Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Դեմ եմ պարտադիրին» շարժման տասնյակ մասնակիցներ գեղեցիկ միջոցառում են անցկացրել Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի առջեւ: Նախաձեռնության մասնակիցները որոշել են ծաղիկներ տնկել Բաղրամյան փողոցի մայթեզրերին: Բանն այն է, որ երկու օր առաջ նույն տեղում իրականացված բազմամարդ բողոքի ակցիայի ժամանակ տրորվել են մայթեզրերի ծաղիկները, և մասնակիցները որոշել են վերականգնել այն, ինչն իրենց պատճառով էր վնասվել: Եվ Սուրբ Զատկի տոնին նրանք որոշել են ծաղիկներ տնկել ու ևս մեկ աստվածահաճո գործողությամբ նշանավորել տոն օրը: Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ կանայք ու աղջիկներ՝ իրենց հետ բերելով բազմաթիվ մանուկների:
Yerkir.am-ի հետ զրույցում «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ շարժման մասնակիցները փորձում են վերականգնել պատճառած վնասը, թեկուզ բազմամարդ ակցիայի ժամանակ անկախ իրենց կամքից է ստացվել, որ տրորվել են մայթեզրերի ծաղիկները` փողոցը նեղ էր, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները չեն կարողացել տեղավորվել նեղ փողոցում:
«Այն, ինչ փչացնում են, պետք է վերականգնել, ու այս միջոցառումը կապ չունի մեր պայքարի հետ: Պարզապես ամենքս անհատական պատասխանատվություն ենք կրում մեր արածի համար: Ես երբևէ հողի հետ աշխատած չկայի, այսօր մեծ հաճույք եմ ստացել այս միջոցառումից: Հող փորել ու ծաղիկ տնկել` շատ հավես բան է»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
Շարժման մեկ այլ մասնակից՝ Աշոտ Սարգսյանը, նշեց, որ այս միջոցառումն ընդամենը իսկական քաղաքացու ճիշտ մոտեցում է իր երկրի հանդեպ:
«Եթե ինքդ դժգոհում ես որևէ երևույթից, որը սխալ է, ուրեմն չպետք է ինքդ քանդես որևէ բան, անգամ՝ մեկ ծաղիկ: Իսկ եթե քանդել ես, ուրեմն պետք է վերականգնես: Սա մեր երկիրն է, և նրա համար բոլորս առանձին-առանձին պատասխանատու ենք»,- ասաց նա: