Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ի մի են բերվում 2013 թվականի տնտեսական արդյունքները: «Եվ մենք դեռ առիթ կունենանք դրա մասին խոսելու, բայց նշեմ, որ 2013 թվականի տնտեսական աճը զիջում է 2012 թվականի տնտեսական աճին` եթե 2012 թվականին մենք ունեինք 7 տոկոս տնտեսական աճ, ապա 2013-ին ունենք 3,5 տոկոս»,- ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքերով` այս միտումը հատուկ է համաշխարհային տնտեսությանը, եւ 2013 թվականի առաջին կեսից հետո մասնագետները կանխատեսել էին տնտեսական աճի անկում: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչպիսի տնտեսական աճ է նախատեսված եղել առանձին երկրների, միությունների համար, բայց տարին այդ կանխատեսումների ինչպիսի տարբերությամբ է ամփոփվել:
«Բոլոր տեղերում` կախված թե' համաշխարհային միտումներից, թե' կոնկրետ այդ երկրին հատուկ միտումներից, աճը դանդաղել է: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ. եթե համեմատենք ուրիշների հետ` լավ է, եթե մեր խնդիրները հաշվի առնեք, ապա վատ է, եւ մենք դեռ մեծ աշխատանք պետք է տանենք»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նա ներկայացրեց տնտեսական զարգացումներում իրեն անհանգստացնող միտումները եւ, որպես առաջին այդպիսի միտում, նշեց Հայաստանում կատարված ներդրումների մակարդակի նվազումը: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը նշեց, թե որոշ մասնագետներ ներդրումների նվազումը բացատրում են զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ դրանց տեղափոխմամբ, բայց, այդուհանդերձ, նաեւ սեփական տեսակետը հայտնեց այս հարցի առնչությամբ: Ըստ այդմ` 2013 թվականը Սերժ Սարգսյանը համարում է մեր երկրում անորոշություններով լի տարի, իսկ որտեղ անորոշություն կա այնտեղ ներդրոմները պակասում են: Այնուհետեւ նախագահը հավաստիացրեց, թե այդ անորոշությունների շրջանն ավարտված է, եւ հույս հայտնեց, որ 2014 թվականին թե' ներդրումների ծավալը Հայաստանում կմեծանա, թե' տնտեսական աճ կունենանք:
Նախագահը հռետորական հարց ուղղեց` եթե աճ է գրանցվում, ինչո՞ւ է ազգաբնակչության մոտ բացասական վերաբերմունք ձեւավորված, ու ինքն էլ պատասխանեց, թե վերջին տարիներին Հայաստանն, իրոք, ունեցել է կայուն տնտեսական աճ:
«Միջին աշխատավարձը ավելացել է գնաճից առաջանցիկ տեմպերով: Իմ մոտ կան տարիների բոլոր վերլուծությունները: Եթե վեց տարվա կտրվածքով ասենք` մենք ունեցել ենք միջին տարեկան գնաճ` մեր հանրապետությունում այն կազմել է 140 տոկոս: Սա նշանակում է, որ գնաճի մակարդակը 6 տարիներին ավելացել է 40 տոկոսով: Իսկ միջին աշխատավարձերի աճը կազմել է 160 տոկոս»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Այնուհետեւ, խոսելով ուսուուցիչների մասին եւ նշելով, թե առաջիկայում ուսուցիչների աշխատավարձերը 3-4 անգամ բարձր կլինեն միջին աշխատավարձերից, Սերժ Սարգսյանը, որպես Հայաստանում միջին աշխատավարձի մեծություն, հնչեցրեց 158 հազար դրամը: Շատ դեպքերում, ասաց Սերժ Սարգսյանը, իշխանություններին քննադատողները ներկայացնում են իրենց անխոցելի փաստերը` երբ հրապարակվում են լավ թվեր, ասում են, թե այդ թվերը նկարված են, իսկ երբ հրապարակվում են բացասական թվեր, ապա ասում են` այդ թվերը ճիշտ են:
«Ես ուզում եմ բերել մի կոնկրետ օրինակ, որ ցանկացած տնտեսագետի համար լուրջ ցուցանիշ է: Ինչպես գիտեք, մենք անցյալ տարի թողարկեցինք արտարժութային արժեթղթեր, իհարկե, թողարկեցինք ոչ միայնակ, այլ երեք աշխարհահռչակ ընկերություննների հետ միասին, եւ այդ ընթացում մեր չարակամները, մեզ քննադատողներն ասում էին, թե Հայաստանին պարտք չեն տա, որ Հայաստանի պարտքն այնքան մեծ է, որ եթե նույնիսկ տան, շատ բարձր տոկոսներով կլինեն: Իսկ սեպտեմբերի 3-ից հետո ասացին, թե ընդհանրապես պարտք չեն տա: Բայց մեզ առաջարկեցին 3 միլիարդ դոլար պարտք, մենք վերցրեցինք 700 միլիոն դոլարը»,- ասաց նախաագահը` հավելելով, որ այնինչ այս մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի տոկոսադրույքները 6-ից իջել են 5,5 տոկոսի, ինչը նշանակում է, թե դրանք թանկացել են, ու հարց հնչեցրեց. «Եթե վիճակը վատ է, եթե մեզ չեն վստահում, այդ ինչպե՞ս են մեզ պարտքով փող տալիս»:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր երկրի տնտեսությունն առողջ է, ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, եւ դրանք եւս հիմք են` ապագայում նույնպես լավ տնտեսական ցուցանիշներ ապահովելու համար: