Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին` աշխատանքային օրվա գրեթե ավարտին, ԱԺ նիստեր դահլիճում ներկա պատգամավորները և ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները անսպասելիորեն ցնցվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի բոցաշունչ ելույից: Ելույթը, որն ուղղված էր Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների ու վարած քաղաքականության դեմ, կազմված էր բանաստեղծական քառատողերից, գրականագիտական արտահայտություններից, հոմանիշներից ու բոցաշունչ կոչերից: Բայց ամենաուշագրավն այն էր, որ պատգամավորը ոչ միայն կարդում էր այդ ելույթը, այլ ապրում էր յուրաքանչյուր բառով, ինչպես ասում են «մտել էր դերի մեջ», ու անգամ նախատեսված ժամանակի ավարտից հետո չէր պատրաստվում դադարեցնել ելույթը և դուրս գալ դերից: Նա մինչև վերջ կարդաց իր ելույթը՝ չնայած այն բանին, որ խոսափողը վաղուց արդեն անջատված էր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շվարել էր՝ ոչ այն է՝ ընդհատեր բոցաշունչ ելույթը, ոչ այն է՝ չընդհատեր, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մի կերպ էր պահում ծիծաղը:
«Քանի՞ անգամ եմ աչքերդ հանել, հողիս վրա աչք գցելու համար, մի՞թե դա երբեք դաս չի լինելու, թե՞ ավել արյուն ունես հեղելու:Բորենու ամբարտավան ու ստահոդ ոռնոցն արձագանքեց իր ոհմակի արնատենչ երակներում, նորից նույն մարդակերպ եղկելի արարածն է: Ոխակալ այս վախկոտը, որին կարելի է տրորել, որպես շիլաչ մի նապաստակի, շակալի իր նենգությամբ շարունակում է արյուն հեղել: Բարձր ամբիոնից խոսքս ուղղում եմ քոսի նման մեր կողքին կպած քիրվա-օղլուներին, բախտիարներին, էլդարներին, իլհամներին, ձեր ազերի ճնճղուլը անզոր է մեր բազեների դիմաց: Ով վախկոտներ, չթաքցնելով խորշանքս, հանճարեղ բանաստեղծի շանթող խոսքը շպրտեմ ձեր քոչվոր ցեղի անդեմ ճակատին. Ատում եմ քեզ և քո գահը, արյունարբու մոլագար, եւ քո որդոց, քո մահը, պիտի տեսնենք անպատճառ…»,- սա մի հատված էր Տաճատ Վարդապետյանի ելույթից:
Yerkir.am-ի հետ զրույցում Տաճատ Վարդապետյանը նշեց, որ ինքը ներկայացրել է իր վրդովմունքը սև թաթ սողունի՝ Ադրբեջանի հանդեպ և ակնածանքը քաջորդի Արմեն Հովհաննիսյանի առաջ: Պատգամավորը կարծում է, որ իր ոգևորությունը վարակիչ էր: «Հայրենիքի հոգսով ապրող յուրաքանչյուր հայորդու մոտ կարող են նման տրամադրություններ առաջանան: Ես չտեղավորվեցի երեք րոպեի շրջանակներում, եթե տեղավորվեի, կուզեյի տունդարձի կոչ անել բոլոր հայորդիներին»,- ասաց պատգամավորը: Պատգամավորը շտապեց հայտարարել, որ ինքը թեև մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն «իր էությունն ու պաշտամունքը պոեզիան է»: «Գրքի բույրը ինձ ձգում է, դա կենսապահանջմունք է: Ինքս էլ ստեղծագործում եմ, գրում եմ բանաստեղծություններ»,- հայտարարեց նա: