Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծումից և դրա երկու անդամների ձերբակալումից հետո նրանց հետ կապված խնդիրը երկու տեսանկյունից ստանում է ավելի շատ քաղաքական, քան զուտ քրեական ենթատեքստ: Դեռևս խմբի անդամներից մեկին`Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ձերբակալելուց հետո Ադրբեջանը դիմեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, որպեսզի այն իր մանդատն օգտագործի` փաստացի նրան որպես պատանդ վերցված ռազմագերի ճանաչելու համար:
Ադրբեջանական կողմը փորձում է դրան հասնել` պնդելով, թե Ջալալօղլուն, ենթադրաբար` նաև նրա մյուս ձերբակալված գործընկերը, հետախույզ-դիվերսանտներ չեն և չեն ծառայում Ադրբեջանի զինված ուժերում: Սա ունի երկու կարևոր նպատակ: Նախ` իրավական հիմքեր ստեղծել` դիվերսանտներին, որպես ռազմագերի, վերադարձնելու համար, որը գործնականում նրանց հետ ստանալու միակ հնարավորությունն է: Երկրորդ` խուսափել Հայաստանի կամ ԼՂՀ-ի նկատմամբ ռազմական բնույթի գործողություններ` տվյալ դեպքում հետախուզական և դիվերսիոն, իրականացնելու, առավել ևս` քաղաքացիական անձանց դեմ քրեական բնույթի հանցագործություն կատարելու մեջ մեղադրանքներից: Դա ոչ միայն դիվերսանտներին ավտոմատ կերպով վերածում է ռազմական քրեական հանցագործների, այլև վարկաբեկում է ողջ ադրբեջանական բանակը և հիմնավորում դրա կողմից հրադադարի ռեժիմի խախտման հիմնական պատասխանատուն լինելու հանգամանքը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, հենց սկզբից սկսեց գործել ադրբեջանական այս վարկածը հիմնազրկելու տրամաբանությամբ: Պատահական չէր, որ խմբի առաջին անդամի ձերբակալությունից և Ադրբեջանի` Կարմիր խաչին դիմելուց անմիջապես հետո ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ձերբակալված ադրբեջանցիները չեն կարող համարվել ռազմագերի, քանի որ չեն համապատասխանում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանված` ռազմագերու կարգավիճակին: «Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել եւ դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որեւիցե տարբերանշան եւ կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- ասվում է ՀՀ ՊՆ պաշտոնական պարզաբանման մեջ: Ելնելով դրանից` դիվերսանտները կենթարկվեն քրեական հետապնդման քրեական օրենսգրքի շրջանակներում` ընդհանուր կարգով:
Սա նշանակում է, որ հայկական կողմը դիվերսանտներին չի դիտարկում որպես հայ ռազմագերիների հետ փոխանակման «օբյեկտներ», թեեւ ադրբեջանական կողմում շարունակում են մնալ մի քանի հայ գերիներ: Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով: Նախ` Ադրբեջանն ինքը մինչ այս հրաժարվում էր ռազմագերիների փոխանակման` թե' հայկական կողմի և թե' Կարմիր խաչի բոլոր առաջարկներից: Բացի դրանից` ընդամենը վերջերս Հայաստանին վերադարձված` գերեվարված հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի մահը և դրա պատճառների բացահայտման նպատակով կատարված դատաբժշկական փորձաքննության ցնցող արդյունքները այն մասին, որ նրան նավթ են ներարկել, ցույց տվեցին, թե ինչպես է վարվում հարևան երկիրն անգամ որևէ վտանգ չներկայացնող, առողջական խնդիրներ ունեցող ծերունու նկատմամբ: Բայց ամենակարևոր պատճառը, իհարկե, այն է, որ, ի տարբերություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները կատարել էին քաղաքացիական անձանց սպանության և սպանության փորձի, ինչպես նաև գողության քրեական հանցագործություններ, և անգամ մեծագույն ցանկություն դեպքում հնարավոր չէ նրանց դիտարկել սովորական ռազմագերու կարգավիճակում: Հայկական կողմի կոշտ և միարժեք դիրքորոշման պատճառը հենց սրանք պետք է համարել:
Պետք է ենթադրել, որ այս գործին հնարավորինս մեծ հասարակական, նույնիսկ` միջազգային հնչողություն է տրվելու թե' քաղաքական և թե' քարոզչական նկատառումներով: Բայց խնդիրը ոչ միայն սա է, այլև այն, թե քրեական գործը, ապա` նաև դատավարությունը հայկական երկու պետություններից որի՞ տարածքում և որի՞ օրենսդրությամբ պետք է վարվի: Դիվերսանտների ներթափանցումը կատարվել է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմանների հատման շրջանում: Խմբի անդամները գործունեություն են ծավալել, ըստ ամենայնի, թե' Լեռնային Ղարաբաղին պատկանող Քարվաճառի շրջանում, թե' Հայաստանի Վարդենիսի տարածաշրջանում: Բայց այն հանգամանքը, որ դիվերսիոն խմբի հայտնաբերման և վնասազերծման գործողություններն իրականացվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից, և խմբի կենդանի մնացած անդամները ձերբակալվել են նրանց կողմից, պետք է ենթադրել, որ հայկական կողմը տակտիկական առումով ճիշտ է համարել, որպեսզի գործի վարույթը գտնվի ԼՂՀ իրավապահ մարմինների իրավասության շրջանակում, ինչը առկա պայմաններում պետք է արդարացված համարել երկու տեսանկյունից: Նախ` եթե դիվերսանտներին վերադարձնելու հետ կապված Ադրբեջանը և միջազգային կազմակերպությունները գործողություններ են ձեռնարկելու, ապա ստիպված են լինելու ուղղակի կամ միջնորդավորված բանակցություններ սկսել ոչ թե Հայաստանի, այլ ԼՂՀ-ի հետ, ինչը Արցախի սուվերենությունը ճանաչելու փաստացի դրսևորումներից մեկն է: Սա լիովին տեղավորվում է վերջին շրջանում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի որդեգրած այն դիրքորոշման մեջ, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ: Երկրորդ` դրանով հայկական կողմն ընդգծում է ԼՂՀ-ի` հակամարտության շրջանակում հիմնական քաղաքական և տարածաշրջանային գործոն լինելու, առավել ևս` իբրև կայացած դատական համակարգ ունեցող պետություն լինելու հանգամանքը: Այս իմաստով դվերսանտների գործի թե' նախաքննության և թե', հատկապես, դատաքննության պրոցեսը պետք է առաջ տանել հնարավորինս հրապարակայնորեն` ցույց տալու համար, թե ինչպես է գործում ԼՂՀ-ի արդարադատության համակարգը, ինչպես է չճանաչված պետությունը կարողանում, հիմնվելով արդար դատաքննության և Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների վրա, հանգուցալուծման հասցնում այս գործը: Սա շատ ավելի քաղաքական, քան քրեաիրավական նշանակություն ունի:
Գևորգ Դարբինյան