կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-11 16:38
Հասարակություն

Քաջատեղյակ ենք հակառակորդի ճամբարում տեղի ունեցող գործընթացներից. ԼՂ պաշտպանության նախարար

Քաջատեղյակ ենք հակառակորդի ճամբարում տեղի ունեցող գործընթացներից. ԼՂ պաշտպանության նախարար

Օգոստոսի 11-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է հանրապետությունում գործող և հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Մամուլի ասուլիսը հրավիրվել էր բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի, այդ թվում` նաև ապրիլյան զարգացումների արդյունքները ամփոփելու, ինչպես նաև գործունեության ընթացիկ և առաջիկա կարևորագույն ուղղությունների նախանշման համատեքստում:

Նախքան լրագրողների հարցերին պատասխանելով` հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներածական խոսքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած հիմնական գործընթացների ընդհանուր պատկերը՝ նշելով, որ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրները և կյանքի կոչել այն բոլոր ծրագրային միջոցառումները, որոնք նախանշված են եղել 2016թ. պատրաստության պլանով:

Խոսելով առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության մասին՝ Լևոն Մնացականյանը վստահեցրել է, որ բանակի հրամանատարությունը քաջատեղյակ է հակառակորդի ճամբարում տեղի ունեցող գործընթացներին, և կան բոլոր նախադրյալները ինչպես այսօր, հետագայում ևս պահպանելու վերահսկողությունը հակառակորդի բոլոր հավանական քայլերի նկատմամբ: Նշված նպատակին հասնելու համար անընդհատ կատարելագործվում է ինժեներական ամրակառույցների համակարգը, բարձրացվում զորքերի պատրաստության և ռազմատեխնիկական համալրվածության մակարդակը:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել են լրագրողների հարցերը: Նրանց հետաքրքրում էին ապրիլյան պատերազմի, բանակաշինության ընթացիկ փուլին վերաբերող տարբեր թեմաներ:

Մամուլի ասուլիսի ընթացքում, որն, ի դեպ, նման ձևաչափով առաջինն էր Լևոն Մնացականյանի պաշտոնավարման ժամանակ, բանակի հրամանատարը կարևորել է զանգվածային լրատվության դերը, մասնավորապես` ներբանակային գործընթացները հանրային լայն շրջանակներին հասցնելու առումով, և հույս է հայտնել, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: