կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 11:58
Սպորտ

Օլիմպիադայում լարված պայքար է սպասվում. Արշակ Պետրոսյան

Օլիմպիադայում լարված պայքար է սպասվում. Արշակ Պետրոսյան

Այս օրերին շախմատի Հայաստանի  հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Շախմատի Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը հարցազրույց է տվել «Շախմատային Հայաստան» հանդեսին:

 

- Պարոն Պետրոսյան, ի՞նչ տրամադրվածությամբ է այժմ թիմը պատրաստվում օլիմպիադային: Ի՞նչ սպասելիքներ կան:

 

- Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Թիմը կանի ամեն ինչ լավ հանդես գալու համար, բնականաբար, իր հնարավորությունների սահմաններում: Օլիմպիադայում մոտ վեց-յոթ թիմ կա, որ իրական հնարավորություններ ունեն մեդալ նվաճելու: Այս տարվա հակառակորդները շատ ուժեղ են, եւ պայքարը լարված է լինելու: Այնպես է ստացվում, որ օլիմպիադայի ամեն մի մրցախաղ կարող է որոշիչ լինել

 

Թիմային մրցումները կրկնակի ճնշում են գործադրում շախմատիստների վրա, մեծ ուժ են խլում նրանցից, քանի որ ամեն մեկը միայն իր պարտիայի համար չէ պատասխանատու, այլ թիմի ընդհանուր արդյունքի: Մեր հավաքականը կարողանում է դժվար պահը հաղթահարել միասին եւ գնալ առաջ: Ամեն մրցաշար յուրօրինակ է, եւ ես չեմ կարող ասել, թե այս անգամ օլիմպիադան ինչպես կդասավորվի: Օրինակի համար բերեմ նախորդ տարի կայացած Եվրոպայի առաջնությունը, երբ մինչեւ վերջին խաղերը պայքարում էինք առաջին տեղի համար, սակայն ունեցանք երկու ոչ-ոքի, բաժանեցինք երրորդ-չորրորդ տեղերը եւ դարձանք չորրորդը: Համենայն դեպս պետք չէ մոռանալ, որ մենք ըստ գործակցի հետ ենք շատ թիմերից, Ռուսաստանի թիմին վարկանիշներով շատ մեծ տարբերությամբ զիջում ենք, բայց, այնուամենայնիվ, չեմպիոն ենք

 

- Այժմ հավաքի ընթացքում ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք պատրաստվում հավաքականով:

 

- Քանի որ հավաք առաջին անգամ չէ, որ անում ենք, մեր պատրաստության ձեւն ու կոնկրետ մոտեցումն ունենք, եւ քանի որ մինչ այժմ ամեն ինչ նորմալ է եղել, նույն կերպ շարունակում ենք պատրաստվել: Միասին վերլուծում ենք սկզբնախաղեր, վերջնախաղեր, տարբեր դիրքեր, ամեն ինչի վրա էլ շեշտը դնում ենք: Եվ կարեւոր է, որ միասին ենք հավաքվում եւ մտածում, դա բարձրացնում է թիմային ոգին: Բոլորն այստեղ իրար շատ լավ գիտեն: Տղաները նաեւ սպորտով են զբաղվում, քանի որ նրանց լավ առողջական վիճակ է պետք, որպեսզի օգոստոսի այդ երկու շաբաթվա ընթացքում բարձր դիմացկունություն ունենան: 

 

- Տղաների մարզավիճակն ինչպիսի՞ն է:

 

- Այժմ վաղ է խոսել դրա մասին, քանի որ մարզավիճակը պարզապես նայելով չեն գնահատում, այլ մրցաշարի արդյունքով: Մենք այժմ տեսություն ենք ուսումնասիրում: Այս տարվա ընթացքում բոլորն էլ մրցաշարերի մասնակցել են, եւ դա շատ կարեւոր է օլիմպիադայի համար: Եվ բոլոր տղաներն էլ օլիմպիադայից առաջ մրցաշարերի են մասնակցելու, դա էլ գործնական պատրաստություն կլինի: Հենց այդ մրցաշարերից հետո պարզ կլինի, թե ով ինչ մարզավիճակում է: Կարող եմ օրինակ բերել 2008 թվականի օլիմպիադան, որից առաջ պահեր եղան, երբ տղաներն այդքան էլ լավ մարզավիճակում չէին, սակայն օլիմպիադայից մի քսան օր առաջ մասնակցեցին Եվրոպայի ակումբների թիմային առաջնությանը, որտեղ շատ հաջող հանդես եկան, եւ ես միանգամից հասկացա, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, ինչն էլ երեւաց օլիմպիադայի ընթացքում

 

- Հնարավո՞ր է խաղատախտակների դասավորությունը փոփոխվի:

 

 - Ամեն ինչ էլ հնարավոր է: Այժմ դեռ շուտ է դա որոշելը, քանի որ մինչեւ վերջին օրը կարող ենք դասավորել խաղատախտակները: Օրինակ` Ռուսաստանի թիմը միշտ էլ վերջին րոպեին է ընտրում դասավորությունը, եւ առհասարակ շատ թիմեր հենց այդպես են վարվում. դա եւս մի առիթ է հակառակորդներին անտեղյակության մեջ պահելու: Տեսնենք, թե մենք ինչպես կդասավորենք` ըստ վարկանիշի՞, թե՞ այլ ձեւով: Դեռ չեմ կարող ասել:

 

- Ինչպե՞ս է թիմի նոր անդամը` Տիգրան Քոթանջյանը, հարմարվում հավաքականին:

 

- Քոթանջյանը, ճիշտ է, հավաքականի կազմում եղել է 2010 թվականին` աշխարհի թիմային առաջնությունում, բայց ոչ մի պարտիա չի խաղացել, քանի որ կազմում վեց շախմատիստ կար այն ժամանակ` երկու պահեստայինով: Այդ առումով նա նոր անդամ է մեզ համար: Քոթանջյանը շատ հաջող հանդես եկավ այս տարվա Հայաստանի առաջնությունում, եւ այժմ թիմում է: Տեսնենք` ընթացքում ով ինչպես կխաղա, ում կարիք կլինի փոխարինելու, ըստ այդմ կորոշվի Քոթանջյանի դերը:

 

- Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է Արոնյանի մարզավիճակը եւ տրամադրվածությունը Խանտի Մանսիյսկից հետո:

 

- Լավ է: Նա Խանտի Մանսիյսկից հետո Գերմանիայի թիմային առաջնությունում երեք պարտիա խաղաց եւ 2,5 միավոր վաստակեց: Պարզապես մրցաշարեր կան, որոնց դեպքում դժվար է ասել, թե ինչու այսպես ստացվեց: Հոգեբանական պահերն են հիմնականում գործում: Ամեն դեպքում պարզ է, որ Լեւոնը իրական հնարավորություն ուներ հաղթելու, բայց դա արդեն էական չէ: Մենք, իհարկե, մեր հույսը չենք կորցնում գալիք տարիների հետ կապված:

 

- Ե՞րբ է լինելու հաջորդ հավաքը, պարոն Պետրոսյան:

 

- Հավաքը կլինի հենց օլիմպիադայից առաջ: Հուլիսի 30-31-ին արդեն մեկնելու ենք Նորվեգիա, հետեւաբար կարծում եմ, որ հավաքը կանցկացնենք հուլիսի 18-28-ը: