կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 18:03
Առանց Կատեգորիա

Ալկոհոլի գովազդ` հանուն մեդիաբիզնեսմենների շահերի

Ալկոհոլի գովազդ` հանուն մեդիաբիզնեսմենների շահերի

Կառավարության` այս տարվա անդրանիկ նիստում` հունվարի 9-ին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Գովազդի մասին»  օրենքում ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների` փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու նախագիծ էր բերել` դնելու կառավարության հաստատմանը: Այդ փոփոխություն-լրացումներով, մասնավորապես, առաջարկվում էր հանել թունդ ալկոհոլային խմիչքների հեռուստատեսային գովազդի արգելքը եւ այն փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր: Դրանով,  իբր, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կապահովվեն հեռուստաընկերությունների համար:

 

 «Գովազդի մասին» գործող օրենքով` զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ամբողջ օրվա ընթացքում, առանց որեւէ սահմանափակման, թունդ ալկոհոլային խմիչքներից (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) թույլատրվում է միայն կոնյակի գովազդը, ընդ որում` բացառապես տեղական արտադրության՝ հայկական կոնյակի: Ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին պետք է հնարավորություն տրվի երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ:

 

«Օրենսդրական նախաձեռնության հիմքում ընկած է այն պարզ հիմնավորումը, որ, մի կողմից, նշված ժամերին բնակչության անչափահաս հատվածը չի դիտում հեռուստատեսություն, հետեւաբար, գործող օրենքի տրամաբանական սահմանափակումները մնում են ուժի մեջ, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունում սպառվող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, գործող օրենքի սահմանափակումներով պայմանավորված, մեր երկրի համար չեն նախատեսում գովազդային բյուջեներ, ինչը տարեկան կտրածքով բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են, ինչպես ֆինանսատնեսական ճգնաժամի հետեւանքով ծանր ֆինանսական իրավիճակում հայտնված հայաստանյան հեռուստատեսությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ, դրանից գանձվող պետական բյուջեի մուտքերի տեսանկյունից»,- նշվում է օրենսդրական նախաձեռնության հիմնավորումների մեջ:

 

Հաշվել են շահույթը, իսկ վնասն ո՞վ պետք է հաշվի

 

Այս նախաձեռնության «ճարտարապետները»` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արթուր Գևորգյանը, նշում են, թե նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ գովազդատուների կողմից` գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով, տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստաընկերություններին, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական վիճակը: Այս հիմնավորումը, բնականաբար, պետք է ունենա լրացուցիչ հաշվարկներ, տեղեկանք- հիմնավորումներ, վերլուծություն կամ այլ բան, որոնցով հնարավոր կլինի գնահատել, թե իրականում ինչպիսի՞ ֆինանսական ազդեցություն կունենա այն:

 

Այդպիսի հաշվարկներ չպետք է լինեին, քանի որ նման գովազդն արգելված է եղել, հետեւաբար` նման գովազդի համար էլեկտրոնային լրատվամիջոցները գնային առաջարկներ, նաեւ կանխատեսումներ ու հաշվարկներ չունեն: Իսկ եթե օրինագծի հեղինակները թիվ են նշում, նշանակում է, որ այդպիսի ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, կան:  Այդ պայմանը հաշվի առնելով էլ` դիմեցինք օրենքի նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանին` որոշ մանրամասներ ճշտելու նպատակով: Սակայն պատգամավորն ասաց, թե բոլոր հիմքերն ու հիմնավորումները ներկայացված են նախագծում, եւ ինքը նոր բան չունի ասելու...

 

Սա մեզ առիթ է տալիս` ասելու, որ կա'մ այդպիսի վերլուծություններ իրականում գոյություն չունեն, կա'մ էլ ամեն ինչ շատ ավելի պլանավորված ու կազմակերպված է, քան կարող ենք պատկերացնել: Օրինակ' եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը կառավարությունն արգելեց գովազդ հեռարձակել, որոշ բացառություններով հանդերձ, ապա մյուս հեռուստաընկերությունների համար բավականին լավ հեռանկար է բացվում գովազդի շուկայում: Իսկ մյուս հեռուստաընկերությունները ունեն տերեր... Այսինքն' այդ տերերը, բնականաբար, կուզեն ավեի շատ եկամուտներ ունենալ, այդ թվում` նաեւ ալկոհոլի գովազդից:

 

Երկրում ստեղծված ֆինանսա-տնտեսական վիճակը, բնականաբար, վատ է անդրադառնում նաեւ գովազդի շուկայի վրա: Հայաստանյան տնտեսվարողները, ինչպես բազմիցս նշել են հեռուստաընկերությունների տարբեր ներկայացուցիչներ, ավելի են սեղմել իրենց գովազդային պորտֆելները: Ու հեռուստաընկերությունների սեփականատերերը մտածում են ֆինանսավորման նոր աղբյուրների մասին, այդ թվում` նաեւ թունդ ալկոհոլի գովազդի միջոցով: Իսկ այս սեկտորում պատկերը հետեւյալն է' երբ ալկոհոլի գովազդի սահմանափակումները մտցվեցին, տեղական արտադրողները անցան ոչ թե ապրանքատեսակների, այլ արդեն բրենդի գովազդին` օգտագործելով օրենքով չարգելված ապրանքները գովազդելու հնարավորությունը, օրինակ` արտադրում են նաեւ կոնյակ ու անկաշկանդ գովազդում այն` զուգահեռաբար հիշեցնելով իրենց բրենդի մասին: Այսինքն' նրանք այս կամ այն կերպով արդեն գովազդում են իրենց արտադրանքը, բնականաբար, գովազդի համար նախատեսված բյուջեներ ունեն եւ ավելին ակնկալել նրանցից, մենեջմենթի առումով, ճիշտ չէ: Ուրեմն` մնում է արտասահմանից ներկրվող ալկոհոլային խմիչքների գովազդը: Այսինքն' ամենայն հավանականությամբ, օրենքի փոփոխությունով նախատեսվում է  հայկական գովազդային շուկայում ընդգրկել ներկրվող ալկոհոլի գովազդը ու դրանով միջոցներ ապահովել, օրինակ, հեռուստաընկերությունների համար:

 

 

Ով է ուզում մեզ համոզել' թունդ ալկոհոլ օգտագործել

 

Քանի որ այս ոլորտում էլ սահմանված են ներքին խաղի կանոններ, թե ովքեր պետք է ներկրեն ալկոհոլ եւ այլն, ապա ենթադրվում է, որ ալկոհոլի գովազդի դաշտը եւս մենաշնորհացման միտում ունի, իսկ օրենքի շուրջ իրավիճակ «սրողները»' մեդիահոլդինգները, եւ հեռուստաընկերությունների տերերը նույնանում են, թեեւ այս թեզն առայժմ իրավական տեսանկյունից հնարավոր չէ ապացուցել:

 

Բայց այս դեպքում արդեն առաջանում է ալկոհոլի գովազդի բացասական հետեւանքների մասին մտահոգություն, որը մեկ անգամ չէ, որ նշվել է: Հաշվի առնելով ալկոհոլի դերը` որպես ոչ վարակիչ հիվանդությունների, ճանապարհատրանսպորտայիան պատահարների, բռնության ռիսկի գործոն, ինչպես նաև ալկոհոլի օգտագործման վնասները  վերարտադրողական առողջության պահպանման և առողջ սերունդ ունենալու գործում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել է մի շարք որոշումներ (WHA58.26 «Ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված առողջապահական խնդիրներ», WHA57.16 «Առողջ ապրելակերպի քարոզչություն», WHA61.4 «Ալկոհոլի վնասակար ազդեցության կանխարգելմանն ուղղված ռազմավարությական ուղղություններ»), որոնց համաձայն` անդամ երկրները  իրականացնում են գործողություններ` նվազեցնելու համար ալկոհոլի վնասակար ազդեցությունը եւ դրա դերը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման գործում: Հայաստանի Հանրապետության կառավարության` 2010 թվականի հունվարի 29-ի նիստի N3 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման  և բուժման հայեցակարգը, որում ևս ալկոհոլը նշվել է որպես ռիսկի գործոն:

 

 Օրենսդրական նախաձեռնության հեղինակները «ամրագրում են», թե նախաձեռնությամբ պահպանվում է բնակչության անչափահաս հատվածի վրա ալկոհոլային խմիչքների գովազդի ազդեցության սահմանափակումը, քանի որ ժ. 06:00-ից մինչեւ 22:00-ն զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելվում է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը: Դեռ մի կողմ թողնենք, որ մեծահասակներին վնասակար հակումների դրդելը, իսկ ալկոհոլի գովազդը հենց այդպիսին է, չի կարելի ճիշտ համարել: Անդրադառնանք հարցի մյուս կողմին` իսկ ո՞վ կարող է երաշխավորել  որ երեկոյան ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 6.00-ը ոչ մի անչափահաս կամ դեռահաս չի տեսնի այդ գովազդը: Ոչ ոք: Իսկ եթե տեսնի...

 

Նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացությունը ներկայացնելիս զեկուցաբեր Դերենիկ Դումանյանը նշում էր, որ ալկոհոլի վնասակար ազդեցությամբ  պայմանավորված ոչ վարակիչ հիվանդությունների թվի, հատկապես' շաքարային դիաբետի, ալկոհոլի ազդեցությամբ տեղի ունեցած բռնության դեպքերի և ճանապարհատրանսպորտային պատահարների աճը, ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված վերարտադրողական առողջությանն հասցված վնասները հանրային առողջապահական զգալի ռիսկեր են պարունակում և կավելացնեն առողջապահական պետական եւ մասնավոր ծախսերը:

 

Բացի այդ` ալկոհոլի եւ ծխախոտի գովազդի արգելքը պայամանավորված է նաեւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: Հարց է առաջանում' մի՞թե Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններն արդեն չկան, թե՞ դրան, ինչպես նաեւ ալկոհոլի գովազդի հարուցած ռիսկերն ավելի անկարեւոր են, քան հեռուստաընկերությունների' շահույթ ստանալու պայմանը... Իհարկե, կան, ավելին` այդ պարտավորությունների կատարման համար թե' տարբեր պետական մարմիններ, թե' ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ ստացել են բազմաթիվ ֆինանսական միջոցներ` ալկոհոլի դեմ պայքարն ավելի արդյունավետորեն իրականացնելու համար: Արդյունքում ծնվել են ալկոհոլի գովազդը համապարփակ արգելող օրենսդրական փաթեթները: Իսկ հիմա այս արգելքը, փաստորեն, ցանկանում են հանել:

 

Ամեն ինչից երեւում է, որ այս նախաձեռնությունը սուբյեկտիվ կամաարտահայտության արդյունք է նաեւ: Որովհետեւ հենց այն ժամանակ, երբ Դերենիկ Դումանյանը ընթերցում էր նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու մասին որոշման նախագիծը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանկարծ որոշեց, որ չպետք է «միանգամից» բացասական եզրակացություն տալ ՀՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, «որովհետև ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալիս, իսկ կառավարությունը բացասական կարծիք է տալիս»:

 

Այս ամենի արդյունքում տպավորություն ենք ստանում, որ ինչ-որ մի ազդեցիկ գործարար, պաշտոնյա կամ «գորշ կարդինալ», ով նաեւ սերտ առնչություն ունի մեդիաբիզնեսի հետ, ունի նաեւ ուժեղ լոբբի ԱԺ-ում, փորձում է ալկոհոլային գովազդի միջոցով լրացուցիչ եկամուտներ ապահովել իր էլեկտրոնային լրատվամիջոցների համար...

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ