կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-24 12:15
Քաղաքական

Լրագրողները չեն պառկել, չեն մերկացել, ընդամենը լռությամբ պաստառ են բարձրացրել

Լրագրողները չեն պառկել, չեն մերկացել, ընդամենը լռությամբ պաստառ են բարձրացրել

«Գազային» համաձայնագրերի քվեարկությունները վերաբերում էին երկրի ապագային, ազգային անվտանգությանը, իսկ երիտասարդները, լինելով երկրի ապագան, չպետք է թույլ տային, որ օրինագծերն անցնեն խորհրդարանում: Այս մասին այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ասաց hetq.am կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը:

 

Հիշեցնենք, որ նա մեկն էր այն լրագրողներից, ովքեր երեկ խորհրդարանում իրենց բողոքն էին արտահայտել ֆլոշ մոբի միջոցով` կանգնելով պատգամավորների առջեւ և պարզելով պաստառներ` «Մի վաճառեք» , «Խելքի եկեք, արա», «Որոշողը մենք ենք» կոչերով:

 

Գրիշա Բալասանյանը նշեց, որ թեև չկարողացան կանխել օրինագծերի վավերացումը, բայց գոնե ցույց տվեցին, որ իշխանությունները պետք է հաշվի նստեն երկրի քաղաքացիների հետ: «Դրսում սառույցի վրա մարդիկ հավաքվել են, բողոքում են, իսկ իշխանությունները նրանց բանի տեղ չեն դնում, կարծիքը հաշվի չեն առնում: Մենք էլ փորձեցինք նրանց ձայնը տեղափոխել խորհրդարանի նիստերի դահլիճ: Կարծում եմ` ստացվեց, ամեն դեպքում` սա դաս կլինի նրանց համար»,- ասաց լրագրողը:

 

Ինչ վերաբերում է տարատեսակ քննադատություններին, թե լրագրողների բողոքի ակցիան խորհրդարանում լրագրողական էթիկայի կոպտագույն խախտում էր, Գրիշա Բալասանյանը նշեց, որ ինքը երևույթի մեջ էթիկայի խախտում ամենևին չի տեսնում, քանի որ լրագրողները որևէ կերպ չեն խոչընդոտել, կոչեր չեն արել, չեն պառկել, չեն մերկացել, ընդամենը լռությամբ պաստառ են բարձրացրել: Ըստ Գրիշա Բալասանյանի` կարգի խախտում էլ չի եղել, որովհետև լրագրողները մտել են օրինական ճանապարհով` լրագրողները նիստի առաջին 30 րոպեներին իրավունք ունեն ներս մտնելու նիստերի դահլիճ:

 

«Ես օրինական ճանապարհով մտել եմ, լուռ, պաստառի միջոցով արտահայտել եմ իմ բողոքը: Հանրապետական պատգամավորները հորդորում էին ԱԺ նախագահին դուրս հանել դահլիճից բողոքող լրագրողներին: Բայց ի պատիվ ասեմ, թե` ինչ` ԱԺ նախագահը դուրս չհանեց մեզ, այլ շարունակեց աշխատանքը»,- ասաց Գրիշա Բալասանյանը` հավելելով, որ անվտանգության աշխատակիցներն էլ չեն միջամտել,  և իրենք ինքնուրույն դուրս են եկել նիստերի դահլիճից: Լրագրողը համարում է, որ եթե անգամ խախտում է թույլ տվել, ապա դա արել է գիտակցաբար, քանի որ այդ պահին իր համար կարեւոր էր պետության ու հասարակության շահը, քան ոմանց համար լոզունգ դարձած ու այդպես էլ երբեւէ կիրառություն չունեցող էթիկայի նորմերը:

 

Գրիշա Բալասանյանը իրենց բողոքի ակցիան քննադատող խմբագիրներին ու մեդիափորձագետներին հորդորում է իրենց ուժերը կենտրոնացնել որոշ պատգամավորների վարքագծի վրա, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում այնտեղ հավատարմագրված լրագրողներին վիրավորելու համար: «Եթե, այդ պայմաններում աշխատելով, կարող են էթիկայի մասին վերամբարձ հայտարարություններ անել, ուրեմն ներողություն եմ խնդրում, որ իմ գործողություններով «խայտառակել» եմ իրենց` որոշ խմբագիրների ու մեդիափորձագետների բարձր կոչումը: Մի բան էլ` ԱԺ նիստերի դահլիճ մտել եմ լրագրողական բեյջով, մի քանի լուսանկար արել ու ակցիայի ժամանակ հանել եմ լրագրողական բեյջս եւ իմ բողոքն արտահայտել` որպես երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի»,- ասաց նա: