Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 4-ին Ալմաթիում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող տղամարդկանց Հայաստանի հավաքականը հուլիսի 6-ից Ծաղկաձորում սկսել է իր առաջին ուսումնամարզական հավաքը: Այս առիթով ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը զրուցել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ավագ մարզիչ Պողոս Պողոսյանի հետ:
-Պարո'ն Պողոսյան, մինչև նոյեմբերին կայանալիք օլիմպիական վարկանիշային առաջնությունը բավականին ժամանակ կա, ինչպե՞ս եք ծրագրել ձեր աշխատանքը:
-Մենք մինչև աշխարհի առաջնություն նախատեսել ենք անցկացնել 6 ուսումնամարզական հավաք: Այս ծաղկաձորյան հավաքն աշխարհի առաջնությունից առաջ առաջինն է, հիմնական շեշտը դրել ենք ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: Հուլիսի 20-ին կավարտենք առաջին հավաքը, մի քանի օր հանգիստ կտանք տղաներին, այդ մի քանի օրը տեղերում իրենց անձնական մարզիչների հետ կմարզվեն, այնուհետև կհավաքվենք Աբովյանում և կանցկացնենք երկրորդ հավաքը: Այն կտևի մինչև օգոստոսի 18-ը: Աբովյանում կրկին ուշադրություն ենք դարձնելու ֆիզիկական պատրաստությանը: 3-րդ ուսումնամարզական հավաքը նորից կանցկացնենք Ծաղկաձորում, սակայն այս անգամ կենտրոնանալու ենք տեխնիկայի զարգացման, դասական վարժությունների հստակ կատարման վրա: Սեպտեմբերի 4-ից մինչև 21-ը երկշաբաթյա հավաք ենք անցկացնելու Թեոդոսիայում, որտեղ ուշադրություն ենք դարձնելու արագաուժային հատկանիշների կատարելագործմանը: Սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի 15-ը ևս մեկ անգամ հավաք կանցկացնենք Աբովյանում: Իսկ ամենավերջին` նախամրցումային հավաքը նախատեսել ենք անցկացնել Ալմաթիում, որտեղ տղաները կհարմարվեն բնակլիմայական պայմաններին ու առաջնությանը բոլոր առումներով պատրաստ կլինեն:
-Այսքան լուրջ նախապատրաստումը, հավանաբար, լուրջ նպատակների հետևանք է:
-Իհարկե, մեր հիմնական նպատակն է Ալմաթիում այնքան հաջող հանդես գալ, որպեսզի ձեռք բերենք օլիմպիական առավելագույն՝ 6 ուղեգրերը: Մանավանդ որ՝ թե' ֆեդերացիայի, թե' օլիմպիական կոմիտեի և թե' նախարարության կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ծանրորդները լավագույնս նախապատրաստվեն այս շատ կարևոր ստուգատեսին:
-Նվազագույնը քանի՞ ուղեգիր է ի վիճակի ձեռք բերել տղամարդկանց Հայաստանի հավաքականը:
-Եթե անսպասելի ձախողումներ չլինեն, մեր թիմը ընդունակ է առնվազն 5 ուղեգիր ձեռք բերել, սակայն ես կրկին շեշտեմ, որ մենք ձգտելու ենք առավելագույնին:
-Իսկ մեդալների առումով ի՞նչ կասեք:
-Դեռ վաղ է դրա մասին խոսել, բականաչափ ժամանակ կա, մրցահարթակը ցույց կտա: Սակայն, անկասկած, առաջնահերթ թիմային, վարկանիշային խնդիրը լուծելու հետ մեկտեղ տղաները կպայքարեն նաև մեդալների համար: Եվրոպայի առաջնությունում տեսաք, թե ինչպես Ռուբեն Ալեքսանյանը 251 կգ բարձրացրեց կրծքին: Վանիկ Ավետիսյանն ու Սմբատ Մարգարյանը, առաջին վարժությունում բավականաչափ զիջելով, հրումում լուրջ պայքար մղեցին ու արժանացան մեդալների: Տիգրան Մարտիրոսյանը պոկումում ոսկե մեդալի արժանացավ: Այնպես որ՝ ունենք մարտունակ թիմ, որը կարող է լուրջ պայքար մղել թիմային բարձր տեղերի համար:
-Հավաքում այնքան էլ մեծ թվով ծանրորդներ չեն ընդգրկված:
-Այո, այժմ հավաքի մեջ են 8 ծանրորդներ, այս պահի բոլոր ուժեղագույնները: Նրանք կազմում են հավաքականի կորիզը: Հենց այս ութ ծանրորդով ենք պատրաստվում մասնակցել աշխարհի առաջնությանը, բայց վեցի արդյունքներն են հաշվի առնելու: