կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 16:57
Առանց Կատեգորիա

Անմեղսունակության ցուցահանդես

Անմեղսունակության ցուցահանդես

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները երեկ Հյուսիսային Իռլանդիայի Էնիսկիլեն քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակում հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հերթական համատեղ հայտարարությամբ:

 

Արդեն 5-րդ տարին է, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներն այս ձևաչափով նման, գրեթե նույնաբովանդակ հայտարարություն են ընդունում հակամարտության կարգավորման վերաբերյալ, որից, սակայն, բուն կարգավորման գործընթացը փաստացի մեռյալ կետից առաջ չի գնում: Ամենաբարձր մակարդակով արվող այս հայտարարությունները վերածվում են «Մեծ ութնյակի» արարողակարգային բարի ավանդույթներից մեկը: Սակայն այս տարի եռյակի հայտարարությունն առանձնակի «հմայք» ուներ: Այն հրապարակվեց ՄԽ համանախագահող երկրներից մեկի` Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերից մեկին` Ադրբեջանին, հսկայական խմբաքանակով` մոտ 1 մլրդ դոլարի, գերժամանակակից հարձակողական զինտեխնիկա և զինամթերք վաճառելու մասին թարմ տեղեկատվության ֆոնին: Մինչդեռ Էնիսկիլենի հայտարարության մեջ համանախագահող երկրների ղեկավարները, այդ թվում` նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չեն մոռացել հատուկ ընդգծել. «Ռազմական ուժի կիրառումը, որի արդյունքում ձեւավորվել է հակամարտության ու անկայունության ընթացիկ իրավիճակը, չի հանգուցալուծի հիմնախնդիրը: Ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետեւանքներ կունենա տարածաշրջանի համար եւ կհանգեցնի մարդկային զոհերի, ավերածությունների, փախստականների թվի աճի, հսկայական ֆինանսական ծախսերի»: Այսինքն` ստացվում է, որ մի կողմից համանախագահող երկրները փորձում են զսպել պատերազմի վերսկսումը, ակնհայտորեն Ադրբեջանի կողմից նախահարձակ լինելու սպառնալիքների ներքո, իսկ մյուս կողմից` նրանցից մեկն ակտիվորեն զինում է նույն Ադրբեջանին, իսկ մյուսները, հանդես գալով ստանդարտ ու, ըստ էության, ոչինչ չասող հայտարարությամբ, որևէ մակարդակով անգամ ակնարկ չեն անում դրա մասին:

 

Իհարկե, Ռուսաստանը զինում է ոչ միայն Ադրբեջանին: Գաղտնիք չէ, որ Մոսկվան զինում է նաև Հաայստանին: Ընդ որում` ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը Հայաստանին հնարավորություն է տալիս ռուսական զենքը ձեռք բերել համեմատաբար ավելի մատչելի, Ռուսաստանի ներքին շուկայական գներով: Սակայն կա երկու շատ կարևոր տարբերություն: Նախ` Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում հենց այն պատճառով, որ ավելի մեծ ինտենսիվությամբ դա անում է Ադրբեջանի պարագայում: Այսինքն` սպառազինության մրցավազքում սեփական միջոցներով հարևանին զիջող Հայաստանին զինամթերք մատակարարելով` Մոսկվան ընդամենը փորձում է պահպանել որոշակի, սահմանային հավասարակշռություն: Բայց եթե Բաքվին ժամանակակից տեխնիկա, հրթիռային կայաններ է վաճառում պատկառելի խմբաքանակներով, Հայաստանին հուսադրում է առայժմ խոստումներով` մի կողմից 2010թ օգոստոսին արված թիվ 5 արձանագրային լրացմամբ, որով Գյումրիի 102-րդ ռուսական բազային վերապահվում է նաև ՀՀ զինված ուժերի հետ համատեղ Հայաստանի անվտանգության ապահովումը, իսկ մյուս կողմից` ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանին օգնելու` առայժմ երբևէ չնյութականացած պարտավորության շահարկմամբ:

 

Երկրորդ տարբերությունն այն է, որ եթե Ռուսաստանը զինտեխնիկան վաճառում է Ադրբեջանի զինված ուժերին, որը կարող է այն օգտագործել ինչպես ցանկանա, ապա Հայաստանի պարագայում խոսքն ավելի շատ գնում է Գյումրու ռազմաբազան հագեցնելու մասին, որը, բնականաբար, էականորեն սահմանափակում է դրանից օգտվելու` Հայաստանի հնարավորություններն ու իրավունքները:

 

Այնպես որ` հակամարտության կարգավորման խնդիրն աստիճանաբար հանգում է մի իրավիճակի, երբ առաջին պլանում հայտնվում է ոչ թե բուն բանակցային գործընթացը, այլ Ադրբեջանի խելահեղ սպառազինումը` միջազգային հանրության անտարբեր հայացքի ներքո, իսկ որոշ դեպքերում նաև, ինչպես համոզվում ենք, ընդհուպ օգնությամբ:

 

Սակայն սա ոչ միայն դիտորդի կամ միջնորդի դեր ունեցող միջազգային հանրության, այլև, առաջին հերթին, Հայաստանի խնդիրն է` սեփական անվտանգության և դրա համար ավելի վստահելի երաշխիքների ապահովման առումով: Նման մասշտաբի ռազմական գործարքի ֆոնին արդեն ուղղակի օրախնդիր է դառնում միջազգային հանրության կողմից Բաքվին զսպելու` գործադրվող ջանքերով բավարարվելու և սեփական անվտանգությունը բացառապես դրանցով պայմանավորելու ներկայիս քաղաքականությունը: Իսկ այսօր հենց այսպիսի ուղեգիծ էլ տարվում է: Ընդամենը օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարզ ու հստակ հայտարարեց. «Մենք տեղյակ ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և հետևում ենք նրանց գործողություններին»: ՀՀ արտգործնախարարը օրեր անց փաստացի վերահաստատում է դա: Արձագանքնելով Էնիսկիլենի հայտարարությանը, նա, մասնավորապես, ասում է. «Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի։ Ցավոք, մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում»։ Այսինքն` պաշտոնապես գրեթե հաստատվում է, որ գտնվում ենք պատերազմական գործողությունների վերսկսման նախաշեմին: Մինչդեռ ի՞նչ է անում Հայաստանը. ի դեմս արտգործնախարարի` ընդամենը շտապում է իր լիակատար համաձայնություն հայտնել մի հայտարարության, որը կատարելապես անատամ է, ոչ ադեկվատ նախապատերազմական իրավիճակին և բացարձակապես անտեսում է ոչ միայն Ադրբեջանի բացահայտ սպառազինումը` դրա սահմանափակման միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտումներով, այլև իր ռազմավարական դաշնակցի կողմից Բաքվի այդ ախորժակը բավարարելու` ցինիզմի հասնող պրագմատիկ քաղաքականությունը: ՀՀ արտգործնախարարի այդ արձագանքում, որքան էլ զարմանալի թվա, ոչ մի բառ, անգամ հպանցիկ ակնարկ այդ մասին գոյություն չունի: Եթե անգամ պատերազմի վերսկսման վտանգը պաշտոնապես հաստատելու պարագայում է Երևանը նման անմեղսունակություն դրսևորում` անպատասխան թողնելով Մոսկվայի այս պահվածքը, ապա չի կարելի զարմանալ, թե ինչպիսի հանգստությամբ է պատրաստվում հրաժարվել, իբրև պետություն, իր էներգետիկ անկախության, հպարտության վերջին սիմվոլիկ պատառիկներից` «Հայռուսգազարդ»-ում ունեցած 20 տոկոս բաժնեմասից: Այնպես որ` այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, լիովին օրինաչափ է:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ