպես և կարելի էր ակնկալել, Տեր-Պետրոսյանինն էր, որը, սակայն, կառուցված էր բացառապես իր և ՀԱԿ-ի ցանկությունների, մշակած մարտավարության վրա: Իսկ նրանց ցանկություններն անփոփոխ են:

 

Նախ` ստանձնել ընդդիմության ստվերային առաջնորդողի և, այսպես կոչված, գաղափարական գեներատորի կարգավիճակը: Այսինքն` արտաքուստ ցույց տալ, թե կենտրոնը կամ շարժիչ ուժը ԲՀԿ-ն է և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը` ունեցած մարդկային, ֆինանսական ռեսուսներով, որոնք, սակայն, ներքուստ գործում են հենց Տեր-Պետրոսյանի նախանշումներով, գծած սցենարով: Այլ կերպ ասած` Տեր-Պետրոսյանը փորձում է ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին դարձնել այնպիսի յուրօրինակ մարիոնետներ, որոնք չեն գիտակցում իրենց այդպիսին լինելը:

 

Երկրորդ` պրոցեսները զարգացնել համաժողովրդական շարժման տրամաբանությամբ` փաստացի կրկնելով 2011թ.` իր իսկ նախաձեռնած և անփառունակ վախճան ունեցած գործընթացը: Իշխանություններից հասարակական ընդհանուր, գրեթե նախապայթյունային վիճակի հասած դժգոհությունը, որը և ապահովել էր հանրահավաքի մարդաշատությունը, իհարկե, ստեղծում է համաժողովրդական շարժումը վերակենդանացնելու բավարար նախադրյալ: Սակայն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, դասեր չի քաղել ժամանակին իր իսկ գործած սխալներից, քանի որ հերթականությամբ կրկնում է դրանք: Մասնավորապես`  շարժմանը արհեստականորեն մասշտաբներ հաղորդելու համար ապավինում է իրենց կատարելապես սպառած, լուսանցքային ուժերի, որոնց օգտակար գործողության գործակիցը հավասար է զրոյի: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ՀԺԿ-ին, որը Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ-ը կուսակցության վերածելուց հետո անցել էր ընդհատակ: Եվ ահա, ըստ էության, առանց հաշվի առնելու գործընկեր կուսակցությունների կարծիքը, փաստորեն` նրանց հաշվին, Տեր-Պետրոսյանը ոչնչից ուղղակի ռեաբիլիտացնում է մի կուսակցություն, որը փաստացի ոչինչ չէր արել այդ շարժման համար: Այս իմաստով մյուս լուսանցքային ուժերը կարող են արդեն հերթ կանգնել` Տեր-Պետրոսյանից դեպի շարժման ղեկավարում մուտքի արտոնագիր ստանալու համար: Սա ցույց է տալիս, թե ինչպիսին է ընդհանրապես նրա վերաբերմունքը հենց գործընկեր ուժերի հեղինակության և ինքնուրույնության նկատմամբ:

 

Պատահական չէր, որ նույնիսկ այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, թերևս խախտելով պայմանավորվածությունը, հանրահավաքում իր ելույթի ժամանակ խոսեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը ստորագրելու անընդունելիության մասին և դրանում մեղադրեց նախագահ Սերժ Սարգսյանին, Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ին միանալուն դեմ արտահայտվելը որակեց «ջղաձգումներ», իսկ արտահայտվողներին` «մարդկանց մտքերը պղտորողներ», որոնք չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել: Փաստորեն, ստացվեց, որ հենց եռյակի կամ քառյակի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը ջղաձգումներ էր կատարում, մարդկանց մտքերը պղտորում, և որ նա քաղաքական օրակարգ թելադրելու կարողություն չունի:

 

Այս վերաբերմունքը պարզորոշ ցույց է տալիս, որ ՀԱԿ առաջնորդի համար միակ և գլխավոր արժեքը ԲՀԿ-ն է, իսկ ավելի հստակ՝ Ծառուկյանը, և որ մյուսների կարծիքը, դերակատարումը նրա համար ընդամենը ֆոնային նշանակություն ունեն: Այս ռեսուրսով, ներքին արժեհամակարգով է ԲՀԿ-ՀԱԿ տանդեմը փորձելու կառավարել համաժողովրդական շարժումը և կառուցել հարաբերությունները բոլոր պոտենցիալ գործընկերների հետ:

 

Տեր-Պետրոսյանի` դեժավյուի զգացողություն հարուցող մյուս որոշումը վերաբերում է իշխանության հետ հարաբերման և շարժումը զարգացնելու մեխանիզմների ընտրությանը: Իր ելույթի վերջում ՀԱԿ առաջնորդն այս կապակցությամբ նշում է, թե իշխանափոխության իրականացման փաթեթային թե փուլային տարբերակների կամ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմների մասին կխոսի հաջորդ հանրահավաքում: Սակայն միաժամանակ հավելում է, թե, վարչախմբից այլևս սպասելիքներ չունենալով, նրանց այլևս փոխզիջումային առաջարկներ և վերջնագրեր չեն ներկայացնելու, ուստի` «երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե` ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»:

 

Սա կա'մ քաղաքական գլուխկոտրուկ է, կա'մ սոփեստություն. մի կողմից` հայտարարում է, թե իշխանություններից սպասելիք չունեն, իսկ մյուս կողմից` հավելում, որ իշխանություններն իրենք կարող են նման առաջարկություններ անել: Ընդ որում` եթե 2011թ. գոնե հայտարարում էր, թե իշխանությունների հետ կարող են խոսել միայն սահուն իշխանափոխության ձևերի ու ընթացկարգի մասին, ապա հիմա նույնիսկ դա չի ասում: Մինչդեռ ուղղակի անտրամաբանական է դառնում, թե գոնե նման շեշտադրում չանելու պարագայում Տեր-Պետրոսյանն ինչպե՞ս է պատկերացնում իշխանափոխությունը:

 

Որքան էլ անտրամաբանական, սակայն Տեր-Պետրոսյանի նման մանևրները, միանգաման հասկանալի են: Եվ դա ոչ թե մտքի ճկունության արտահայտություններ են, այլ պարզապես շփոթվածության, ինչ-որ իմաստով նաև հուսահատության: Իսկ պատճառն այն է, որ որքան նա չգիտի` ինչ սպասել իշխանություններից, նույնքան էլ` Գագիկ Ծառուկյանից: Որքան էլ Տեր-Պետրոսյանը փորձում է նրանցից մարիոնետ սարքել, դեռ վերջնականապես այդ հարցը չի լուծել: Ծառուկյանը հանրահավաքում ելույթ չունեցավ` ինչպես միշտ նշելով, թե իր խոսքը կասի «հաջորդ դասին»: Չի բացառվում, իհարկե, որ սա արվեց տակտիկական նկատառումներով` այսպես ասած` ինտրիգը և հաջորդ հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը պահելու նկատառումով: Սակայն ուղղակի նոնսենս է, որ մարդը, ով հանրահավաքից ընդամենը ժամեր առաջ հայտարարում է նախագահի թեկնածու դառնալու հավանականության մասին, իր իսկ հրավիրած հանրահավաքում ասելիք չունի` թեկուզ որոշակի գնահատականներ հնչեցնելու առումով: Նման քաղաքական դեմքից ոչինչ սպասել հնարավոր չէ կամ էլ հնարավոր է սպասել ամեն ինչ: Եվ հենց այս անորոշությունն է, որ թույլ չի տալիս Տեր-Պետրոսյանին կատարել վերջնական եզրակացություններ, կայացնել վերջնական որոշումներ: Որովհետև կարող է հանկարծ պարզվել, որ թեեւ ինքը շուտափույթ համապետական ընտրություններ անցկացնելու կողմնակից է, սակայն Ծառուկյանը գործում է հանուն հերթական` 2017-18թթ. ընտրությունների: Մյուս կողմից` կա նաև Ծառուկյանի` իբրև պոտենցիալ նախագահացուի նկատմամբ Ռուսաստանի հնարավոր արձագանքին սպասելու հարցը (ի դեպ, ամենեւին պատահական չէր, որ Ծառուկյանն փոքր-ինչ ուշ ներկայացավ հանրահավաքին, միայն այն ժամանակ, երբ արդեն հստակ տեղեկատվություն տարածվեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման մասով): Երբ հայտարարվում է ԵՏՄ-ին միանալու անշրջելիության մասին, ինչը փաստացի նշանակում է լեգիտիմացնել այդ` դեռևս չգործող կառույցին Հայաստանի միանալու` իշխանության որոշումը, հնարավոր չէ այլևս անտեսել Մոսկվայի կարծիքը, ինչը շրջանցել «հրաշալի քառյակը» ուղղակի չի կարող: Եվ չի բացառվում, որ ինչ-որ պահի Տեր-Պետրոսյանը, հրաշալի քառյակի մյուս անդամները հանկարծ պարզեն, որ խաղադրույք են կատարում արդեն «մարված» խաղաքարտի վրա: Հենց այս անորոշություններով էր պայմանավորված հիմնական ասելիքը «հաջորդ դասին» թողնելու որոշումը, այն էլ` առանց հստակեցնելու դրա ժամկետներն ու ձևաչափը:

 

Բայց գլխավորն այն է, որ հասարակությունը կրկին ցրվեց տներով: Դա, թերևս, ավելի նախընտրելի է, երբ չգիտես` ինչ անել մուրճի նման շարունակ գլխիդ զարկող «հիմա, հիմա» պահանջների հետ:

 

Գևորգ Դարբինյան