Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք մարդուն ասում ենք, եկեք, սովորեք մագիստրատուրայում, վճարեք դրա համար, այդ թվում` նաև պետական ուսհաստատություններում, ստացեք պետական նմուշի դիպլոմ, որտեղ գրվում է, ենթադրենք, «իրավաբան-մագիստրոս»: Իսկ ավարտելուց հետո թաքուն ասում ենք` գիտե՞ք ինչ, էդ մասնագիտության գծով չեք կարող աշխատել»,- ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` Գ. Սլոյանի դիմումի գործով նիստի ժամանակ:
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով այսօր վերսկսեց Գևորգ Սլոյանի դիմումի քննությունը, որով վիճարկվում է «Փաստաբանության մասին» օրենքի 45.6-րդ հոդվածը, համաձայն որի`փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան:
Փաստաբանական դպրոց ընդունվելու առաջնահերթ պայմաններից մեկը իրավագիտության բակալավրի աստիճան ունենալն է, եթե իրավաբանության մագիստրոս ես կամ նույնիսկ իրավագիտության թեկնածու, փաստաբանական դպրոցի դռները փակ են քեզ համար:
Քանի որ խնդիրը վերաբերում է հասարակության ավելի լայն շերտի, նաև` կրթության ոլորտին, նախորդ նիստում ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ հետաձգել էր գործով որոշում ընդունելը և դատարան էր հրավիրել կրթության և գիտության նախարարին:
Այսօրվա նիստում Գ. Հարությունյանը նախ ներկայացրեց կրթական օրենսդրական դաշտը, որը բավական հակասական իրավանորմեր է պարունակում: Օրինակ` 2007 թվականին կրթության եւ գիտության նախարարի կողմից հաստատված` մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգի առաջին մասում արված հետեւյալ սահմանումը. «Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը` մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ... և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար»:
Մյուս կողմից` «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-ր կետը սահմանում է. «Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն»: Ի դեպ, այս իրավանորմի վերաբերյալ Գ. Հարությունյանը նշեց, որ այն ուղղակիորեն վերցվել է ՌԴ օրենսդրությունից, սակայն Ռուսաստանում այս դրույթը երեք անգամ արմատապես փոփոխվել է: «Այս իրավական փաստաթղթերը, մեղմ ասած, շիլաշփոթ են ստեղծել»,- ասաց ՍԴ նախագահը:
Արմեն Աշոտյանը նախ համաձայնեց, որ, այո, իսկապես կան օրենսդրական լուրջ թերացումներ: Եվ ներկայումս համապատասխան աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչև 2014 թվականի ավարտը ստեղծվի UNESCO-ի` 2013 թվականին ներկայացրած ընդլայնված մասնագիտությունների ցանկին համապատասխան ցանկ: Այսինքն` մի քանի մասնագիտություններ խմբավորվելու են մեկում: Այնուհետև կարգավորվելու են նաև, որոշակի կրեդիտներ ունենալու դեպքում, կրթությունը մյուս աստիճանում շարունակելու հարցերը:
Այնուհետև ՍԴ նախագահը Ա. Աշոտյանին ներկայացրեց Գ. Սլոյանի գործը` նշելով, որ նրա առջև դրվել են պատնեշներ, և մարդը օրենսդրության պատճառով ոչ միայն չի կարողանում աշխատել իր նախընտրած մասնագիտությամբ, այլև շարունակել սովորել: Եվ այն հարցին, թե արդյո՞ք լուծվելու է խնդիրը, որ մարդը պետական բուհն ավարտելուց հետո չբախվի նման իրավիճակի, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Այո, լուծվելու է խնդիրը, իսկ թե երբ և ում կողմից, չեմ կարող ասել` կախված է քաղաքական զարգացումներից: Լինելու են մասնագիտություններ, որոնցով արգելված կլինի առանց նախորդ կրթական աստիճանի համապատասխան որակավորում ունենալու գնալ առաջ, և մասնագիտություններ, որոնց դեպքում հարակից մասնագիտությունների շրջանակներում համապատասխան շեմի առկայության դեպքում թույլ կտանք վերամասնագիտանալ»:
Ինչ վերաբերում է ՍԴ-ում վիճարկվող` «Փաստաբանության մասին» օրենքի 45.6-րդ հոդվածին, Ա. Աշոտյանը նշեց, որ իրենք խնդրահարույց չեն դիտարկում այս կամ այն լրացուցիչ սահմանափակումները, որոնց հիմքում օրենք կա:
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի պարզաբանումները լսելուց հետո Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: