կարևոր
295 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-10 18:55
Հասարակություն Քաղաքական

Հաջորդ զոհը կարող է լինել ընկերդ, բարեկամդ, հարևանդ կամ հենց դու ինքդ. վերջապես պետք է ուշքի գալ. Գերասիմ Վարդանյան

Հաջորդ զոհը կարող է լինել ընկերդ, բարեկամդ, հարևանդ կամ հենց դու ինքդ. վերջապես պետք է ուշքի գալ. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է.

«2022 թ.-ին, հերթական անգամ քաղաքական բանտարկությանս ժամանակ, նախքան հիմնական բանտախուց տեղափոխվելս պահվում էի կարանտինային մասնաշենքում գտնվող մենախցում, երբ գիշերվա ուշ ժամին կողքիս խցի դուռը բացվեց։

Զգացի, որ նոր կալանավոր բերեցին։ Մի քանի շաբաթ միայնակ խցում մկների ու առնետների հետ ընկերակցելուց հետո մտածեցի՝ հազիվ մի նոր մարդ եկավ. չնայած որ չենք կարող իրար տեսնել, բայց գոնե իրար լսել, պատուհանի ճաղավանդակներից բարձրաձայն խոսելով, կարող ենք։ Անմիջապես ձեռքով հարվածեցի կողքի խցի պատին՝ բարձր ասելով. «Արի՛ ճաղավանդակներիդ մոտ»։

– Ընկե՛ր, ճիշտն ասած՝ լավ չէ, որ կալանավորվել ես, բայց էս քանի շաբաթվա ինձ համար ամենաուրախ իրադարձությունը քո այստեղ լինելն է. գոնե առանց տեսնելու կկարողանամ մարդու հետ ճաղավանդակներից այն կողմ խոսել, թե չէ արդեն որոշել էի մկներին խոսել սովորեցնել։ Ո՞վ ես, որտեղի՞ց ես, ինչի՞ համար ես էստեղ հայտնվել։

Հարցրեց.

– Գերա՞ս, դու ես։

Ասացի.

– Այո՛, ես եմ։

Չհասցրի էլ հարցնել, թե որտեղից ինձ գիտի, պատասխանեց.

– Արմենն է Գրիգորյան, ո՞նց ես, ո՞նց է էստեղ կյանքը։

Ասացի.

– Հրաշալի՛, Արմե՛ն ջան,– զարմացած հարցրի,– բայց քեզ ինչու՞ են բռնել։

Կարճ պատասխանեց.

– Հայ լինելու համար։

Օրեր շարունակ, առանց իրար տեսնելու, առավոտից երեկո խոսում էինք (կարծում եմ՝ մի օր առիթ կլինի ավելի մանրամասն պատմելու մեր խոսակցությունների ու պատով իրարից բաժանված՝ կալանքի տակ անցկացրած այդ օրերի մասին)։

Մի օր էլ Արմենը գիշերվա կեսին սովորական դարձած մեր նշանաբանով պատը խփեց։ Մոտեցա պատուհանին.

– Հա՛, ընկեր, ի՞նչ կա, ես էլ մտածեցի՝ քնած ես։

– Չէ՛, Գերաս, մտքովս մի բան անցավ, ասի՝ արթնացնեմ, ասեմ։

– Ասա՛։

– Ասում եմ՝ պատմական ժամանակներ ենք ապրում, չէ՞, էս ամեն ինչի մասին պատմությունը գրելու է։

Ասացի.

– Իհարկե։

Չշարունակեմ մեր մնացած խոսակցություններով ձանձրացնել։ Կարճ ասեմ՝ դրանից մի քանի օր հետո երկուսիս էլ տեղափոխեցին հիմնական խցեր՝ տարբեր կորպուսներում։ Ու մի օր, սովորական դարձած լուրերի ժամին, հեռուստացույցը միացրեցինք, և տեսնում եմ ռեպորտաժը, որ քիչ առաջ դատարանի դահլիճում մահացել է քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը։

Առավոտյան, երբ լուրերից տեղեկացա այսօրվա դժբախտ դեպքի մասին, միանգամից մտաբերեցի տարիներ առաջ Արմենի հետ տեղի ունեցած ողբերգությունը։

Հերթական զոհը, հերթական քաղաքական հաշվեհարդարը, երբ կեղծ ու շինծու մեղադրանքներով մարդուն կալանավորում են, հետո բանտախցում արձանագրում նրա մահը։ Այս ամենը տեղի է ունենում մեզ հետ, որովհետև մենք՝ որպես ազգ, անհրաժեշտ չափով ու քանակով չենք կարողանում պայքարել ու դիմադրել այս ապազգային ռեժիմին, որովհետև մեզ բաժանել, պառակտել ու տարբեր «ականներով» ածականներ են կպցրել, իսկ մեզանից շատերին թվում է, թե փորձանքը հենց իրեն կշրջանցի։

Բայց վերջապես պետք է ուշքի գալ ու գիտակցել, որ հաջորդ զոհը կարող է լինել ընկերդ, բարեկամդ, հարևանդ կամ հենց դու ինքդ, որովհետև սրանք, զոհերին ընտրելիս, առաջնորդվում են մի գաղափարախոսությամբ. եթե հայ է ու չի ուրանում հայկականությունը, ուրեմն պետք է հալածվի, հետապնդումների ենթարկվի, բանտարկվի, իսկ եթե բախտն էլ չբերի՝ ուրեմն թող մեռնի։

Հ.Գ. Խորին ցավակցություններս եմ հայտնում հայ լինելու համար բանտարկված Arsen Gevorgyan-ի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին»։