Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շատ հաճախ հպարտանում ենք ոչ թե ներկայի, այլ անցյալի ձեռքբերումներով, որոնք, սակայն, կարող ենք կորցնել:
Խոսքն այս դեպքում ադամանդագործության մասին է: Մեր երկիրը խորհրդային տարիներին ադամանդի վերամշակման կենտրոններից էր, ոլորտում զբաղվածների թիվը հասել էր 3000-ի, իսկ հայ վարպետների համբավը թնդում էր ամբողջ աշխարհում: Իսկ վերջին 15 տարիներին Հայաստանում ադամանդագործության գրանցած ցուցանիշները հակասական են:
Ռուսաստանը Հայաստան ներկրվող ադամանդի գերակշիռ մասի սեփականատերն է, Հայաստանում վերամշակված ադամանդը վերադառնում Ռուսաստան, նաև ուղարկվում Իսրայել և Բելգիա:
2002 թվականը համարվում է հայկական ադամանդագործության ամենահաջող շրջանը, քանի որ այդ տարիներին Հայաստանում մշակվել է 370 հազար կարատ ադամանդ, իսկ գործունեություն ծավալող ընկերությունների թիվը հասնում էր 20-ի:
Սա ոչ վաղ անցյալում էր, իսկ հիմա պատկերն ավելի քան տխուր է` նախկին 370.000-ի փոխարեն մենք մշակում են տարեկան միջինը 60 հազար կարատ ադամանդ, այսինքն` 6 անգամ քիչ: Գործող ընկերությունների թիվը ընդամենը 9-ն է, աշխատողների թիվը, նախկին 3000-ի փոխարեն, հազիվ հատում է 400-ի սահմանը:
Նման անկման, իհարկե, նպաստեցին մի քանի գործոններ: Առաջին հերթին` ռուսական կողմը արտոնյալ պայմաններով դադարեց մեզ ադամանդ տրամադրել, 2007-ին ռուսներն ընդհանրապես հրաժարվեցին աշխատել «հումք վերամշակման համար» սկզբունքով: Իհարկե, չպետք է մոռանալ համաշխարհային ճգնաժամի մասին, ինչի հետևանքով շքեղ ադամանդները կորցրեցին իրենց նախկին պահանջարկը, եւ Հայաստանում գործող` ադամանդ վերամշակող ընկերությունները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին փակվել:
Հայաստանն այս ոլորտի ներդրողներին գրավում էր առաջին հերթին իր վարպետների հեղինակությամբ և, իհարկե, վերամշակման արժեքի մատչելիությամբ: Հայաստանը համարվում է ամենաէժան գներով ադամանդ մշակող երկիրներից մեկը՝ Հնդկաստանից և Չինաստանից հետո: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Հնդկաստանում մեկ կարատ ադամանդը մշակվում է մոտավորապես 10 դոլարով, իսկ Հայաստանում` 30 դոլարով, այնինչ ԱՄՆ-ում մեկ կարատի մշակման համար պահանջվում է միջինը 100 դոլար:
Ադամանդի վերամշակման ծավալները 2008-ի ճգնաժամից հետո դանդաղ քայլերով սկսում են ավելանալ՝ իհարկե, հեռու լինելով 2002-ի գրանցած ցուցանիշից: Եթե 2008-ին մեր երկրում վերամշակվում էր տարեկան 50.000 կարատ ադամանդ, ապա հիմա այդ ծավալն ավելացել է մոտավորապես 20.000-ով:
Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը կարող է վանել այստեղից ադամանդ արտահանող երկրներին՝ Իսրայելին և Բելգիային: Պատճառը պարզ է՝ թվարկված երկրները 2015-ից հետո Հայաստանի համար դառնում են 3-րդ երկիր, ինչը նշանակում է, որ այսուհետ Հայաստան ներմուծված և Հայաստանից արտահանված ադամանդի վրա կիրառվելու են նոր մաքսատուրքեր, ինչը կբարձրացնի վերամշակված ադամանդի ինքնարժեքը: Փաստորեն, Հայաստանը հնարավոր է դուրս գա մրցակցությունից և այլևս չհամարվի Չինաստանի ու Հնդկաստանի նման ադամանդ էժան մշակող երկիր:
2001-ից սկսած` Հայաստան ներմուծված ադամանդն ազատված էր մաքսատուրքից, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից: Հայաստան ներմուծված ադամանդը հարկվելու է ԵՏՄ դրույքաչափերով: Ադամանդի դեպքում ներմուծման համար նախատեսված մաքսատուրքը կազմում է 15 տոկոս, և նախնական գնահատականով` ադամանդի գինը կբարձրանա մոտավորապես 18 տոկոսով: Մյուս կողմից`բարենպաստ պայմաններ են ստեղծվում արդեն Ռուսաստանից ներկրվող ադամանդների մշակման համար: Նախքան ԵՏՄ-ին անդամակցելը Ռուսաստանն արդեն իսկ հրաժարվել էր Հայաստան եկող ադամանդի համար սահմանված 6.5 տոկոս արտահանման մաքսատուրքից, որը, իհարկե, վերադարձվում էր ռուսական կողմին ադամանդի վերավաճառքից հետո:
Ռուսաստանը, երբ Հայաստանի համար վերացրեց 6.5 տոկոս արտահանման մաքսատուրքը, ոլորտի մասնագետները միանգամից պլաններ մշակեցին՝ ավելացնելու համար վերամշակվող ադամանդի ծավալները, ոչ ավելի, ոչ պակաս, 300 տոկոսով: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է կորցնել եվրոպական շուկան մաքսատուրքերի պատճառով և ընդլայնել ռուսական ադամանդի մշակման ծավալը: Իսկ ահա կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի ադամանդի ծավալը ենթադրվում է, որ կավելանա: Տրամաբանությունը խոսում է այն մասին, որ եվրոպացի գնորդների համար աստիճանաբար դժվարանում է Ռուսաստանի հետ առևտրային կապեր հաստատելը՝ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Սրա հետևանքը կարող է լինել այն, որ ռուսներն իրենց ադամանդը կարող են վաճառել Հայաստանի միջոցով, այսինքն` ավելի շատ ռուսական ադամանդ կմշակվի Հայաստանում և ավելի շատ կվաճառվի եվրոպացիներին: Սակայն, կարծես, ռուսները ադամանդի հարցում դեռ չեն շտապում, քանի որ հույս ունեն, թե պատժամիջոցները ադամանդի առևտրին դեռ չեն հասնի:
Իսկ քանի դեռ բոլոր նշված հանգամանքները՝ մաքսատուրքերի ավելացում, ռուսական ադամանդի արտոնյալ պայմաններ և ադամանդի համար կիրառվող պատժամիջոցներ, իրականություն չեն դարձել, մշակվող ադամանդի ծավալը Հայաստանում շարունակում է նվազել: 2014-ի առաջին 9 ամիսներին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մշակված ադամանդի ծավալները կրճատվել են մոտավորապես 35 տոկոսով:
Ադամանդի ծավալների նվազման հետ մեկտեղ նվազում է նաև ոլորտի մասնագետների թիվը, որոնք արտագաղթել են այլ երկրներ: Քանի դեռ ադամանդագործության ոլորտի վիճակը օդից կախված է, ենթադրվում է նաև, որ կառավարության հերթական հեռանկարային ծրագիրը, համաձայն որի` Հայաստանը պետք 2020-ին դառնա ադամանդագործության կենտրոն, մոտ է տապալվելուն:
Գևորգ Խաչատրյան