կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 18:50
Առանց Կատեգորիա

Անմեղսունակության ցուցահանդես` խորհրդարանում

Անմեղսունակության ցուցահանդես` խորհրդարանում

ԱԺ քաղաքական մեծամասնությունը դեռևս երբեք այնպիսի խեղճուկրակ տեսք չէր ունեցել, ինչպես կառավարությանը պատկանող` «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը վաճառելու մասին համաձայնագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ: Եվ դա բնական է. չնայած այդ տեսքով ու խայտառակ բովանդակությամբ համաձայնագրի ստորագրումն արդարացնելու մի քանի անհաջող, որոշ դեպքերում ուղղակի դեմագոգ փորձերին, ըստ էության, արդարանալու տեղ չուներ: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով ոչ միայն կամ ոչ այնքան «Գազպրոմ»-ին է տրվում այդ 20 տոկոս բաժնեմասը, որքան ռուսական այս ընկերության համար բիզնես գործունեության պարզապես աննախադեպ արտոնյալ պայմաններ են ստեղծվում, և փաստացի պետական ինստիտուտները և էներգետիկ համակարգը կախվածության մեջ են ընկնում այս ընկերության կորպորատիվ շահերից:

 

Մեծամասնության նման խղճուկությունը, ասելիք չունենալը բացատրվում է երկու իրողությամբ: Նախ` մեծամասնությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ համաձայնագիրը չվավերացնելու տարբերակ գոյություն չունի: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր եզրափակիչ ելույթում հատուկ ընդգծեց, որ եթե այդ պայմաններով համաձայնագիրը չստորագրվեր, հայկական կողմը ոչ թե 300, այլ դրան գումարած նաև 800 մլն դոլարի պարտքի տակ էր ընկնելու ռուսական գազի թանկացման պատճառով: Այլ կերպ ասսած` Հայաստանն իր ինքնիշխանությունը, օրենսդիր ու գործադիր իշխանությունների որոշ լիազորությունների հանձնումը «Գազպրոմ»-ին գնահատեց ճիշտ 1.1 մլրդ դոլար: Դրանով ստեղծվեց մի չափազանց վտանգավոր նախադեպ` նման եղանակով պետական գույքի օտարումը նշանակում է, որ եթե ոչ գործնականորեն, ապա տեսականորեն հնարավորություն է ի հայտ գալիս հետագայում թաքուն պարտքեր կուտակել և դրանք մարելու համար օտարման դնել հնարավոր ամեն ինչ` ընդհուպ տարածքներ:

 

Երկրորդ` կառավարությունը 3 տարի շարունակ գազի գնի շուրջ բանակցել էր փաստացի նույն գազի թանկացման պարագայում, որից ոչ միայն հասարակությունը տեղյակ չի եղել, այլև ԱԺ-ն` իր քաղաքական մեծամասնության հետ միասին: Վերջին պահին կառավարությունը ԱԺ-ին է դեմ տալիս մի փաստաթուղթ, որը չի ուղեկցվում ոչ մի լրացուցիչ ապացուցողական բազայով, հիմնավորումներով, հաշվարկներով: Ընդ որում` գործադիրը դա արել է` շրջանցելով մի շարք օրենքներ, այդ թվում` նաև պետական գույքը օրենքով, այսինքն` ԱԺ-ի համաձայնությամբ օտարելու պարտադիր պայմանը, և դա արել է միայն այն պատճառով, որ մինչև վերջին պահը գործարքը մնա հասարակությունից գաղտնի: Արդյունքում` Կառավարությունը մի կողմից խաբել է ԱԺ-ի քաղաքական մեծամասնությանը, մյուս կողմից` իրեն փաստացի իրավունք վերապահել գործելու նրա փոխարեն: Այսինքն` կառավարությունը պարզապես «հատակի շորի» տեղ է դրել խորհրդարանին և նրա քաղաքական մեծամասնությանը, որը, վավերացնելով համաձայնագիրը, ստիպված է արդեն լեգիտիմացնել այդ օրինախախտումները և գործադիրի հետ կիսել դրա պատասխանատվությունը, այդքանի հետ միասին` դեռ ԱԺ-ում փրկել կառավարության դեմքը` ընդդիմության հնչեցրած քննադատությունների պաշտպանելով:

 

Եթե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսպես է պատկերացնում խորհրդարանի քաղաքական կշիռը և հեղինակությունը բարձրացնելու` իր իսկ հռչակած սկզբունքի կենսագործումը, ապա կարելի է համարել, որ նա հասել է չտեսնված, աննախադեպ արդյունքների: Եթե ԱԺ մեծամասնության ներսում արժանապատվությունը դեռ գործոն է, և դրա հենքի վրա ներքին ըմբոստություն չառաջանա, կառավարությունը ԱԺ կոճակ սեղմող մեծամասնության միջոցով, թերևս, կհասնի համաձայնագրի վավերացմանը` այդպես էլ առանց բացատրելու, թե ո՞րն է Հայաստանի տնտեսական, էներգետիկ և տարածաշրջանային քաղաքական օգուտը այս պայմանագրից, այն դեպքում, երբ առավել քան հաշվարկելի ու շոշափելի են դրանից «Գազպրոմի» օգուտները: Կառավարությունն այդպես էլ անպատասխան կթողնի այն հարցերը, թե ինչո՞ւ է ընդամենը 5 տարի անփոփոխ գնով գազ ստանալու դիմաց 6 անգամ ավելի երկար ժամանակով «Գազպրոմ»-ին իր գլխին դարձնում վերակացու, ինչո՞ւ ռուսական կողմի հետ տարված բանակցություններում հնարավոր չի եղել հասնել Հայաստանի համար ավելի ձեռնտու պայմաններ ամրագրող տեքստի:

 

Եվ վերջապես` կառավարությունն այդ արդյունքին հասնելու է` առանց բացատրելու, թե եթե սա շատ նորմալ համաձայնագիր է, ապա ինչո՞ւ հնարավոր չէր գազի պարտքի կուտակման, փակման և դրա պայմանների շուրջ ռուական կողմի հետ համաձայնությունների հասնելու խնդիրը լուծել` առանց ՀՀ օրենսդրությունն արհամարհելու, պետական իշխանության ինստիտուտների իրավունքները ձեռքի թաշկինակի վերածելու, որոնց արդյունքում, կարելի է ասել` դրվեց իրավական Հայաստանի արդեն որերորդ տապանաքարը: Ի դեպ, այս առումով «անգնահատելի» էր Սահմանադրական դատարանի կայացրած` համաձայնագիրը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու մասին կոնյունկտուրային որոշումը, որով նա զրկեց խորհրդարանին այդ փաստաթուղթը իրավական գնահատականի ենթարկելու հնարավորությունից:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ