կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-18 11:14
Իրավական

Ծեծկռտուք և կրակոցներ` Մաշտոցի պողոտայում. բացառիկ կադրեր

Yerkir.am-ի տեղեկություններով` այս գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում, որի ընթացքում հնչել են նաև կրակոցներ: Մեր տեղեկություններով` վիճաբանությունը տեղի է ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև:

Ոստիկանությունից Yerkir.am-ի հայտնեցին, որ հունիսի 18-ին` ժամը 1.20-ի սահմաններում, ոստիկանություն են ահազանգել անհայտ անձինք և հայտնել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, վիճաբանություն է, կրակում են:

Նույն օրը` ժամը 1.45-ին, Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 2001 թ. ծնված Արա Հ.-ին, 1991 թ. ծնված Ալբերտ Բ.-ին և ներկայացրել 1983 թ. ծնված Վազգեն Կ.-ին: Վերջինս հայտնել է, որ Արա Հ.-ն ու Ալբերտ Բ.-ն ծեծի են ենթարկել իրեն: Վազգեն Կ.-ն միաժամանակ ներկայացրել է գազային ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 3 փամփուշտներով, և հայտնել, որ դա իր ատրճանակի փամփշտատուփն է, իսկ ատրճանակը վիճաբանության ընթացքում կորցրել է: Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վազգեն Կ.-ն բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ հիշյալ անձինք վիճաբանել են, խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը: Արա Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Ծեծկռտուքի և կրակոցի վերաբերյալ կադրեր` Yerkir.am-ի տեսանյութում