Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը այսօր պաշտոնական Կիեւին առաջարկել է միջազգային հանրությանը զեկույց ներկայացնել Ուկրաինայի ԶՈՒ ավիացիոն հրթիռների եւ ՀՕՊ հրթիռային համալիրների վերաբերյալ, որպեսզի փորձագետները կարողանան որոշել, թե ի՞նչ համակարգից է խոցվել մայզիական ինքնաթիռը:
«Մենք այսօր կուզենայինք 10 հարց ուղղել Ուկրաինայի զինված ուժերին: Այդ հարցերի պատասխանները հնարավորություն կտային ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ արեւմտյան ու ասիական պետություններին գտնելու գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ է տեղի ունեցել Ուկրաինայի երկնքում, եւ ի՞նչ անել, որպեսզի նման բան այլեւս տեղի չունենա»,- ընդգծել է Անտոնովը Россия-24-ի եթերում:
Ահա այդ 10 հարցը`
1. Ուկրաինայի իշխանությունները ակնթարթորեն որոշել են ողբերգության մեղավորներին: Նրանց կարծիքով, անշուշտ, մեղավորն աշխարհազորայիններն են: Ինչո՞վ են հիմնավորված այդ եզրակացությունները:
2. Կարո՞ղ է, արդյոք, պաշտոնական Կիեւը հայտնել բոլոր մանրամասները ռազմական գործողությունների տարածքում «Բուկ» համակարգի կիրառման վերաբերյալ, եւ ամենակարեւորը` ինչո՞ւ են այդ համակարգերը կիրառվում, եթե աշխարհազորայիններն ինքնաթիռներ չունեն:
3. Որո՞նք են ուկրաինական իշխանությւնների անգործության պատճառները միջազգային հանձնաժողով ստեղծելու հարցում, ե՞րբ կսկսեն գործել: Դրան սպասում է ամբողջ միջազգային հանրությունը:
4. Պատրա՞ստ են, արդյոք, Ուկրաինայի զինված ուժերը միջազգային փորձագետներին ներկայացնել փաստաթղթեր զենիթահրթիռային համակարգերում «երկինք-երկինք» եւ «երկիր-երկինք» դասի հրթիռների հաշվառման վերաբերյալ: Դա շատ կարեւոր հարց է, որը հնարավորություն կտա պարզելու, թե ի՞նչ համակարգեր են կիրառվել մալայզիական ինքնաթիռի դեմ:
5. Միջազգային հանձնաժողովին կներկայացվե՞ն, արդյոք, օբյեկտիվ վերահսկողության միջոցների տվյալները ողբերգության օրը Ուկրաինայի օդուժի ինքնաթիռների տեղաշարժի մասին:
6. Ինչո՞ւ են ուկրաինացի կարգավարները թույլատրել ինքնաթիռի երթուղու շեղում դեպի հյուսիս` այսպես կոչված` հակաահաբեկչական գործողության կողմը, որը պաշտոնական Կիեւը վարում է սեփական երկրի հարավ-արեւելքի բնակչության դեմ:
7. Ինչո՞ւ ամբողջությամբ փակված չի եղել ռազմական գործողությունների գոտու օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար, առավել եւս, որ այդ շրջանում չի եղել նավիգացիայի ռադիոտեղորոշիչ միջոցների ամբողջական դաշտ:
8. Կարո՞ղ է այսօր պաշտոնական Կիեւը մեկնաբանել իբր Ուկրաինայի համար աշխատող իսպանացի կարգավարի` սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե խոցված ինքնաթիռին ուղեկցել են 2 ուկրաինական ռազմական ինքնաթիռներ:
9. Ինչո՞ւ է Ուկրաինայի անվտանգության խորհուրդը սկսել ուկրաինացի կարգավարների եւ ինքնաթիռի անձնակազմի միջեւ խոսակցությունների ձայնագրությունների եւ ուկրաինական ռադարների տվյալների հետ աշխատանքը առանց միջազգային ներկայացուցչների:
10. Ի՞նչ դասեր են քաղվել նախորդ նմանատիպ աղետից` կապված Սեւ ծովի վրա ռուսական Ту -154 ինքնաթիռը խոցելու հետ: Այն ժամանակ Ուկրաինայի իշխանությունները մինչեւ վերջին պահը հերքում էին իրենց զինված ուժերի առնչությունը այդ ողբերգությանը, եւ միայն այն բանից հետո, երբ անհերքելի փաստեր ներկայացվեցին, ողբերգության մեղավորը պարզ դարձավ:
Անտոնովը նաեւ ընդգծել է, որ, ցավոք, մի շարք քաղաքական գործիչներ Արեւմուտքում փորձում են օգտագործել այդ իրավիճակը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմը շարունակելու համար: