կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 17:15
Առանց Կատեգորիա

ՍԴ կանխորոշված որոշմանը սպասելիս

ՍԴ կանխորոշված որոշմանը սպասելիս

Ազգային ժողովի քաղաքական փոքրամասնությունը ներկայացնող 4 խմբակցություններ` Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Ժառանգություն»-ը, այսօր համատեղ դիմում ներկայացրին Սահմանադրական դատարան, որով վիճարկում են արդեն իսկ ընդունված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի սահմանադրականությունը:

 

Հիշեցնենք, որ այդ օրենքով արդեն 2014թ. հունվարից 1974թ. և դրանից հետո ծնված, ներկայումս աշխատող բոլոր քաղաքացիների աշխատավարձերից 5-10 տոկոսի չափով պահումներ են արվելու, որոնք փոխանցվելու են պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշիվներին: Դա այն դեպքում, երբ կառավարությունը հստակ չի հայտարարում, որ այդ հաշիվների կառավարման, թափանցիկության և շահառուների մասնակցության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են արդեն 15 օրից ուժի մեջ մտնող նոր համակարգի պրակտիկ կիրառությանը:

 

Թե ե՞րբ Սահմանադրական դատարանը քննության կառնի դիմումը, առայժմ պարզ չէ: Օրենսդրությամբ այն քննությունը սկսում է ոչ ուշ, քան դիմումի մուտքագրումից 20 օր հետո: Այսինքն` չի բացառվում, որ դիմումի քննության նպատակով ՍԴ-ն նիստ կհրավիրի 2014թ. սկզբներին, երբ օրենքն արդեն կիրառական ուժ կունենա: Այս տեսակետից ի հայտ է գալիս երկու հարց: Նախ` արդյո՞ք ՍԴ-ն պատրաստ է կամ ունակ է անցկացնել անաչառ քննություն և կայացնել այնպիսի որոշում, որը բխում է ոչ թե քաղաքական կոնյունկտուրայի շահերից, այլ Սահմանադրության տառից ու ոգուց: Իր գոյության ողջ ընթացքում ՍԴ-ն երբեք պետական իշխանության սպասարկուի նեղ շրջանակից դուրս չի եկել այն պարզ պատճառով, որ նրա անդամները իշխանական կոնյունկտուրայի անքակտելի մասերն են:

 

Սակայն այս դեպքում իրավիճակը շատ ավելի տխուր ու անհույս է: Խնդիրն այն է, որ նրանք արդեն իսկ ստացել են ներկայացրած դիմումը անհիմն որակելու, այսինքն` կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը ցանկացած պարագայում Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու քաղաքական հրահանգ կամ պատվեր և ստացել են ամենավերևից: Անցած շաբաթվա վերջին, երբ արդեն պարզ էր, որ 4 խմբացկությունները մշակել են դիմումի տեքստը և հավաքել են ՍԴ դիմելու համար անհրաժեշտ բավարար թվով ստորագրություններ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը էկոնոմիկայի նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ հատուկ անդրադարձավ այս թեմային և բառացիորեն նշեց հետևյալը. «Գիտեք, այդ խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել և ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է»:

 

Ուշադրություն դարձնենք` նախագահը խոսում է ոչ թե ընդհանրապես կենսաթոշակային կուտակային համակարգի նկատմամբ իր դրական վերաբերմունքի մասին, այլ հենց այն օրենքի, որի սահմանադրականությանը օրեր անց անդրադառնալու է ՍԴ-ն: Պարզ է, որ սա ուղղորդում էր ՍԴ-ին առ այն, որ պետք է ոչ այնքան իրավական, որքան քաղաքական որոշում ընդունի: Հետևաբար, ստորագրահավաք իրականացրած 4 քաղաքական ուժերի և դրանց հետ պայքարի դուրս եկած հարյուրավոր երիտասարդների այս նախաձեռնության ճակատագիրն ի սկզբանե կարելի է կանխորոշված համարել:

 

Երկրորդ` եթե անգամ, զուտ տեսականորեն, ՍԴ-ն վիճարկվող օրենքը սահմանադրական ճանաչի լրիվ արդար ու օբյեկտիվ քննության արդյունքում, արդյո՞ք դա հիմք է համարվելու, որ այս փուլում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման` կառավարության նախաձեռնությունը ճիշտ է: Այս իմաստով ՍԴ-ի կանխատեսելի որոշումը կարող է փակուղային լինել: Այն հիմք է տալու իշխանությանը` պնդելու, որ ՍԴ-ն իր որոշմամբ հաստատում է համակարգի ներդրման ոչ միայն օրինականությունը, այլև նպատակահարմարությունը` անկախ ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության մակարդակից: Ըստ էության` այս իրավիճակում ՍԴ-ն ընդամենը լեգիտիմացնելու է կառավարության կողմից որդեգրված քաղաքական կուրսը` անպատրաստ վիճակով նոր համակարգը գլխապատառ արագությամբ ներդնելը, աշխատավարձերից պահումները կատարելը և այլն: Մինչդեռ այս խնդիրը ոչ թե նոր կենսաթոշակային համակարգի օրինականության մեջ է, այլ կառավարության կողմից այդ ոլորտում իրականացվող քաղաքականության, կատարած ընտրության ռացիոնալության, սոցիալական պահանջվածության և առկա իրականության հետ ադեկվատության: Հետևաբար, ՍԴ դիմելը ոչ թե առանցքային պահ է այս օրենքի գործադրումը կախելու համար, այլ ընդամենը կարող է տակտիկական ինչ-որ հանգրվան լինել` պայքարը հունավորելու առումով: Որովհետև սա ակնհայտ ու ամբողջապես սոցիալ-քաղաքական, այլ ոչ թե իրավական խնդիր է:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ