Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ Yerkir.am-ը տեղեկություն ստացավ, որ որոշվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի' ՀԷՑ-ի ճակատագիրը:
Yerkir.am-ը փետրվարի 26-ի' «Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը սնանկ կհայտարարվի» հրապարակմամբ արդեն տեղեկացրել էր, որ ընկերությունում ի հայտ եկած ճգնաժամի պատճառով դիտարկվում է ՀԷՑ-ը սնանկ հայտարարելու հնարավորությունը: Իսկ արդեն հաջորդ օրը' «Բացահայտում. թե ինչու ենք շատ վճարում էլեկտրաէներգիայի համար» հրապարակումով մանրամասն ներկայացրեցինք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ՀԷՑ-ում, ինչպես է ընկերությունը հասել սնանկացման եզրին, նշել էինք մեր դիտարկումները, թե հնարավոր ինչ զարգացումներ են սպասվում' ուղղված ընկերությունը խորը ճգնաժամից հանելուն: Մասնավորապես' դիտարկվող տարբերակներից մեկն էլ այն էր, որ ««ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ»-ին ընդհանրապես ձեռնտու չէ ՀԷՑ-ի սնանկացումը, քանի որ այդ դեպքում ընկերության արժեթղթերը բորսաներում միանգամից կէժանանան, ուստի դիտարկել էինք այլ տարբերակներ:
Առաջինը' ընկերությունը սեփական վարչական քաղաքականությամբ փորձում էր փոխել իրավիճակը: Երեւի բոլորն են հիշում ՀԷՑ-ի' խոշոր սպառողների դեպարտամենտի աշխատակիցների կրճատման պատմությունը, որը, սակայն, չստացվեց: Այդ ժամանակ ՀԷՑ-ում փորձում էին խոշոր սպառողներին ոչ թե խմբավորել ու վերահսկել, այլ ուղղակի ցրել տարբեր շրջանների էլեկտրացանցերի վրա, արդյունքում` դրա հաշվին փոքրացնել կորուստների ցուցանիշները' սպառման ցուցանիշները արհեստականորեն մեծացնելով: Զուգահեռաբար աշխատակիցների կկրճատեին, ու վարչական ծախսերը էապես կնվազեին: Սակայն դա չստացվեց, որովհետեւ նախ' խոշոր սպառողների դեպարտամենտի աշխատակիցները, ինչպես հիշում ենք, դուրս ելան բողոքի, եւ ընկերությունը տեղի տվեց, քանի որ չէր ցանկանում ժամանակից շուտ ցույց տալ, որ ընկերությունը ճգնաժամային վիճակում է: Բացի այդ` վախեցան, որ լավագույն մասնագետները կհեռանան, ու ընկերությունը միանգամից կքանդվի: Ուստի անցան մեր նշած մյուս սցենարին: Ըստ այդ սցենարի' «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ»-ը փորձելու էր գնորդ «գտնել» ռուսական բիզնես ոլորտում' ՀԷՑ-ը նրան վաճառելու համար: Իհարկե, նախկինում ԶԼՄ-ներով շրջանառության մեջ էր մտել այն վարկածը, որ ՀԷՑ-ով հետաքրքրված է «Ռոսնեֆտ» ընկերությունը, որ բանակցություններ են ընթանում «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ»-ի ու «Ռոսնեֆտի» միջեւ եւ այլն: Սակայն այս տեղեկատվությունը հերքվեց ՀԷՑ-ի կողմից:
Այսօր արդեն մեր աղբյուրները մեզ տեղեկացրեցին, որ ՀԷՑ-ը վաճառվում է, ընդ որում' ոչ թե «Ռոսնեֆտ»-ին, այլ ռուսական մեկ ուրիշ ընկերության. Հայաստանում ոչ անհայտ «Գազպրոմ»-ին:
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում էր «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ, վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: Այդ այցը, ինչպես հայտնեցին մեր աղբյուրները, պայմանավորված էր հենց ՀԷՑ-ի առքուվաճառքով: Մեր աղբյուրների տեղեկացմամբ` արդեն իսկ ոչ թե նախնական, այլ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական երկու ընկերությունների միջեւ ՀԷՑ-ի առքուվաճառքի վերաբերյալ, ներկայումս ընթացքի մեջ են ՀԷՑ-ը «Գազպրոմ»-ին վաճառելու գործընթացները: Այս փաստը, սակայն, ըստ մեր աղբյուրների, դեռևս թաքուն են պահում' անհարկի ու կողմնակի շահարկումներից ու ռիսկերից խուսափելու նպատակով: Մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ ՀԷՑ-ում այս օրերին կատարվում են վերահաշվարկներ, եւ արդեն մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ' հենց այս ամիս, կհրապարակվի ՀԷՑ-ը «Գազպրոմ»-ին վաճառվելու մասին լուրը:
Ըստ մեր' «Բացահայտում. թե ինչու ենք շատ վճարում էլեկտրաէներգիայի համար» հրապարակման սցենարներից մեկի' ՀԷՑ-ը գնող ընկերությունը կփորձի ՀԷՑ-ում որոշակի ներդրումներ անել, ու դրանով իսկ հիմքեր ստեղծել' ազգաբնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու, դրանով իսկ ՀԷՑ-ի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ամենայն հավանականությամբ, «Գազպրոմը» այդպես է մտադիր անել' լրացուցիչ ներդրումներ անելով, էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել: Երկրորդ' էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար մեկ այլ կարեւոր նախադրյալ էլ կա' Որոտանի կասկադի վաճառքով պայմանավորված: Ըստ այդմ' ամերիկյան ընկերության կողմից կասկադում ներդրումներ կատարելուց հետո կթանկանա նաեւ Որոտանի կասկադից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ինչը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը, քանի որ կասկադի արտադրած էլեկտրաէներգիան Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգետիկ ծավալների զգալի մասն է կազմում:
Սրա արդյունքում, սակայն, ազգաբնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիան կարող է թանկանալ, ինչը, ըստ մեզ հասած տեղեկությունների, այս հարցի ամենադժվար լուծվող կետերից է, քանի որ հաշվի է առնվել նաեւ, թե, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով, հասարակական ընդվզման ինչպիսի ալիք կբարձրանա' անկանխատեսելի հետեւանքներով:
Մեր աղբյուրի կարծիքով' հնարավոր է, որ կիրառվի նախկինում' «Հայռուսգազարդի» պարագայում փորձված օրինակը: Այսինքն' ՀԷՑ-ը սակագները բարձրացնելու հայտ ներկայացնի, կառավարությունը, ինչպես դա եղավ «Հայռուսգազարդի» դեպքում պայմանավորվի, որ վերջնական սակագնի հետ տարբերությունը կվճարվի բանակցությունների ավարտին ու պարտքեր կուտակի: Հիշեցնենք, որ այդպես եղավ գազի թանկացման դեպքում, ինչի պատճառով Հայաստանը «Գազպրոմ»-ին վաճառեց «Հայռուսգազարդ»-ում իր ունեցած 20 տոկոս մասնաբաժինը: Իսկ մի քանի տարի հետո ինչ-որ բան կզիջի ու պարտքերը փակի: Սա, իհարկե, վերջնական չէ, ու կարող է լինել քննարկվող տարբերակներից մեկը միայն: Թե ինչպե՞ս կզարգանան դեպքերը, կերևա մոտ ժամանակներս:
Գ.Ա.