կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-29 11:33
Առանց Կատեգորիա

Պորտաբույծները ձեր մեջ են

Պորտաբույծները ձեր մեջ են

«Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ, նպաստների 94%-ը չէր հասնում այն մարդկանց, որոնք, իրոք, աշխատանք էին փնտրում, միայն վեց տոկոսն էր հասնում շահառուներին»,- երեկ 2014 թվականի պետբյուջեն պատգամավորներին ներկայացնելիս ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` արդարացնելու համար գրանցված գործազուրկներին 18 հազար դրամ նպաստից զրկելու վերաբերյալ որոշումը, որը, նախորդ շաբաթ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելով, մեծ աղմուկ բարձրացրեց:

 

Այն, որ 18 հազար դրամը աղքատածին կառավարությանն է բնորոշ, հայտնի է, սակայն որ 18 հազար դրամը ստանում են սոցիալապես ապահով մարդիկ, եւ դա փաստում է հանրապետության վարչապետը, ծանր ու անթույլատրելի իրողություն է: Երեկ իշխանական տարբեր գործիչներ՝ սոցապնախարարից մինչեւ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյան, կրկնում էին վարչապետի խոսքն առ այն, որ 94 տոկոսը ճիշտ հասցեատիրոջը չի հասել, իսկ ֆինանսների նախարարն էլ պարզաբանեց, թե մարդկանց առաջարկում էին աշխատանք, բայց չէին ընդունում` գերադասելով նպաստը:

 

Տիգրան Սարգսյանի հայտարարությունը լուրջ մեղադրանք է. փաստորեն, տարիներ շարունակ անցկացնելով ուսումնասիրություն, պարզել են, որ գումարի միայն 6 տոկոսն է հասնում ում որ պետք է, բայց քայլեր չեն ձեռնակել այս ոլորտում տիրող հանցավոր գործիչներին պատժելու համար: Բնականաբար, ոչ շահառուներին շահառու դարձնելու համար գործել են որոշակի կանոններ, եւ արդյունքում ոմանք մեծ գումարներ են կերել: Ինչո՞ւ, օրինակ, կառավարությունը չի պարզել, թե ինչպես եղավ, որ հանրապետությունում հաշվարկվեցին 266 հազար գործազուրկներ, բայց գործակալություններում գրանցվել են 74 հազարը, ու նրանցից 70 հազարն էլ չունի այդ գումարի կարիքը:

 

Ո՞վ է կերել փողը, ո՞ւմ գրպանն է գնացել, ինչո՞ւ, հենց սկզբից իմանալով այդ մասին, չեն կանխել դա: Ուրեմն` ինչ-որ մեկին ձեռնտու է սա, ուրեմն` այս ոլորտում էլ կան վազգենխաչիկյաններ, եւ ենթադրաբար, կան նաեւ նման մարդիկ պետական օժանդակություն ստացող բազմաթիվ այլ հիմնարկներում: Զավեշտալին էլ հենց այն է, որ հանցագործ ձեռքը բռնելու եւ գումարը օրինական տիրոջը հասցնելու փոխարեն դադարեցնում են նպաստը, որն իրական գործազուրկների համար հացի փող է:

 

Ինչպես ճշգրտորեն ներկայացնում է հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը, պորտաբուծություն է սերմանվում` աշխատունակ մարդուն գործազուրկի նպաստ տալով: Ավելին` նա պորտաբույծներ է համարում այդ նպաստը ստացողներին: Սակայն աշխատունակ մարդուն գործազուրկ դարձնելը կառավարության առաջին մեղքն է: Հետաքրքիր է, թե ի՞նչ աշխատանք է այդ մարդկանց առաջարկել կառավարությունը, որից հրաժարվել են եւ դարձել գործազուրկ: Այս է հարցը:

 

Եվ այժմ, եթե ունենք համառորեն պահպանվող 35 տոկոս աղքատություն, ուրեմն անհրաժեշտություն է եւ այդ` թեկուզ 18 հազար դրամը: Եվ ուրեմն` պորտաբույծների պետք է առաջին հերթին փնտրել ոչ թե շարքային քաղաքացիների շրջանում, այլ հենց այնտեղ, որտեղից թալանվում է քաղաքացուն հասանելիքը:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ