կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-01-05 21:36
Առանց Կատեգորիա

Ամանորի ռապսոդիա

Ամանորի ռապսոդիա

Վերջ, եկող տարի էլ Նոր տարի չենք անելու. էս ի՞նչ ա՝ ես ձեր տուն, դուք՝ մեր տուն, ոնց որ տունտունիկ խաղանք, այ մարդ: Մի օր պիտի վերջը տրվի՞ էս ամենին, թե չէ: Հա, ի՞նչ էի ասում, եկեք էս բաժակով էլ տան մեծերի կենացը խմենք. մեր գլխից անպակաս լինեք, ինչքան գանք՝ սեղանի գլխավերեւում նստած լինեք:

***

Շատ բան չեմ բերել, ձեր խանութը փակ էր, խմիչք չկարողացանք առնել, բոնբոներկա ա մենակ. վրան նշան կանեք, որ ինձ հետ չբերեք: Վայ, չգիտեի, որ թոռներդ էլ են տանը, թե չէ՝ երեխեքին մի բան կբերեի: Այ, հոգնեցինք էս անտերից էլ, հա՝ գնա-արի, գնա-արի: Զգում եք՝ տարեցտարի հավեսն անցնում ա, ոնց որ կամաց-կամաց համը դուրս ա գալիս: Լավ, եկեք խմենք՝ շնորհավոր լինի, էս տարի հաջողության տարի լինի, զույգ տարի ա, ով էլ ամուսնացած լինի՝ զույգվի:

***

Բան չտաքացնեք, հենց նոր մամայենց տուն էինք գնացել: Վայ, ձեր բուդն ինչ մեծ ա, լսի, ես էս տարի բուդ չեմ առել, հնդկահավ ենք դրել փուռը ու նապաստակ: Հերիք ա: Մյուս տարի էլ աղցան չեմ անելու, բայց բլինչիկն եմ շատ անելու. էս տարի ամսի 2-ին բլինչիկս վերջացավ: Բան մի տաքացրեք, մենակ բլինչիկ բեր, մերը վերջացել ա: Արի մի բաժակ բան խմենք, նոր կբերես: Շնորհավոր լինի, ձեր օջախի կենացը, Աստված մեկներդ տաս սարքի, ինչն էլ պակասացնենք, ավելացնի:

***

Միրգ ուտող չկա, այ մարդ, մի իզուր կտրեք, մնալու ա՝ սեւանա: Մենք մեր անանասը չենք էլ կտրել. աչքիս մնա մյուս տարի էլ սեղան դնենք: Ուֆֆ, հոգնեցինք, էսքան ուտել կլինի. մի հատ ջրիկ բան լիներ՝ ուտեինք: Էդ կոտլետները պահի, Նոր տարուց հետո կգանք, կուտենք: Էս մի բաժակով էլ խմենք անցավորների ու բացակաների կենացը. էհ:

***

Ձեր սալաթներն ինչ թարմ են մնացել, մերից արդեն հոտ էր գալիս, թափել եմ: Լսի, ձեր չարազը լավ էլ պահպանվել ա, մերը մենակ չամիչներն ա մնացել, էն էլ՝ Զատիկի փլավի մեջ կլցնեմ: Չնայած ի՞նչ փլավ, ո՞վ ա ուտելու, ոչ էլ կանեմ, շատ պետքս ա: Ձուկ, փլավ, գինի, թե ասա՝ էս օրերին ո՞վ ա ըտենց բաներ ուտում, չէ՞: Դե, շնորհավոր, ուրախ, առողջ տարի լինի, Աստծո Աջն էլ ձեր օջախից անպակաս լինի:

***

Բալեւ ձեզ: Վայ, Կալին, էս տոնածալ չե՞ք դլել...

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ