կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 17:12
Հասարակություն

Ձվի ներմուծումն ավելացել է

Ձվի ներմուծումն ավելացել է

Հայաստանյան ընկերությունները շարունակում են արտասահմանյան երկրներից ձու ներկրել` հակառակ գյուղնախարարի հավաստիացումներին, թե նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին մեր թռչնաբուծարաններում ձվի արտադրության աճ է սպասվում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»  և հիշեցնում, որ նոյեմբերի 18-ին, այցելելով հայաստանյան խոշոր թռչնաբուծարաններ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե հանրապետության բոլոր թռչնաբուծարանները վառեկներ ներկրելու միջոցով ածան հավերի թվաքանակն ավելացրել են, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա «նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով և կհասնի 950-955 հազարի»: Նախարարի մեկնաբանմամբ` դա նշանակում է, որ արդեն դեկտեմբերի սկզբին օրական արտադրված ձվի քանակը շուրջ 200 000-ով կգերազանցի պահանջարկը, և դեռ հնարավորություն կտա ամանորյա սպառումն ապահովել: Նախարարի այս հայտարարությունները, սակայն, հերքվում են հենց նախարարության կազմում գործող մեկ այլ պետական մարմնի հրապարակած թվերով:

 

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում ներկայացված վիճակագրության համաձայն` հոկտեմբերին Հայաստան է ներկրվել 246 906 ձու, իսկ նոյեմբերին` ավելի քան 5.6 մլն հատ: Ընդ որում` ներկրված ձվի խմբաքանակները գնալով աճել են. եթե նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստան է բերվել 337 595 հատ ձու, երկրորդ շաբաթվա ընթացքում` 569 067, ապա երրորդ շաբաթում այդ թիվը դարձել է 2 207 853, իսկ չորրորդ շաբաթում` 2 478 240: Փաստորեն, այն օրերին, երբ, գյուղնախարարի խոսքով, պետք էր արտադրության աճ սպասել, ներկրվող հավկիթների քանակն էլ ավելի է մեծացել:

 

Հայաստանը ձու է ներմուծում Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից և Բուլղարիայից: Ընդ որում` եթե օգոստոսին ներմուծվել է միայն Ուկրաինայից, սեպտեմբերին՝ Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, ապա հոկտեմբերից արդեն ավանդական այս շուկաներին ավելացել է նաև Բուլղարիան:

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: