կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 11:12
Առանց Կատեգորիա

Ցուկերբերգի «Ֆեյսբուք»-ից մինչև Շեկոյանի «Անվերնագիր»

Ցուկերբերգի «Ֆեյսբուք»-ից մինչև  Շեկոյանի «Անվերնագիր»

 

Այսօր մեր գործընկեր, գրող  Հարություն Հարությունյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք Հարությունյանի' վերջին գործերից մեկը:

***

 

Ցուկերբերգի «Ֆեյսբուք»-ից մինչև  Շեկոյանի «Անվերնագիր»

 

Բացում եմ «Ֆեյսբուքը», «բարի լույս»-ի փոխարեն հարցնում է՝ «մտքիդ ի՞նչ կա»:  Հարցնում է և ստիպում մտածել: Ոնց որ մաթեմատիկայի իմ օղորմածիկ ուսուցիչը լինի: Գիտեր, որ  չեմ սովորել,   չեմ ուզում ոչինչ ասել, չեմ ուզում մտածել, չեմ ուզում ... մի խոսքով' հոգնած եմ, զզված եմ, թքած ունեմ..., բայց  հենց մտնում էր դասարան, առաջինը ինձ էր հարցնում: «Մտքիդ ի՞նչ կա, աչքիս էլի դասը  չես սովորել»,- ասում էր, բացում մատյանը, ակնոցը տեղավորում մեծ ու անճոռնի քթի ծայրին ու թե.  «Հլը արի գրատախտակի մոտ...» :

 

Մտքիս, իհարկե, միշտ ինչ-որ բան կար, չէր կարող չլինել, բայց դա ոչ մի կապ չուներ մաթեմատիկական բարդ հաշվարկների եւ բանաձևերի հետ: Ես իմ աշխարհում էի ճգնում, իսկ նա ինձ պարտադրում էր տեղափոխվել իր աշխարհ: Ես համառորեն դիմադրում էի, ոչ նրա համար, որ չէի ուզում սովորել, ուղղակի իմ նախասիրություններն այլ էին: Ինձանից մաթեմատիկոս դուրս չեկավ, ես գիտեի, որ այդպես է լինելու, բայց դա չխանգարեց, որ ես միշտ հիշեմ իմ ուսուցչին, ավելին՝ հարգեմ նրան և հաճախ կարոտեմ:

 

Հիմա բացել եմ այս սատանայական  «Ֆեյսբուքը» ու  կարդում եմ. «Մտքիդ ի՞նչ կա»: Ոչ մի ավելի բառ, ոչ մի «բարև, ոնց ե՞ս», ոչ մի «բարի լույս», կարճ ու կոնկրետ՝ «մտքիդ ի՞նչ կա»: Ուզում է իմանալ... և ամեն ինչ:  «Է~, -ասում եմ ինքս ինձ,- մտքինս որ գրեմ, կհիվանդանաս, ու ոչ մի հակավիրուս քեզ չի օգնի: Քեզ ի՞նչ, թե իմ մտքին ինչ կա: Ո'չ օգնելու ես, ո'չ հարցս լուծելու ես, միայն էն  BBC հարևանների նման խոսքս տանելու ես, հասցնես աշխարհի ծայրը ու նրանց մտքերն էլ պղտորես: Ուզածդ ի՞նչ ա' որ  էս կես հարևանությունն էլ վերանա՞: Ոնց հայտնվել ես,  հարևաններով էլ սուրճի  չեն հավաքվում, որ թաղի, երկրի, աշխարհի բանուգործից տեղեկություններ փոխանակեն, իսկ եթե հավաքվում էլ են, բոլոր պատմությունների հղումների աղբյուրը դու ես: Բա այսպես կլինի՞: Նստում ես տաքսի, վարորդը քեզանից է խոսում, մտնում ես վարսահարդարի մոտ' նույն պատկերն է: Եկել, չես եկել, մարդկություն, հարևանություն, եղբայրություն, նույնիսկ' առաջին սիրո խոստովանություն..., բոլոր, բոլոր տեսակի  հարաբերությունները դռնովդ ես անցկացնում: Ոնց ուզում, այնպես էլ անում ես: BBC Շողիկն էլ, արդեն երբ հարևաններին հանդիպում է, գլուխը կախ  հարցնում է'  «Ֆեյսբուք»-ում ի՞նչ կա: Խեղճ Շողիկ: Քո դարդից ընկճվել, կծկվել' կես բուռ է դարձել: Սա է՞ր ուզածդ, մարդկանց ստորացնում ես, իսկ նրանք հոժարակամ շարունակում են քեզ պատմել իրենց մտքին եկածն ու  եղածը: Մտքովս մի բան անցավ' փաստորեն, դու էլ ես օլիգարխ, խաբեբա, սրիկա.... Ի՞նչ տարբերություն քո և մեր օլիգարխների միջեւ: Մերոնք փոքրերին են խժռում, հացից զրկում, հետո չորս տարին մեկ 5000 դրամով «խաթրներն առնում», դու այդ 5000 դրամն էլ չես տալիս ու դեռ խառնում ես բոլորին իրարով: Խելք եմ ասել, է~:  «Հայի հետին խելքը» քոնն է, քոնը, իսկ մենք, այս էլ քանի դար ընկած, փնտրում ենք, թե որտեղ է կորել  այն:

 

BBC Շողիկն այլ ելք չունի, հավանաբար չի դիմանա այս փորձությանը, իսկ դու, իբր ոչինչ էլ չի եղել, շարունակում ես հարցնել. «Մտքիդ ի՞նչ կա»: Ոնց որ մեր Ազգային ժողովի  մեծամասնության ներկայացուցիչներից լինես: Ամեն ինչ ուզում ես իմանալ, բայց ոչինչ չանել»: 

 

Գալիս եմ տուն, կինս հարցնում է. «Ֆեյսբուք»-ում ի՞նչ կա»: Մտնում եմ' տեսնեմ ինչ կա, պարզվում է նա էլ է «Ֆեյսբուք»-ում: Երեխաներիս  մասին «Ֆեյսբուք»-ից եմ  տեղեկանում, ընկերներիս մասին' ևս: Հա, ընկեր ասացի, հիշեցի' բա «Ֆեյսբուք»-ի ընկերությո~ւնը: Ով ասես, ինչ մակարդակի  արարած ասես հայտնվում և ընկերանալու հայտ է ուղարկում: Չգիտես էլ' հայտն ընդունե՞լն է ճիշտ, թե՞ մերժելը:  Ընդունում ես ու ընկնում կրակը: Չընդունես, միևնույն է' կրակի մեջ ես: Ուզում ես ինքդ քեզ կառավարել, չի ստացվում... Ինքն է քեզ կառավարում, և եթե մի քիչ ջղերից թույլ լինես, մի քիչ էլ' անգրագետ, Չե Գեւարային կընդունես որպես ազգային հերոս, որ մարտնչել է Սասնա սարերում,  մահկանացուն կնքել է 37 թ. Երևանում և հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում:   

 

Մարդը, նստած Ամերիկայում,  իրենով է արել ամբողջ աշխարհը ու չի բավարարվում:  Ամեն վայրկյան քիթը մտցնում է իմ ու Աստծո հարաբերությունների մեջ և հարցնում է. «Հը~, մտքիդ ի՞նչ կա» : Ասում եմ' «ինձնից յան տուր», չէ~, ինքն էլի իր ոճի մեջ է' «մտքիդ ի՞նչ կա»:

 

Մի օր որոշեցի, որ մտքիս էլ ոչինչ չի լինելու, և մի տասը օր ոչինչ չէի մտածում: Այսինքն' մտածում էի,  բայց «Ֆեյսբուք»-ում չէի գրում: Մի անծանոթ ընկեր  գրեց. «Էս ո՞ւր ես կորել, ոչինչ չես գրում, ստեղ չե՞ս, ապե'ր»: 

 

«Ապեր»-ով դիմելաձևը մտերմության նշան էր: Նայում եմ նկարին, չեմ ճանաչում: Մտնում եմ, այսպես ասած, նրա էջը, փորփրում նկարները, կապերը, ընկերներին... Մի խոսքով' չեմ ճանաչում, և վերջ: Նրա ընկերների ցանկից գտնում եմ ինձ ծանոթ մի անձնավորության, հարցնում եմ.  «Ո՞վ է: Այս տղային ճանաչում ե՞ս»:

 

Պատասխանը չի ուշանում.  «Հա, գիտեմ, էդ ինքը չի»: 

 

«Այսինքն' ո՞նց....» ,- զարմանում եմ:

 

«Հա, բռա'տ, ինքը տղու պրոֆայլով աղջիկ ա»,- շարունակում է իրազեկել ծանոթս և իր կողմից  խնդրանք ավելացնում. « Էս մեր մեջ մնա, էլի»:  

 

«Տրանսվեստիտ ա՞»,-  հարցնում եմ:

 

«Չէ, չէ,- բացատրում է ծանոթ «ընկերս»,- ինչ-որ ծառայությունների մեջ ա, «խաղեր ա տալիս», մարդկանց տրամադրություններն ա պարզում, վերլուծում, զեկուցում»:

 

«Հա~, հասկացա , ՊՈԱԿ -ա»,-  գրում եմ:

 

«Հա, դե, տենց մի բան»,- պատասխանում է ծանոթս:

 

«Այսինքն' վիրտուալ տրանսվեստիտ»,-  շարունակում եմ ես:

 

Ծանոթս ժպտացող «սմայլիկ» է ուղարկում: Պատասխանից հասկացվում է, որ իրար հասկացանք: Երկուսս էլ չենք կասկածում, որ մեր նամակագրությանը հետևում են,  բայց, միևնույն է, չեմ կարող գրել, թե մտքիս ի՞նչ կա: «Բա դա գրելու բա՞ն է»,- մտածում եմ ես ու մեկ էլ համակարգչիս էկրանին, կարծես, իմ ջիգրու բազմում է «Հայ աղջիկների անհավանական արկածները գիշերային ակումբում» գրառումով,  մեծ կրծքերով և  անճոռնի հետույքը ցցած   մի աղջկա նկար: «Այ քեզ բա~ն,- մտածում եմ,- փաստորեն, «Ֆեյսբուք»-ը նաև զգուշացնում է»:

 

Ու հենց այդ պահին, որպես մտածածիս հաստատում,  հաջորդ գրառումն է հայտնվում էկրանին' «Զարուհին վերադարձել է. Վերջացավ Անի Զախարյանի աստղային ժամանակաշրջանը»:

 

Ընդհանրապես, «Ֆեյսբուք»-ում ամեն ինչ կա, հայրենասիրություն, դավաճանություն, աստղեր' կոնյակից սկսած մինչև պոռնոարտադրության, քաղաքական գործիչներ և այլն: Ամեն ինչ վաճառվում է' ձրի, գնվում է' ձրի, գովազդվում  է փողով: Ահա և վերջ: ՓՈՂ, որը քանդում է բոլոր պատերը, պատնեշները, գերեվարում է մարդկանց մտքերը և հանում դրանք վաճառքի, որոնց գնորդները հենց իրենք են' այն նույն մարդիկ, ում «Ֆեյսբուք»-ը հարցնում է' «մտքիդ ի՞նչ կա»: Իսկ մտքիս այսօր առավոտից պտտվում է ընկերոջս' Արմեն Շեկոյանի «Անվերնագիրը»:  Ասեմ էլի...

 

Ես եկել եմ ու մի քիչ էլ     

գըլգըլալեն դեռ կըհոսեմ:

Ես գրում եմ, որովհետև              

դուք չեք թողնում, որ ես խոսեմ: