կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-21 15:56
Առանց Կատեգորիա

Գտնված երազ` փողոցի անկյունում

Գտնված երազ` փողոցի անկյունում

Վազելով անցնում ես Աբովյան փողոցով. հարցազրույցից 1-2 րոպե ուշանում ես, իսկ դու չես սիրում սպասեցնել:

 

Փողոցի անկյուններից մեկում հեծկլտոց ես լսում: Ուշադիր զննում ես:

 

«Երեւի էն տատին ա, որ փող է հավաքում: Նստում է անկյուններից մեկում, լալիս, մոտեցողին դեղատոմս ցույց տալիս, թե` բժիշկներն են նշանակել, բայց փող չունեմ առնելու: Բնականաբար, գնում ես դեղատուն ու գնում դեղերը, իսկ տատին տանում-հետ է տալիս դեղերը ու վերցնում գումարը, քանի որ դեղերն իրականում իրեն պետք չեն»,-մտածում ես ու անցնում:

 

Բայց էդ անտերը կրծքիդ տակ այնպես է բաբախում, իբրեւ թե` տեսեք-տեսեք` աշխարհի ամենասրտացավ մարդն եմ: Հետ ես գնում: Լացողը պապիկ է:

 

-Պապ, ի՞նչ ա եղել: Վա՞տ ես զգում:

-…

-Պապ, կարո՞ղ ա գումարի կարիք ունես:

 

Չէ, այս դեպքում ճիշտը սպասելն է` մինչեւ պապին կհանգստանա ու դու վերջնականապես կուշանաս հարցազրույցից: Ու քանի որ պապին տեսավ` գնացողը չես ու տեղավորվել ես կողքին` գետնին, ճար չուներ, պիտի պատմեր:

 

-Տղես ընտանիքի հետ արդեն չորս ամիս ա` Մոսկվա ա գնացել: Ինձ էլ էին ուզում տանել` գնամ ի՞նչ անեմ: Գնամ մեռնե՞մ, որ հետո ծախս անեն, որ մի հատ էլ մեռած ջանս տեղափոխեն հայրենիք: Հենա` ավելի լավ ա` հայրենիքում  մեռնեմ:

-Պապ, բայց հիմա ինչի՞ ես լացում: Հիշել` սիրտդ լցվել ա, թե՞:

-… Ծնունդս ա էսօր, իսկ մեր տանը մարդ չկա: 80 տարեկան եմ դառնում` կլոր- ամյակ ա: Մնայի տունն ի՞նչ անեի, պատերի հետ նշեի: Իսկ ես միշտ սիրել եմ ծննդյանս օրը: Կան, չէ՞, մարդիկ, որ ասում են, թե էդ օրը տխուր են լինում, այ մարդ, չէ՛, ես ուրախ եմ, որ ծնվել եմ:

 

Ու մինչ պապին նորից կհուզվեր, գրողի ծոցն են ուղարկվում աշխարհի բոլոր հարցազրույցները, անջատվում են հեռախոսները, դառնում ես անհասանելի. վե՛րջ, հիմա մի բան կմտածենք: Պապից քիչ հեռու Աբովյան փողոցում կանգնող շատերին ծանոթ երաժիշտն է: Երաժշտությունը կա: Մոտս մի քիչ գումար էլ կա: Ու մինչ երաժշտին բացատրում եմ` ինչն ինչոց է, ու խնդրում` մի քանի րոպեով պապի մոտ գնալ, որ ես էլ խանութ վազեմ` տորթ ու գինի գնելու, մի քանի երիտասարդներ են միանում, թե` «ո՞վ է տեսել խմիչքն աղջիկն ընտրի»:

 

Կենդանի երաժշտությունը կար, խմիչքը, տորթն ու ուրախ միջավայրն էլ հետը: Ծնունդդ շնորհավոր, պա՛պ:

 

Հ. Գ. Պապի թշերը տղաներից մեկը վախվխելով տորթի կրեմով պատեց, իսկ պապը, թե` «որ տեսնում էի թոռներիս ծնունդին ոնց են իրենց թշերին քսում, ասում էի` տեսնես կֆայմեն իմ ծնունդին իմ թշերին էլ քսեն, բայց մտածում էին` յեքա բիձա ա, ի՞նչ կրեմ»:

 

Հ. Գ. 2. Մի բան էլ` զանգում ես նրան, ում հետ պետք է հարցազրույց անեիր, «դեպք էր պատահել»-ի փոխարեն պատմում ճշմարտությունը: Հետո՞… գնում ես հարցազրույցիSmile

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ