Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 40 տոկոսով՝ 1 կՎտ ժամի ցերեկային սակագինը գործող 42 դրամից դարձնել 59 դրամ, գիշերայինը՝ 32 դրամից՝ 49 դրամ:
Շատերը ստեղծված իրավիճակը պայմանավորում են տարիներ շարունակ ՀԷՑ-ի կողմից վարվող սխալ տնտեսական քաղաքականությամբ, ՀԷՑ-ն էլ, իր հերթին, սակագնի բարձրացումը հիմնավորում է իր կողմից իրականացվող ծախսերով, որոնք գերազանցում են ստացված եկամուտները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված ծախսերն ակնհայտորեն ընդգրկում են նաև խոշոր գումարներ, որոնք հատկացվում են իրավաբանական ու հաշվապահական ծառայությունների ձեռք բերմանը, «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը հրապարակային առաջարկ է հղել «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին: Իրավաբանական ընկերությունն առաջարկել է իր իրավաբանական և հաշվապահական ծառայությունները` ներկայումս «ՀԷՑ»-ի կողմից այլ ընկերություններին վճարվող գումարի ուղիղ կեսի չափով: Միաժամանակ, կոչ է արվել այլ մատակարարների և ծառայություններ մատուցողների` իրենց ապրանքը կամ ծառայությունը էականորեն ավելի էժան վաճառել «ՀԷՑ»-ին և դրանով իսկ նպաստել «ՀԷՑ»-ի ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս «ՀԷՑ»-ին այլ իրավաբանական ընկերություն է ծառայություն մատուցում` yerkir.am-ը AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք փաստաբանի վարքագծի կանոններին համապատասխանում է հրապարակային առաջարկով այլ ընկերության գործունեության «առաջն առնելը»:
«Ամենևին ոչ, որովհետև իրավաբանությունը ևս բիզնես է: Մենք որևէ անօրինական կամ կուլիսային եղանակով չենք փորձել մեր մրցակցին դուրս մղել շուկայից: Հաշվի առնելով կոնկրետ ՀԷՑ-ի ծախսերի և եկամուտների կրիտիկական վիճակը, որն էլ կարող է առաջացնել հարյուրհազարավոր քաղաքացիների տներում կրիտիկական վիճակ, մենք առաջարկում ենք բոլորի համար գումար խնայելու և իրավիճակից որևէ ելք գտնելու տարբերակ»,- պատասխանեց Գրիգոր Մինասյանը:
Հարցին, թե ինչքանո՞վ է երաշխավորում, որ առաջարկի ընդունման դեպքում համամասնորեն կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը, նա պատասխանեց. «Մենք հուսով ենք, որ եթե ՀԷՑ-ը կարողանա ճիշտ ձևով վերանայել իր ծախսերը, ապա կարիք չի առաջանա հասարակության լայն զանգվածի հաշվին առողջացնել ընկերության ֆինանսական վիճակը»: