|
Փոխարժեքներ
03 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Նախորդ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի, ինչպես նաև ռուսական գազի սակագնի վերանայման և Հայաստանի կուտակած գազասպառման պարտքի շուրջ իրադարձությունների ու բացահայտումների ֆոնին ընդհանուր ուշադրությունից վրիպեց ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունների շրջանակում դեկտեմբերի 5-ին Կիևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հերթական հանդիպումը: Մինչդեռ դրան հաջորդած իրադարձությունները և բանակցող կողմերից հնչեցվող մեկնաբանությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ բանակցային գործընթացը մտել է դինամիկ զարգացման նոր ու հետաքրքիր փուլ:
Կիևում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ սա առաջին բանակցությունն էր կազանյան հանդիպումից հետո, երբ կողմերը քննարկում էին կոնկրետ հարցեր: Նա, իհարկե, չէր բացահայտել, թե որոնք էին այդ հարցերը, սակայն հստակեցրել էր, որ դրանք բխում էին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ «համաձայնեցված մի քանի պահերից»: Այսպիսով` Մամեդյարովը բացահայտել է, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպման իրական արդյունքը ոչ այնքան բանակցությունները շարունակելու հետ կապված համաձայնության ձեռքբերումն է եղել, այլ կարգավորման սկզբունքներին առնչվող «մի քանի պահերի» շուրջ համաձայնությունների գալը և հենց դրանց հիման վրա արտգործնախարարների մակարդակով պրոցեսը շարունակելու հրահանգ տալը:
Այն փաստը, որ բանակցային գործընթացը փակուղուց դուրս է բերվում ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակման և նրա կողմից վերջին ամիսների ընթացքում վարվող ինտենսիվ մաքոքային դիվանագիտության ֆոնին, թույլ է տալիս ենթադրելու, որ այդ պայմանավորվածությունները վերաբերում են Վաշինգտոնից բանակցող կողմերին ներկայացված ինչ-որ նոր առաջարկությունների: Ամենայն հավանականությամբ, թե' Հայաստանի և թե' Ադրբեջանի նախագահները համաձայնություն են տվել դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք: Ընդ որում` կարծես հաստատվում է, որ դրանք վերաբերում են ոչ թե ռազմական գործողությունների վերսկսման վտանգը չեզոքացնելուն, որին էին ուղղված Մինսկի խմբի վերջին երկու տարվա գործադրված ջանքերը, այլ կարգավորման սկզբունքներին:
Դրա մասին է վկայում երկու իրողություն: Նախ` Կիևում արտգործնախարարների հանդիպումը տևել է 4 ժամ, ինչը նշանակում է, որ տեղի են ունեցել իսկապես շահագրգիռ ու դետալային բանակցություններ: Եթե օրակարգում միայն խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումները լինեին, արտգործնախարարների բանակցությունները կսահմանափակվեին միայն հանրության առջև թեթև ձեռքսեղմումներով, ինչպես եղել է մինչև այժմ: Երկրորդ` Կիևում որոշվել է, որ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի երկրորդ կեսին ժամանելու են տարածաշրջան: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի տված պարզաբանումների` նրանք գալու են` ստանալու Կիևում բանակցված դետալների շուրջ կողմերի կարծիքները, որոնց հիման վրա արդեն հաջորդ տարվա հունվարի վերջերին կկայանա արտգործնախարարների հեթական հանդիպումը: Հունվարյան այդ բանակցությունների արդյունքում էլ, ըստ ամենայնի, կորոշվի` տեղի կունենա՞ երկու երկրների նախագահների նոր հանդիպում, թե՞ ոչ:
Հետաքրքրականը, սակայն, բանակցությունների այս վերաթարմացումը չէ, այլ այն դրական սպասելիքները, որոնք նկատելի են թե' հայկական և թե' ադրբեջանական կողմերում: Նախ` ուշագրավ է, որ ադրբեջանական կողմն այս ընթացքում զգալիորեն թուլացրել է շփման գծում մինչ այդ պահպանվող գերլարվածությունը: Սա չի կարող ուղղակիորեն կախված չլինել դիվանագիտական ֆրոնտում ստեղծված իրավիճակից, որովհետև բոլոր նախորդ բանակցությունները, որոնք չեն բավարարել Բաքվին, մշտապես ուղեկցվել են ադրբեջանական կողմից սադրիչ դիվերսիոն, պրովոկացիոն գործողություններով: Երկրորդ` պաշտոնական Երևանը չի խուսափում ցուցադրել իր լավատեսությունը: Նախ` Վիեննայի հանդիպումից հետո` ՀՀ ՏԿՆ այցելության ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Իլհամ Ալիևի մոտ ևս տեսնում է հակամարտությունը կարգավորելու ցանկություն, թեև դա բավարար չհամարեց: Դրանից ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը լրիվ հակառակ պնդումն էր արել ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ: Իսկ նախօրեին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում, արձագանքելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան կատարելիք այցից առաջ արած հայտարարություններին, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շեշտել էր, թե նա լավ կանի զերծ մնա տարածաշրջանում «հնարավոր դրական զարգացումներին» միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարություններ հնչեցնելուց: Քոչարյանն ընդգծել է Թորքիայի բացասական ներգործությունն այն դրական սպասելիքներին, որոնք առաջացել են մասնավորապես ԼՂ բանակցային վերջին գործընթացներից:
Թե ո՞րն է, նման լավատեսության հիմքը, առայժմ դժվար է ասել: Նախկինում երբեք չի եղել, որ այն միաժամանակ դրսևորվի հայկական ու ադրբեջանական կողմերում միաժամանակ: Հատկանշական է, սակայն, որ արտգործնախարարների` Կիևում կայացած հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն այդ լավատեսությանը զուգընթաց կրկին նախապայմանի մակարդակով շրջանառության մեջ դրեց, այսպես կոչված, ադրբեջանական օկուպացված տարածքները հայկական կողմից դեմիլիտարիզացնելու անհրաժեշտությունը: Այդ պահանջը ձևակերպել է նախ` արտգործնախարար Մամեդյարովը, իսկ հետո` արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը, ով ավելի է կոնկրետացրել Բաքվի ակնկալիքը. «Որպեսզի խաղաղ գործընթացը տեղից շարժվի, Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն կամ գոնե սկսեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից հեռանալու գործընթացը»: Այս հայտարարության մեջ հետաքրքրական է հայկական կողմից զինված ուժերը «օկուպացված տարածքներից» հանելու գործընթաց սկսելու մասին ակնարկը: Այն ամբողջությամբ համընկնում է ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի արած հայտարարությանը, թե Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար Հայաստանը պետք է գոնե երկու շրջան հանձնի Ադրբեջանին: Չի կարելի բացառել, որ հենց այս սպասելիքն ունի Բաքուն հայկական կողմից: Բայց արդյո՞ք դա է ընկած ամերիկյան առաջարկների հիմքում: Ամենայն հավանականությամբ, սա թուրք-ադրբեջանական քարոզչական բլեֆի հերթական դրսևորումն է, որը, սակայն, բոլոր դեպքերում պահանջում է հայկական կողմի արդեն ուշացող արձագանքը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ