Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, թե ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում կստորագրվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Սակայն հաջորդ օրը, ուղղելով ինքն իրեն, Ավանեսյանը հայտնեց, թե այդ օրը ոչ թե Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին, այլ կորոշվի, թե ինչ պայմանագիր է ստորագրվելու Հայաստանի հետ, և ինչ նոր ժամկետներ կսահմանվեն դրա համար: Փաստորեն, նախարարը գրեթե հաստատեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունը դարձել է, մեղմ ասած, չափազանց կասկածելի:
Նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ՄՄ-ին Հայաստանի անդամակցության առջև կանաչ լույս վառող եռակողմ` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահների հայտարարության ընդունումից հետո կառավարությունը ձեռնամուխ եղավ դրա համար անհրաժեշտ միջոցառումներն ամփոփող «ճանապարհային քարտեզով» սահմանված իր հանձնառությունները կայծակնային արագությամբ կատարելուն: Նման շտապողականության նպատակն այն էր, որ Հայաստանը ավելի շուտ միանա Մաքսային միությանը, քան դրա անդամ երկրները կհիմնադրեին Եվրասիական տնտեսական միությունը, որպեսզի նրանց հետ դառնա ԵՏՄ-ի հիմնադիր անդամ և օգտվի դրա քաղաքական, տնտեսական և դիվանագիտական շահաբաժիններից: Իսկ քանի որ ԵՏՄ-ի հիմնադիր գագաթաժողովը պլանավորված է այս տարվա մայիս կամ հունիս ամիսներին Աստանայում, Հայաստանի համար չափազանց կարևոր էր, որ ապրիլի 29-ի` Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվի ՄՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը: Դրան հասնելն այնքան կարևոր էր Երևանի համար, որ նույնիսկ հաշվի չէր առնվում մոտ 900 ապրանքատեսակների մասով Հայաստանին մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ընթացող բանակցությունների անավարտ լինելու իրողությունը: Այլ կերպ ասած` Հայաստանը ՄՄ-ին միանալու խնդիրը փորձում էր լուծել նույնիսկ դրա տնտեսական ռիսկերը կատարելապես անտեսելու գնով:
Մինսկում, Մոսկվայում և Աստանայում համառորեն պնդում են, թե մայիսին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը կստորագրվի Մաքսային միության ներկայիս երեք անդամ պետությունների կողմից: Երևանի անունը դրանց կողքին չի շոշափվում` առհասարակ: Եթե Հայաստանը այդ նախաձեռնությանը մաս չի կազմում, ապա ստացվում է, որ անդամակցելու է մի կառույցի, որը պրակտիկորեն այլևս գոյություն չի ունենալու Եվրասիական միության վերափոխվելու պատճառով: Հայաստանին լավագույն դեպքում ԵՏՄ-ի շարքային անդամ դառնալու առաջարկ է արվում, որը ո'չ քաղաքական և ո'չ էլ տնտեսական առումով էական որևէ բան Հայաստանին չի տալիս, դեռ մի բան էլ մղում է արտաքին, հատկապես` արևմտյան աշխարհից մեկուսացման դաշտ:
Թերևս դրանով էր պայմանավորված անցած օրերին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցերը նախ Մոսկվա, ապա նաև Բելառուս: Այս «շրջագայությամբ» Երևանը փորձում է լուծել երկու հարց` նախ` հասկանալ, ի վերջո, ի՞նչ դեր է իրեն վերապահվում եվրասիական տնտեսական ինտեգրացիոն ներկայիս գործընթացներում ՄՄ եռյակի կողմից, և հասնել նրան, որպեսզի ապրիլի 29-ին դրվեն ՄՄ-ի անդամակցության համար իրականացված «ճանապարհային քարտեզով» Հայաստանի` ԵՏՄ-ին, իբրև համահիմնադիր, անդամակցելու քաղաքական հիմքերը: Այս իմաստով հատկանշական էր հատկապես Մինսկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Նալբանդյանի հանդիպումը: Դատելով այդ մասին «Ռեգնում» մերձկրեմլյան գործակալության տեղեկատվությունից` Բելառուսի նախագահը, փաստորեն, փորձել է հասկանալ, թե ինչպես է Երևանն ընդունելու լավագույն դեպքում ԵՏՄ-ի շարքային անդամ դառնալու անուղղակի առաջարկը: Սա կարելի է ընկալել որպես Բելառուսի կողմից Հայաստանին որպես ԵՏՄ համահիմնադիր դիտարկելու` Երևանի «հայտի» մերժում: Հաշվի առնելով Ադրբեջանի հետ Ղազախստանի հարաբերությունների առանձնահատկությունները և դեպի եվրոպական էներգետիկ շուկաներ նրա համար բացվող նոր հեռանկարները, Հայաստանի համար չի կարող հուսադրող լինել նաև Աստանայի դիրքորոշումը:
Խնդիրը, սակայն, ոչ թե նրանց մեջ է, այլ Ռուսաստանի, որը եվրասիաինտեգրացիոն նախագծերում Հայաստանի ներգրավման առումով սպասողական կեցվածք է ընդունել` մի կողմից ՄՄ պարանով բռնած պահելով Երևանի կոկորդը, մյուս կողմից` չկարողանալով կամ չցանկանալով Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի և Ղազախստանի հետ հասնել կոնսենսուսի: Ուկրաինական ճգնաժամում վերջիններիս հետ ունեցած խուլ անհամաձայնության պատճառով Մոսկվան չի ցանկանում ավելորդ խնդիրներ ստեղծել գործընկեր այս երկրների հետ և ընդհանրապես վտանգել Եվրասիական տնտեսական միության ստեղծման` Մոսկվայի համար աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնությունը: Դա այնքան կարևոր է Մոսկվայի համար, որ կարող է իրեն թույլ տալ զոհաբերել Հայաստանի շահերը և առկախված թողնել Երևանի հետ ունեցած պայմանավորվածությունները, եթե, իհարկե, Մոսկվան առհասարակ Երևանի հետ խոսում է պայմանավորվածությունների լեզվով: Արդյունքում` Մոսկվան Հայաստանին թողնում է ՄՄ և Եվրասիական միության կիսաբաց դռների արանքում` չթողնելով ո'չ ներս մտնել ու ո'չ էլ դուրս գալ: Մինչդեռ դրա հետեւանքով Հայաստանը հայտնվում է լուսանցքում` զրկվելով արտաքին քաղաքական որևէ ուղղությամբ մանևրելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու հնարավորությունից:
Որքան էլ այս վիճակը նվաստացուցիչ թվա, այն Հայաստանի համար նույնիսկ կարելի է եվրասիաինտեգրման թակարդից դուրս պրծնելու շանս համարել: Դրա համար, թերևս, կարելի է օգտագործել երկու հանգամանք: Նախ` որ ամեն ինչ արել է ՄՄ-ին միանալու համար, և խնդիրները բոլորովին էլ Հայաստանը չի հարուցում, երկրորդ` որ Հայաստանը չի կարող մտնել մի տարածք կամ «համայնք», որտեղ իրեն տեսել չեն ցանկանում: Հայաստանի անվտանգության երաշխավորման բանալին ոչ թե որևէ արհեստական միությանը միանալու մեջ է, այլ բացառապես Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների: Ռուսաստանը, թերևս, կցանկանար ոչ թե պարզապես ԵՏՄ անդամ Հայաստան տեսնել, ինչը թե' իր և թե' այդ հնարավոր միավորման համար ավելի շատ բեռ է լինելու իր տնտեսական պոտենցիալով, սահմանափակ շուկայով, սոցիալական ընդհանուր վիճակով, այլ իր համար վստահելի մի սուբյեկտ, որի օրակարգում այլևս չկա ԵՄ-ի հետ ասոցացման խնդիրը: Ռուսաստանն ուզում է համոզված լինել, որ այսպես ուկրաինական մայդանի սցենար և արտաքին վեկտորների կտրուկ փոփոխություն չի կարող լինել: Եվ եթե հնարավոր լինի այդ հարցում բավարար համոզվածություն ներշնչել Մոսկվային, ապա հնարավոր կլինի վերադարձնել Հայաստանի` գոնե մինչ սեպտեմբերերեքյան կարգավիճակը: Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երևանը ոչ թե սիրաշահող, ռուսամոլ քաղաքականություն վարի, այլ` սեփական շահերը գիտակցող վստահելի գործընկերոջ:
Գևորգ Աղաբաբյան