կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-02 13:37
Իրավական

Նրանք մեղավոր չեն…

Նրանք մեղավոր չեն…

«Երբ սկեսուրիս հետ պոլիկլինիկա էինք գնում, նա ինձ ասում էր, որ միայն ոտքերիս նայեմ, սակայն, գալով տուն, ամուսնուս պատմում էր, թե իբր ես մարդկանց երեսներին եմ նայել, աչքերս ֆռռացրել: Դե, նա էլ, ինչպես միշտ, ծեծում էր»: Սա ընդամենը հատված է 28-ամյա Աշխենի` ամուսնու հետ ապրած կյանքից և դրվագ` բազմաթիվ հայ տղամարդկանց բնորոշ խանդի տեսարաններից:

 

Տարիների համբերատարությունն ու լռությունը, որ խեղեցին Աշխենի երեխաների ճակատագիրը, դարձան հերթական հայ ընտանիքի «փլուզման» պատճառը:

 

9-ամյա Անտոնն ու 8-ամյա Էրիկը զրկված են մայրական խնամքից ու ջերմությունից: Նրանց մայրը` Աշխենը, երեխաներին հազվադեպ է տեսնում, այն էլ` ամուսնուց և նրա ծնողներից գաղտնի: Պատճառը նրա` տանից հեռանալն է, որն, իհարկե, իր բացատրությունն ունի:

 

Աշխենն Օլեգի հետ ամուսնացել էր 18 տարեկանում և 10 տարի շարունակ սուսուփուս կուլ տվել ամուսնու և նրա ծնողների նվաստացումները: Աշխենի խոսքով` իրեն այդ տանը «բռի մեջ են պահել»` թույլ չտալով անգամ տանից միայնակ դուրս գալ:

 

«Ես իրավունք չունեի անգամ երեխաների ծնողական ժողովներին կամ այբբենարանի հանդեսին գնալ, քանի որ այնտեղ, ամուսնուս բնորոշմամբ, հնարավոր է` տղամարդիկ լինեին և նայեին ինձ վրա»,- պատմում է կինը և հիշում այն չարաբաստիկ օրը, երբ ամուսնու կողմից հերթական անգամ ծեծվելուց հետո որոշեց երեխաների հետ հեռանալ տանից:

 

«Կրտսեր որդուս ծննդյան նախօրեն էր: Ամուսնուցս թույլտվություն խնդրեցի` տորթի համար անհրաժեշտ պարագաներ գնելու համար, սակայն թույլ չտվեց, հետո երբ ասացի, թե` ի՞նչ կա դրա մեջ, բոլոր նորմալ մարդիկ խանութ են գնում, ինչո՞ւ ինձ դավերյա չես անում, «դավերյա» բառի համար բռնեց-ծեծեց»,- պատմում է Աշխենը և հավելում, որ ամուսնու ծնողներն են կանգնեցրել որդուն` ասելով, թե` կսպանես, վրեդ կմնա:

 

Հաջորդ օրը, երբ ամուսինն աշխատանքի է գնում, Աշխենը հավաքում է իր և երեխաների փոքրաթիվ իրերը, վերցնում անհրաժեշտ փաստաթղթերը և փորձում հեռանալ տանից, սակայն սկեսուրը հոյհոյում է նրան և թույլ չի տալիս երեխաներին հետը տանել: Աշխենը դուրս է գալիս տանից, բայց խոստանում է` անպայման գալ երեխաների հետևից:

 

Նշենք, որ նա երբեք չի պատմել իր ծնողներին տանեցիների վերաբերմունքի մասին, քանի որ զրկված է եղել կապի բոլոր միջոցներից: Աշխենի խոսքով` իրենց տուն ոչ ոք չի գնացել-եկել, անգամ` ամուսնու հարազատները և հարևանները, որ ինչ-որ մեկի միջոցով կարողանար ծնողներին տեղեկացնել իր ծայրահեղ վիճակի մասին: Սակայն այդ օրը, հուսահատված դուրս գալով տանից, առաջին իսկ պատահած անցորդից հեռախոս է խնդրել և զանգահարել նրանց: Ծնողների խնդրանքով` անցորդն Աշխենին տաքսիով ճանապարհել է հարազատ գյուղ (300 կմ հեռու):

 

Սակայն հետագայում ո’չ իրավապահների և ո’չ էլ դատարանի միջոցով կնոջը չի հաջողվել վերադարձնել երեխաներին: Բանն այն է, որ Աշխենը հայրական տուն վերադառնալուց հետո անմիջապես չի դիմել ոստիկաններին, ավելի շուտ նրա հայրը թույլ չի տվել` մտածելով, թե հնարավոր է` աղջիկն ու փեսան հաշտվեն: Իսկ ծեծի հետևանքով առաջացած վնասվածքները բուժել է ընտանիքի ծանոթ բժիշկը, ինչի հետեւանքով էլ հետագայում չի կարողացել ապացուցել իր` ծեծի ենթարկված լինելու փաստը: Արդյունք չի տվել նաև խնդրին լուծում տալու քաղաքակիրթ տարբերակը. ամուսինը կտրականապես հրաժարվել է երեխաներին հանձնել մորը:

 

Աշխենը դիմել է խնամակալության հանձնաժողով, այնուհետև` ոստիկանություն: Կնոջ խոսքով, սակայն, ամուսինը ոստիկանությունում ունեցած ծանոթների միջոցով կարողացել է մոլորեցնել իրենց: «Մեզ ասացին, որ ծեծի մասին ոչինչ չգրենք` պատճառաբանելով, որ կընկնենք քաշքշուկների մեջ, իբր մեզ կասեն` ապացուցեք, բայց քանի որ կապտուկներն արդեն անցել են, չենք կարող ապացուցել, ինչը երեխաներին հետ վերադարձնելու համար խոչընդոտ կհանդիսանա: Ինձ ասացին, որ ասեմ, թե իբր խռովել եմ ու դրա համար տանից հեռացել»,- մեզ հետ զրույցում պատմեց նա:

 

Աշխենը պնդում է, որ ամուսինը խնամակալության հանձնաժողովին ևս կաշառել է. «Ինձ զանգահարեց խնամակալության հանձնաժողովի աշխատակազմի քարտուղար Շուշանիկ Սարգսյանը և ասաց, որ եթե ես չգամ և հանուն երեխաներիս չմիանամ ամուսնուս հետ, ինքը եզրակացության մեջ գրելու է, որ երեխաներին հանձնում է հորը: Երբ ես հարցրեցի, թե` ի՞նչ հիմքերով ես երեխային հանձնում հորը, նա պատճառաբանեց` ինչ էլ լիներ, դու իրավունք չունեիր երեխաներիդ թողնել»:

 

Իսկ այժմ, ըստ նրա, անգամ ոստիկանների միջոցով չի հաջողվում շփվել երեխաների հետ, քանի որ ամուսինը, սկեսուրն ու սկեսրայրը նրանց ներկայությամբ սկսում են վատաբանել իրեն և երեխաներին հրամայում են չգնալ մոր մոտ:

 

«Երբ փոքր տղաս եկավ ինձ գրկեց և ասաց` մա'մ, կարոտել եմ քեզ, ինձ էլ հետդ տար, Օլեգն այնպես գոռաց նրա վրա, որ երեխան անմիջապես հետ գնաց: Իսկ դպրոցում էլ կա'մ նա, կա'մ էլ նրա ծնողներն են հերթապահում, որ հանկարծ չգամ, տղաներիս տեսնեմ»:

 

Աշխենի պատմելով` դպրոցի տնօրենի և մի քանի ուսուցիչների շնորհիվ երբեմն-երբեմն տեսնում է երեխաներին, սակայն տեսակցությունը շատ կարճ է տևում:

 

Դպրոցի տնօրենը (անունն իր իսկ խնդրանքով չենք նշում), ով համաձայնեց թեմայի վերաբերյալ զրուցել մեզ հետ, անկեղծացավ, որ ծնողների բաժանումը ծանր հետք է թողել երեխաների բարոյահոգեբանական վիճակի վրա` փոխվել է նրանց վարքագիծը, առաջադիմությունն է ընկել: «Ինձ խորը ցավ է պատճառել մոր և երեխայի հանդիպումը. երեխայի մոտ այնպիսի խռովք էր, որն անհնար է նկարագրել, մորը հանդիպելիս բնությունը ձգում էր նրան, սակայն ընտանիքում սովորեցրածն իրենն էր ասում: Երեխաները մեղավոր չեն, բնականաբար,  ընտանեկան վիճակն իր կնիքն է թողել»,- ասաց տնօրենը և հավելեց. «Երկուսին էլ ասել եմ` վերջակե’տ դրեք, հրաշք երեխաներ ունեք, ներողամի’տ եղեք միմյանց նկատմամբ»:

 

Սակայն, ինչպես հավաստիացնում է Աշխենը,  հաշտության եզրեր այլևս չկան:

 

Առաջին ատյանի դատարանում պարտվելուց հետո տուժողը մտադիր է վճիռը  բողոքարկել վերաքննիչ ատյանում: «Ես համոզված եմ, որ Օլեգը կաշառել է բոլորին: Երբ ես այս մասին ասացի նրան, նա պատասխանեց, որ ինքն ամեն ինչի ընդունակ է` միայն թե երեխաներին իր մոտ պահի»:

 

Այս պատմության մեջ, ինչպես նմանատիպ շատ դեպքերում, յուրաքանչյուրն իր ճիշտն ունի, երեխաների մասին հոգ տանելու իր իրավունքը: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Աշխենի ամուսնու ընտանիքի հետ և նրանցից էլ պարզաբանումներ ստանալ: Սակայն մի բան հստակ է` եթե Աշխենին հաջողվի արդյունքի հասնել վերաքննիչ ատյանում, և խնամակալությունը հանձնվի նրան, երեխաների հոգեբանությանը հասցված հետքը երբեք չի սպիանա:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ