|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀ արտգործնախարարությունն արդեն հաստատել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների` Երևանում կայանալիք համաժողովին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հրավեր ուղարկելու փաստը: Անկարան հաստատել է հրավերի առկայությունը, սակայն դեռ վերջնական չի պատասխանել` Դավութօղլուն կգա՞ Հայաստան, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ, սակայն, Դավութօղլուն կգա. մերժելու լուրջ հիմքեր չունի: Ընդհակառակը` մի քանի առումներով այդ այցը բխում է Թուրքիայի շահերից և ներկայումս հարավկովկասյան տարածաշրջանում նրա վարած քաղաքականության տրամաբանությունից: Նախ` առաջին անգամը չէ, որ այդ երկրի արտգործնախարարը ժամանում է Հայաստան: 2009թ. ապրիլին այն ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանը ևս եկել էր Երևան` դարձյալ մասնակցելու ՍԾՏՀԿ համաժողովին և այս մասով կոմպլեքսներ չեն կարող լինել: Մեծ հաշվով դա լինելու է աշխատանքային այց ոչ թե ուղղակի Հայաստանի Հանրապետություն, այլ մի երկիր, որը ժամանակավորապես էստաֆետով ստանձնել է կազմակերպության նախագահությունը: Պատահական չէ, որ հաշվի առնելով հենց այդ հանգամանքը, Դավութօղլուն այսօր հայտարարել է, թե պետք է առանձնապես չկենտրոնանալ Երևանի արած առաջարկին:
Երկրորդ` սա չափազանց լավ առիթ է հենց Երևանից հղելու այն հիմնական ուղերձները, որոնք պաշտոնական Անկարան անում է վերջին շաբաթների ընթացքում` կապված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության հետ: Եթե Դավութօղլուին հաջողվի թե' հրավերը և թե' իր հնարավոր այցելությունը ներկայացնել որպես Հայաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելուն ուղղված քայլ, ապա կարող է հույս ունենալ, որ այդ հարցը կրկին օրակարգ կվերադարձնի: Դա Անկարային անհրաժեշտ է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հայկական Սփյուռքի պլանավորած գործողություններից և դրանց միջազգային ռեզոնանսից սպասվող վտանգները հնարավորինս չեզոքացնելու, առհասարակ, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը վերջնականապես վիժեցնելու համար:
Չի կարելի բացառել, որ Դավութօղլուի կողմից հրավերն ընդունելու ձգձգումները պայմանավորված են Երևանի և Բաքվի հետ տարվող կուլիսային բանակցություններով: Վիեննայում նոր է կայացել Ալիև-Սարգսյան երկար սպասված հանդիպումը ԼՂ հիմնահարցի շրջանակում, և Անկարան խնդիր ունի հասկանալու` ի՞նչ տրամադրվածություն ունի Բաքուն` բանակցությունների հետագա ընթացքի, ուղղվածության և տրամաբանության հետ կապված: Բոլոր այն հարցերում, որոնք անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, Անկարան մշտապես իր մոտեցումները համաձայնեցնում է Բաքվի հետ:
Ինչ վերաբերում է Երևանին, ապա Դավութօղլուի հիմնական նպատակը, թերևս կարող է լինել Հայաստանի նախագահի հետ առանձին հանդիպում ունենալու համաձայնություն ձեռք բերելը: Տվյալ դեպքում սա ոչ թե զուտ արարողակարգային, այլ շատ ավելի քաղաքական նշանակության հարց է: Մի կողմից նման հանդիպումը` անկախ բովանդակությունից, միջազգային հանրությանը ներկայացվելու է որպես երկու երկրների միջև կուտակված սառույցը հալեցնելուն ուղղված երկկողմ տրամադրվածություն, իսկ մյուս կողմից` հնարավորություն է անմիջականորեն Հայաստանի նախագահի հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղին, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը, որն անուղղակիորեն նշանակելու է, որ Թուրքիայի` խաղի մեջ նորովի մտնելու հավակնության առջև կանաչ լուս է վառում նաև Երևանը:
Նման հանդիպմանը հասնելը Անկարան կարող է մատուցելնաեւ որպես երկու երկրների խորհրդարաններում 2009-ից սառեցված զույգ արձանագրությունների ոգին վերականգնելու տրամադրվածություն: Ողջ հարցը, ըստ էության այն է, թե պաշտոնական Երևանը փաստացի ինչ կարգավիճակով է ակնկալում հյուրընկալել Դավութօղլուին: Եթե զուտ որպես ՍԾՏՀԿ անդամ երկրի արտգործնախարարի, ապա, ամենայն հավանականությամբ, Երևանը չի համաձայնի Դավութօղլուին ընդունել որևէ այլ ձևաչափով և ամեն ինչ կանի նրա այցը հնարավորինս աննկատ դարձնելու համար: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ Երևանը նման դեպքերում շատ ավելի ակնկալիքներ է ունենում, քան ցույց է տալիս արտաքնապես: 2008թ. Բաբաջանի հենց այսպիսի «աննկատ» այցելությունից հետո ապրիլի 22-ի գիշերը հայտարարվեց երկու երկրների հարաբերությունները վերականգնելու և այդ նպատակով արդեն իսկ մշակված ճանապարհային քարտեզով առաջնորդվելու մասին: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ, չնայած Թուրքիայի հետ գաղտնի բանակցություններ չվարելու մասին իշխանությունների հավաստիացումներին, տևական ժամանակ լուրջ ու խորքային աշխատանք էր տարվել արձանագրությունների տեքստերը մշակելու և համաձայնեցնելու համար:
Գիշերային դիվանագիտության այդ առաջին արարը հստակ ցույց է տալիս, որ ներկայիս խնդիրը միայն գաղտնի բանակցությունների փորձը կրկին կիրառելու մեջ է: Սակայն էական ոչ թե դա է, այլ այն, որ ներկայիս իրավիճակը չափազանց նման է 2008-ին, երբ սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների ամբողջ տրագիկոմեդիան: Այն ժամանակ Սերժ Սարգսյանի դիրքերը միջազգային արենայում թույլ էին խայտառակ ընտրությունների, մարտի 1-ի դեպքերի, ընդհանուր առմամբ` լեգիտիմության դեֆիցիտի պատճառով: Հիմա նրա դիրքերը թույլ են Մաքսային միության միանալու մասին սեպտեմբերի 3-ին արված հայտարարության պատճառով, որը միանգամից ջարդուփշուր արեց թե' Հայաստանի և թե' նրա իշխանությունների նկատմամբ` չափազանց մեծ դժվարությամբ կուտակված վստահությունը: Այն ժամանակ լեգիտիմության ճգնաժամից դուրս գալու համար Սերժ Սարգսյանը կառչեց Թուրքիայի` հարաբերությունները կարգավորելուն ուղղված գրեթե այն նույն առաջարկներից, որոնք անում է հիմա: Եվ ոչ ոք չի կարող բացառել, որ իր հեղինակությունը և վստահությունը վերականգնելու համար նույն հնարքի չի կիրառվելու հիմա: Առավել ևս, երբ արձանագրությունները մնում են սեղանին, և խնդիրն ընդամենը դրանք վավեացնելու գործընթացի մեջ դնելն է:
Մյուս էական նմանությունը Ռուսաստանի դերակատարության մեջ է: 2008-ի գարնանը Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու հրավերն ուղարկեց Մոսկվա կատարած այցի շրջանակներում: Հիմա ոչ թե նա է Ռուսաստան գնալու, այլ այդ երկրի նախագահն է ժամանելու Հայաստան, ընդ որում` դրա ճիշտ նախօրյակին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպում ունենալուց հետո: Թվում է, թե այն ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու խաղի մեջ մտնել Սերժ Սարգսյանին հուշեցին հենց Կրեմլից, և ոչ ոք չի կարող բացառել, որ նույնը չի կրկնվելու հիմա, առավել ևս, եթե նկատի առնենք Մաքսային միության հանդեպ հետաքրքրություն ունենալու հետ կապված` Անկարայից հղվող ազդանշանները և ղարաբաղյան բանակցային գործընթացում ԱՄՆ-ի նախաձեռնողականությունը թուրքական խաղաքարտի կիրառմամբ վիժեցնելու ընձեռված հնարավորությունը: Այնպես որ` որևէ հիմք չկա պնդելու, թե գիշերային դիվանագիտությունը նոր սերիաներ չի ունենալու:
Գեւորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ