Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին հարցը, հիմնական զեկուցող` ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, թե ինչո՞ւ Հայաստանն ակտիվ չէ միջազգային կառույցների հետ այս ոլորտում ինտեգրացիոն գործընթացներում: Նա նշեց, որ Ադրբեջանը պատրաստվում է 20 միլիարդ դոլար ներդնել` նոր ատոմակայան բացելու նպատակով: Իսկ Հայաստանը դուրս է մնում միջազգային էներգետիկ զարգացման գործընթացներից` չինտեգրվելով դրանց:
Աշոտ Մարտիրոսյանը նախ նշեց, որ հարցն ավելի շատ ուղղված է ՀՀ էներգետիկայի նախարարությանը, իսկ իրենք միայն անվտանգությամբ են զբաղվում:
Իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց բարձրացրեց այն մասին, որ Հայաստանի ատոմակայանի փակման պահանջով թղթերը Ադրբեջանի կողմից համառորեն ուղարկվում են եվրոպական կառույցներ: «Ես մեկ-մեկ նույնիսկ վախենում եմ, որ էս ԵվրԱզԵՍ-ն էլ դեմ լինի սրան: Ինչի՞, օրինակ, պարբերաբար հայտարարություններով չեք պատասխանում: Մենք չենք կարողանում Եվրամիությունում, Եվրանեսթում պայքարել էդ ալիքի, էդ թափի դեմ: Արդեն ընդունված բան ա, որ իբր Հայաստանում «խուլիգան» ատոմակայան կա, որը Չեռնոբիլի տիպի ա»,- ասաց նա:
Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կոմիտեն վաղուց է համագործակցում մասնագիտացված միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԳԱՏԷ-ի (ԱԷՄԳ), ինչպես նաև ԱՄՆ, ՌԴ եւ այլ երկրների հետ, որոնք ունեն ատոմակայաններ: Ըստ նրա` ոչ մի կազմակերպությունում Ադրբեջանը կամ Թուրքիան հարց չեն բարձրացնում, որ պետք է Հայկական ատոմակայանը փակվի:
«Մի փոքր ելույթ ունեցան Ադրբեջանի ներկայացուցիչները, որ Հայաստանի թափոնները տանում են, Ղարաբաղում են թափում, բայց ՄԱԳԱՏԷ-ից անմիջապես տնօրենի մակարդակով արձագանքեցին, որ նրանք հիմարություն են ասում, բոլորը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ, և նման բան չի կարող լինել»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ ո'չ ԱԷՄԳ-ում, ո'չ ԵՄ-ում այդ խնդիրը նրանք չեն բարձրացրել: Նման հարցեր միայն ԶԼՄ-ներում են բարձրացնում:
«ԵՄ-ում` կարևորագույն կառույցներից մեկում, անձամբ ես եմ պայքարել: Դուք ասում եք` չէ, ես էլ ասում եմ, որ տենց չի»,- արձագանքեց Բագրատյանը:
Տեսակետին, թե իրականում հին է մեր ատոմակայանը, և ինչքան էլ անվտանգությունն ապահովեն, մետաղը չեն կարող փոխել, Բագրատյանը պատասխանեց. «Ես դա շատ լավ հասկանում եմ, մետաղը կարող է հոգնել և այլն, բայց, համենայն դեպս, ատոմակայանը չի համարվում վտանգավոր, սակայն ես տեսնում եմ վտանգ` Հայաստանին զրկել ատոմային էներգետիկայից»: