կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-02 15:17
Տնտեսական

Կոնյակն ու գինին զիջում են դիրքերը` օղու սիրահարների թիվը մեծացել է

Կոնյակն ու գինին զիջում են դիրքերը` օղու սիրահարների թիվը մեծացել է

Հայկական գինին ու կոնյակը Հայաստանում սկսել են ավելի քիչ արտադրվել, իսկ պատճառները կարող են մի քանիսը լինել: Արտադրության գրեթե երկնիշ կրճատումը պետք է ոլորտի գործարարներին մտահոգվելու առիթ տա: 

 

2014 թվականի առաջին 8 ամիսներին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, գինու արտադրությունը կրճատվել է մոտավորապես 9 տոկոսով, իսկ ահա կոնյակի գործերը Հայաստանում ավելի վատ են, նույն ժամանակաշրջանում կրճատումը 15 տոկոս է կազմել:

 

Ազգային վիճակագրական ծառայության և ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները ուսումնասիրելիս հանդիպում ենք շատ հետաքրքիր թվերի: Պարզվում է` խնդիրը ոչ թե դրսի հետ է կապված, այլ ներսի: Թեև գինի և կոնյակ արտադրողները սկսել են ավելի քիչ արտադրել, բայց դա չի ազդել տվյալ ապրանքների արտահանման վրա: Օրինակ՝ գինու արտադրման ծավալը նվազել է 9 տոկոսով, փոխարենը արտահանման ծավալն ավելացել է ավելի քան 20 տոկոսով: Կարելի է ասել` արտասահմանցիների խելքը շարունակում է գնալ հայկական գինու և կոնյակի համար:

 

Արտադրության ծավալի կրճատման հիմնական պատճառը կարող է կապված լինել զուտ տեղական շուկայում սպառման ծավալների նվազման հետ: Սպառման ծավալի նվազումն էլ, իր հերթին, կապված է կա'մ խմող զանգվածի` Հայաստանը լքելու հետ, կա'մ նախասիրության փոփոխության հետ: Նախասիրության փոփոխության մեր քաղաքսցիները կարող են գնալ ֆինանսսկան սուղ միջոցների պատճառով:

 

Այսօր շուկայում գինու 0.7 լիտրանոց մեկ շշի միջին գինը տատանվում է 1500 դրամի, իսկ 0.5 լիտրանոց կոնյակինը` 2500 դրամի սահմաններում: Գինին ու կոնյակը Հայաստանում զիջում են դիրքերը, փոխարենը գնալով մեծանում է օղու սիրահարների թիվը: Օղու արտադրությունն այս տարվա առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է մոտավորապես 8 տոկոսով, սա էլ վերը նշված նախասիրության փոփոխության հետևանք կարող է լինել: