կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-14 13:23
Առանց Կատեգորիա

Բոլորիս արժանապատվությունը

Բոլորիս արժանապատվությունը

 Հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Տրետյակին: Անվանի մարզիկը, որ առաջին անգամ էր Հայաստանում, հայտարարել է, որ հաճելիորեն զարմացած է մեր երկրում իրեն ցույց տրված ջերմ ընդունելությունից: Կարծում ենք` Տրետյակը չի կեղծել, մանավանդ, ՀՀ նախագահի ջերմ ընդունելությանն արժանանալու մասով: Մինչդեռ որւէ հայ պատգամավոր, եթե նա նույնիսկ ինչ-որ մարզական ֆեդերացիայի նախագահ է, կարո՞ղ է երբևէ երազել` Մոսկվայում գտնված ժամանակ ՌԴ նախագահի ընդունելության արժանանալ. հայ-ռուսական վերջին տասնամյակների պատմությունը չի հիշում դեպք, երբ այդ երկրի նախագահի ընդունելությանն արժանացած լինի որևէ հայ պատգամավոր կամ հայաստանցի մշակութային, մարզական գործիչ: Այդ երկրի նախագահի տեսակցությանը չի արժանանում նույնիսկ դաշնակից երկրի նախագահը` քրիստոնեական մի եկեղեցու բացման առիթով գտնվելով Մոսկվայում, բայց ահա ռազմավարական գործընկեր Հայաստանը չի զլանում, չի վարանում ամենաբարձր մակարդակով պարբերական ընդունելություններ կազմակերպել ՌԴ-ից իր մոտ բարեհաճած երկրորդական (ինչպես այս դեպքում), երրորդական ու տասներորդական պաշտոնյաների համար:

 

Անկեղծ ասած, մեր նախագահի ընդունելություններին արժանացած անունների ցանկի տարօրինակությանը սկսեցինք ուշադրություն դարձնել այն հիշարժան օրվանից, երբ Հայաստան եկավ (2009 թվական) և երկրի նախագահի ջերմ ընդունելությանն արժանացավ երգչուհի Ալլա Պուգաչովան: Եվ ուշադրությունը սրվեց հատկապես այն բանից հետո, երբ վերջինս, որ իր անձնական կյանքի օրինակելիությամբ երբևէ չի փայլել, երկրի նախագահի կողմից արժանացավ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: «Սուրբը` Ալլա Բորիսովնայի բազմատանջ կրծքին». պատկերացնելու բան էր…

 

Ընդունված է համարել, որ որևէ երկրի նախագահ տվյալ երկրի խորհրդանիշն է: Անկասկած այդպես է: Վստահ ենք նաև, որ ցանկացած նախագահ, նախ և առաջ, իր երկրի ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է` թե՛ դրսում, թե՛ տանը: Եվ երբ իմ երկրի նախագահը, հատկապես դրսերում, ապահովում է երկրիս արժանապատիվ ներկայությունը (ինչպես օրերս` ԵԽԽՎ-ում թուրք պատգամավորի հարցին պատասխանելիս), ես, և յուրաքանչյուր քաղաքացի, իրեն արժանապատիվ է զգում: Նույնիսկ անկախ այն բանից` ընդունու՞մ է նախագահին, համարու՞մ է նրան օրինական ընտրյալ, թե` ոչ: Ահա թե ինչու տարակույս չունենք. երկրի նախագահն իրավունք չունի արժանապատվությունը կասկածի տակ դնող ընդունելություններ կազմակերպել իր ոստանում, որովհետև դա ոչ այնքան իր, որքան բոլորիս արժանապատվությունն է:

 

Հ.Գ. Վլադիսլավ Տրետյակը նախագահի ընդունելությանն արժանացած թերևս արժանավորներից է, հետևաբար, նրա օրինակն ընդամենը առիթ է` վերոբերյալ դատողությունները հնչեցնելու: Ամբողջ խնդիրն այն է, որ նախագահի ընդունելությանն արժանանում են անհամեմատ աննշան և մանր բազում   սուբյեկտներ:

 

Լևոն Սարգսյան