Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվեցին ոլորտի Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության արդյունքները: Անդրադարձ եղավ հղիության, ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստի վերաբերյալ 2013 թվականի տվյալներին: ՎՊ-ն արձանագրեց, որ եղել են դեպքեր, երբ, որպես հղիության և ծննդաբերության նպաստ, մասնավոր ընկերություններն իրենց աշխատակիցներին վճարել են 20 միլիոն դրամ: Օրինակ` մասնավոր կազմակերպություններից մեկում ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցուհուն վճարվել է 30 միլիոն դրամ նպաստ:
Քննարկմանը ներկա էր նաև բարձր նպաստ վճարող ընկերություններից մեկի` «Ղ-Տելեկոմ»-ի ներկայացուցիչ Արմինե Սարգսյանը, ով նշեց, որ 30 միլիոն դրամի նպաստից պետությանը հարկ է վճարվել: «Եթե վերցնեք ՊԵԿ-ի տվյալները, ապա միայն այս տարի 2 միլիարդ 200 միլիոնի եկամտային հարկ է վճարվել: Մենք ոչ մի հավելյալ վճար մեր աշխատակիցներին չենք վճարել, և ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում»,- ասաց Արմինե Սարգսյան:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ չէր ցանկանա, որպեսզի ստեղծվեր սխալ տպավորություն, թե ՎՊ-ն մասնավոր ընկերություններին ցանկանում է մեղադրել կամ ճնշել, պարզապես արձանագրում է, որ կա օրենսդրական լուրջ բաց:
«ՎՊ-ն դեմ չէ, որ մասնավոր հատվածում բարձր աշխատավարձեր և պարգևատրումներ լինեն, բայց ոլորտում կան օրենսդրական լուրջ բացեր: Թյուր տպավորություն կա, որ այս ուսումնասիրության մեջ ՎՊ-ն մեղադրում է մասնավոր հատվածին և իբր դեմ է մասնավորում բարձր աշխատավարձերին կամ պարգևատրումներին: Մենք ընդամենը ցույց ենք տվել, որ կա օրենսդրական բաց, որը պետք է շտկվի: Հղիության և ծննդաբերության նպաստի ցուցակում կտեսնեք, որ ամբողջը մասնավոր հիմնարկներ են, որոնցում, օրինակ, մեկ ամիս, երկու ամիս առաջ են ընդունել աշխատանքի, տվյալ անձը գնացել է ֆիզարձակուրդ, և վճարել են նրա նպաստը»:
Իշխան Զաքարյանի մեկ այլ մտահոգություն կապված էր այն փաստի հետ, որ կազմակերպություններում անաշխատունակության թերթիկների 20 տոկոս աճ է արձանագրվել: Նրա խոսքով` հասկանալի է, որ բոլոր աշխատողները կարող են առողջական խնդիրներ ունենալ, բայց, 2011-2013 թվականի հետ համեմատած, մեծ է տարբերությունը:
Այս դեպքում ևս խնդիրն օրենսդրական բացն է: ՎՊ-ն ուսումնասիրություններ է սկսելու պոլիկլինիկաներում, որովհետև կան կասկածներ, որ որոշ թերթիկներ տալիս են օրենքից դուրս: