կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 11:35
Քաղաքական

Կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ. Սերժ Սարգսյան

Կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ. Սերժ Սարգսյան

Այսօր կառավարության հերթական նիստն է, որին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մասնակցեց նախագահ Սարգսյանը եւ ելույթ ունեցավ: 

Նախագահը խոսեց այլ ուժերի հետ համագործակցության մասին` նշելով, որ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ ինչպես օրենսդիր ու գործադիր մարմիններում, այնպես էլ ՏԻՄ-երում, անգամ` այդ կառույցներից դուրս: Սակայն համագործակցության միակ նախապայմանը քաղաքավարության ու բարեկրթության նորմերի պահպանումն է:

Սարգսյանը միաժամանակ ընդգծեց, որ քննադատությունը չի կարող համարվել նշված նորմերի խախտում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավել իրավիճակը:

Խոսելով ապագայի ծրագրերի մասին` նախագահը նշեց, որ բոլորը պետք է լինեն պահանջկոտ ու չբավարարվեն ձեռք բերվածով, հակառակ պարագայում` հեռուն չեն գնա: Հիմա սահմանադրական բարեփոխումների անցումային շրջանն է, ինչը նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլը պետք է կատարվեն օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ: Ուստի, ըստ նախագահի, պետք է գործել նպատակասլաց` համադրելով օրենսդիր ու գործադիր իշխանությունների ջանքերը:

Իսկ թե ինչպե՞ս են իրականացնելու կառավարության ծրագիրը, Սերժ Սարգսյանը նշեց, որ թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը, այն պետք է լինի աշխատաոճ ու նոր քաղաքական մշակույթ ձևավորելու ջանք: 

Նախագահը խոսեց նաեւ բարեփոխումները հանրությանը մանրակրկիտ ու մատչելի բացատրելու, իրազեկելու կարևորության մասին: Նման կարևոր աշխատանք է, օրինակ, համայնքների խոշորացման ծրագիրը, որն արդյունավետ կառավարման նպատակով է արվում:

«Թափանցիկությունն ինքնանպատակ չէ, դրա նպատակն է կոռուպցիայի ու հովանավորչության վերացումը: Պետական գնումների համակարգը պետք է լինի ամբողջությամբ վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ հանրության համար»,- ասաց Սերժ Սարգսյանը: