կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-31 16:00
Հասարակություն

«Կարմիր խաչ»-ն ափսոսում է Չինարիի բնակչությանն աջակցման ծրագրի կասեցման համար

«Կարմիր խաչ»-ն ափսոսում է Չինարիի բնակչությանն աջակցման ծրագրի կասեցման համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում ափսոսանքով է հայտնում, որ հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել իր նախաձեռնությունը՝ ուղղված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելուն:

 

Համաձայն զինված հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝ բերքահավաքի աշխատանքների կատարման ընթացքում: Նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս:

 

Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը: ԿԽՄԿ-ի քաղաքականությունն է անվտանգության հետ կապված խնդիրները հասցեագրել համապատասխան իշխանություններին՝ գաղտնի երկխոսության միջոցով: Այսպիսով, ԿԽՄԿ-ն հրապարակավ չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաև թե որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները:

 

Իր քաղաքականությամբ ԿԽՄԿ-ն հնարավորություն է ստեղծում երկխոսելու իշխանությունների հետ, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը՝ ի նպաստ զինված հակամարտությունների հետևանքներից տուժող մարդկանց: ԿԽՄԿ-ն պատրաստակամ է աշխատելու հօգուտ միջազգային սահմանագծի մերձակայքում ապրող քաղաքացիական բնակչությանը և կշարունակի իրականացնել սահմանամերձ տարածքներում իր մյուս նախաձեռնությունները»