կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-04 17:47
Իրավական

Թե ինչու է Տարոն Մարգարյանը «խառնվում» քաղաքացիների արդեն իսկ լուծված վեճին

Թե ինչու է Տարոն Մարգարյանը «խառնվում» քաղաքացիների արդեն իսկ լուծված վեճին

Երկու քաղաքացի վեճ են ունեցել, դատարանով գործը հանգուցալուծվել է, օրինական ուժի մեջ մտած վճիռն էլ  ուղարկվել կատարման, ու հանկարծ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է վերաքննիչ դատարան բողոք ուղարկում` պահանջելով բեկանել վճիռը: Սա, իհարկե, զարմանալի չէր լինի, եթե չլինեին մի շարք տարօրինակ հանգամանքներ:

 

Բայց սկսենք սկզբից. Արաբկիր համայնքում գտնվող Սևքարեցի Սաքոյի 80 հասցեում գտնվող սեփական տունն ու հարակից հողամասը վաճառված է եղել երկու տարբեր անձանց: Մոտ տասը տարի առաջ երկու սեփականատերերը փորձել են կիսել, առանձնացնել իրենց բաժնեմասերը: Ի վերջո դատարանի վճռով դա հաջողվել է, բայց կողմերի միջև լարվածությունը շարունակվել է:

 

Իսկ որոշ ժամանակ անց էլ հարևաններից մեկը` Սումբադ Մարտիրոսովը (նրա մահից հետո դատական վեճի ժամանակ պատասխանողներ են եղել նրա զավակաները` Հենրիկ և Ծովիկ Մարտիրոսյանները` որպես իրավահաջորդներ) իրեն պատկանող հողամասի մի մասում երեքհարկանի առանձնատուն է կառուցել: Եվ որպեսզի բակն ավելի մեծ լինի, քաղաքապետարանից մյուս տան իրեն պատկանող հատվածը քանդելու թույլտվություն է ստացել ու անցել գործի:

 

«Բնականաբար, պետք է էնպես քանդվեր, որ ոչ մեկին վնաս չլիներ: Բայց տունը կեսից քանդել է, դրսի պատերը վերացրել է, հիմքը թուլացրել, տանիքը քանդել: Ստացվել է, որ դիտավորյալ է նման բան արել, ոնց որ ուզեցել է սիրտը հանգստացնի»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով դատավարության ընթացքում ներկայացրել է տուժող հարևանի` Նազիկո Պալյանի շահերը:

 

Կինը դիմել է տարբեր փորձագետների, ստացել եզրակացություններ, որ քանդման աշխատանքների հետևանքով տունը սեյսմիկ անկայուն վիճակում է և որ հասցված վնասի չափը կազմում է մոտ 7 միլիոն դրամ: Այնուհետև դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով հասցված վնասի փոխահատուցում:

 

Դատարանը` դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ բավարարել է հայցապահանջը` պարտավորեցնելով պատասխանողներին հատուցել հայցվոր Նազիկո Պալյանի անշարժ գույքին պատճառված վնասները` 7 միլիոն դրամի չափով:

 

Վճիռը բողոքարկվում է վերաքննիչ դատարան, սակայն վերջինս մերժում է այն և առաջին ատյանի դատարանի որոշումը թողնում անփոփոխ, իսկ վճռաբեկ դատարանը վերադարձնում է բողոքները: Այսպիսով, շուրջ չորս տարի տևած դատավարության արդյունքում դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում այս տարվա մարտի 31-ին:

 

Քաղաքապետը բողոքում է, որ դատավարությանը մասնակից չեն դարձրել իրեն, այնինչ` հենց ինքն է հրաժարվել դրանից

 

Հայցվոր կողմը դիմում է ԴԱՀԿ, սկսվում է վճռի կատարման` գումարի բռնագանձման աշխատանքները, և ահա այս տարվա մայիսի 15-ին վերաքննիչ դատարան է ուղարկվում Տարոն Մարգարյանի ստորագրությամբ վերոհիշյալ բողոքը:

 

Քաղաքապետն իր բողոքը հիմնավորում է նրանով, որ քանդման թույլտվությունը տրվել է քաղաքապետարանի կողմից, հետևաբար` գործը վերաբերում է նաև իրեն, սակայն դատարանն իրեն մասնակից չի դարձրել քննությանը: Իսկ ահա Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն`  գործին մասնակից չդարձված այն անձիք, որոնք իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերել այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ դատական ակտի մասին:

 

Քաղաքապետն իր բողոքում նշում է նաև, թե դատական այս ակտի մասին տեղեկացել է կողմերից մեկի` պատասխանող Հենրիկ Մարտիրոսյանի` ապրիլի 4-ին իրեն ուղարկված դիմումից: Սակայն Նազիկո Պալյանն ու փաստաբանն իրենց ձեռքի տակ ունեն փաստաթղթեր, որոնք վկայում են քաղաքապետի բողոքի հիմնազուրկ լինելու մասին:

 

«Պարզվեց ունենք վեց փաստաթուղթ` ստացված քաղաքապետարանից, որոնցից հայտնի է դառնում, որ քաղաքապետարանը նոր չէ տեղեկանում խնդրին: Իսկ այդ փաստաթղթերից երկուսում, որոնք հենց Գագիկ Բեգլարյանն է ստորագրել, նշված է, որ խնդիրը որևէ առնչություն չունի քաղաքապետարանի հետ, մենք որևէ լիազորություն չունենք այս դեպքում, դիմեք դատարան»,- ասաց փաստաբան Տ. Հայրապետյանը:

 

Նա նշեց նաև, որ նույնիսկ ավելի ուշ իր վստահորդը դիմել է քաղաքապետարան` խնդրելով գործում որպես երրորդ կողմ ներգրավվել, սակայն ստացել է մերժողական պատասխան: Այսինքն` կան փաստեր, որ ոչ միայն քաղաքապետը տեղյակ է եղել դատական վեճից, ավելին` ցանկություն չի եղել դրան մասնակից լինելու, ինչից «դժգոհել» է իր վերաքննիչ բողոքում:

 

Սակայն, ինչևիցէ, այսքանով հանդերձ Տարոն Մարգարյանի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել, նիստ է եղել և որոշման հրապարակման օր նշանակվել հուլիսի 10-ը:

 

Նազիկո Պալյանը մինչ վարույթ ընդունելը դիմել է արդարադատության նախարարին, հանդիպում է եղել փոխնախարար Սուրեն Քրմոյանի հետ. «Ասաց, որ խնդիրը կփոխանցի նախարար Հովիկ Մանուկյանին, իրենք հետևողական կլինեն: Բայց դրանից 3-4 օր հետո ես նամակ ստացա, որ, իզարմանաս բոլորի, բողոքը վարույթ է ընդունվել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ն. Պալյանը: Նա պատմեց նաև, որ վերաքննիչ դատարանում այս ամսի 2-ին տեղի ունեցած նիստին միայն ինքն ու իր փաստաբանն են ներկա եղել և մի քանի լրագրող, որոնց դատարանը նկարահանում անել չի թույլատրել:

 

Փաստաբանը պատմեց նաև, որ դատավարության չորս տարիների ընթացքում պատասխանողները տարբեր հնարքների են դիմել` վեճը հօգուտ իրենց լուծվելու համար, նույնիսկ իրենց գույքի վերաբերյալ կեղծ առուվաճառք են արել (բանկային որևէ փոխանցում չի եղել այդ գործարքների վերաբերյալ և իրենց` մոտ 75 հազար դոլար արժողությամբ գույքը անհասկանալի կերպով «գնել» է սոցիալապես ոչ այնքան էլ ապահով ապրող միայնակ մի մայր: Իսկ առուվաճառքը հնարավոր է եղել, քանի որ դատարանը մերժած է եղել հայցվորի` հայցի ապահավոման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչևիցէ, վերջնական արդյունքի չեն հասել):

 

«Հիմա գործն ավարտվել է, և ահա մի զարտուղի ճանապարհ են գտել` քաղաքապետին խառնել այդ գործին»,- փաստաբանի խոսքով` դատավորները վախվորած, ինչպեսև պղտոր ջրում ձուկ բռնելու հնարավորություն տեսնելով վարույթ են ընդունել բողոքը և ոչ թափանցիկ պայմաններում էլ նիստը վարել:

Ներկայացնում ենք նաև քաղաքապետարանից ստացված փաստաթղթերի պատճեները`