կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 13:45
Տնտեսական

Կառավարությունը հաստատեց ՓՄՁ խթանող փաթեթը

Կառավարությունը հաստատեց ՓՄՁ խթանող փաթեթը

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը: Կառավարությունը փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ` դրանք այլեւս չեն դիտարկվելու որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: Նախագիծը ներկայացնող` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց այլ փոփոխություններ եւս:

 

Մասնավորապես` 2014 թվականի հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3,5 տոկոսից դարձնել 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, եւ տարեկան կտրվածքով մինչեւ 12 միլիոն դրամ շրջանառությունը ազատել հարկերից: Սահմանափակումներ են մտցվում այս կարգավիճակով աշխատողների մեջ` առեւտուրը, հաստատագրված վճարն ու արտոնագրային վճարները չի թույլատրվում մտցնել ընտանեկան բիզնեսների մեջ: 2014 թվականի հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր: Հարկային մարմնին վերապահվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգել փաստաթղթի առկայությունը:

 

Սահմանվում են նաեւ պատասխանատվության մեխանիզմներ ու գործիքակազմ: Ըստ այդմ` 2015 թվականի հունվարի 1-ից առաջին խախտման դեպքում կիրառվելու է նախազգուշացում, երկրորդ խախտման դեպքում վարչական տուգանք` 20 հազար դրամի չափով, երրորդ խախտման դեպքում` շրջանառության 5 տոկոսի չափով, 5-րդ խախտման դեպքում ՓՄՁ-ն տեղափոխվում է ավելացված արժեքի հարկի դաշտ: «Մենք փուլային տարբերակով` հերթականությամբ, հանում ենք պատժամիջոցները: 2015 թվականից դուրս է գալիս նախազգուշացումը, հետագայում` 20 հազար դրամ վարչական տուգանքը, եւ մենք 2016 թվականից ունենում ենք պատասխանատվության երկու նորմ` շրջանառության 5 տոկոս դրույքաչափն ու երկրորդ խախտման դեպքում ՓՄՁ-ն տեղափոխվում է ավելացված արժեքի հարկման դաշտ»,- նշեց Գագիկ Խաչատրյանը:

 

Միաժամանակ, ըստ նախարարի, ներդրվելու է «օրինապահ ՓՄՁ» համակարգը, ՓՄՁ ձեռնարկություններն ինքնուրույն կարողանալու են հայտարարագրել, որ իրենք աշխատում են «սպիտակ» դաշտում եւ անհրաժեշտ տեղեկատվություն են ներկայացնում հարկային մարմնին: Այս ընթացքում խստացվում ու հստակեցվում են այն նորմերը, որոնք պատասխանատվության դրույթներ են առաջարկում այս համակարգի կայացման համար, եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքների շրջանակն է հստակեցվում ու պարզեցվում, վարչական տուգանքների ամբողջ մեխանիզմն է փոխվում` խստացվում:

 

«ՓՄՁ-ին առաջարկվել է, որպեսզի իրենք ստեղծեն անհրաժեշտ խորհուրդ, որպեսզի այս կայացման փուլում ի հայտ եկած բոլոր հարցերն ու այն բոլոր հարաբերությունները, որ պետք է կարգավորվեն հարկային մարմնի հետ, այդ խորհրդում քննարկվեն, եւ իրենք փաստեր ունենան այս պրոցեսի նորմալ, բնականոն ընթացքի ապահովման մասին»,- նշեց ֆինանսների նախարարը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին ընդգծեց, որ այս նախագծի վրա կառավարությունն աշխատել է երկար ժամանակ, որ երեկ ինքը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ, եւ միասին քննարկել են բոլոր հարցերը:

 

«Իրոք, մենք այստեղ թեթեւացնում ենք հարկային բեռը` 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է 1 տոկոս, եւ այստեղ մեր բյուջեի եկամուտները նախնական` մոտ 8 միլիարդ դրամով նվազելու են, բայց մենք այս քայլով` բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այստեղ պետք է ֆինանսների նախարարությունը լինի շատ հետեւողական, որպեսզի մեր նպատակում, որը խոշոր բիզնեսի` հարկային դաշտում աշխատելն է եւ ՓՄՁ-ին որպես հարկատուներ չդիտարկել, իրագործվի: Սա է գաղափարը, եւ մենք հաջողության կհասնենք, եթե լինենք հետեւողական: Մեծ քայլ է կատարվում, իրոք, փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու, որպեսզի կայանան: Սա է հիմնական նպատակը»,- նշեց վարչապետը: