կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 19:00
Քաղաքական

Կլինեն ձվե՞ր, թե՞ ծաղիկներ

Կլինեն ձվե՞ր, թե՞ ծաղիկներ

Երեկվանից լուրեր են շրջանառվում, թե իբր ՀՀԿ երիտթեւը ցանկանում է  Զարուհի Փոստանջյանին վաղը օդանավակայանում ձվերով եւ պոմիդորներով դիմավորել: ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանից կոնկրետ պատասխան ստանալ չհաջողվեց` ի վերջո, նման ակցիա նախաձեռնե՞լ են, թե՞ ոչ: Ողջ օրվա ընթացքում նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:

 

ՀՀԿ երիտթեւի նախաձեռնությունների մասին Yerkir.am-ի մեկնաբանություն տալ չցանկացավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: «Ես վաղուց երիտթեւի ակցիաներից դուրս եմ եկել, բայց մի բան կարող եմ ասել, որ մեր քաղաքական թիմը նման ակցիայի որոշում չի կայացրել: Իսկ, առհասարակ, երիտթեեւի գործողությունների հետ կապված, երիտթեւի ղեկավարի կամ այլ պատասխանատուի հետ կարող եք խոսել»,- նշեց նա:

 

Սահակյանը չբացառեց, որ վաղն ինչ-որ ինքնաբուխ ակցիաներ կլինեն, գուցե բողոքի ակցիա անեն ինչ-որ ակտիվիստներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Սակայն պատգամավորը նրանց հորդորում է հետեւել նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանի ասածին եւ նման բան չանել:

 

Նշենք, որ, ի պատասխան ՀՀԿ-ի կողմից կազմակերպվելիք հնարավոր  ակցիայի, «Ֆեյսբուք»-ում ստեղծվել է «Ես գնում եմ դիմավորելու Զարուհի Փոստանջյանին խումբ», որի անդամները լավ են տրամադրված Փոստանջյանի հանդեպ: Նրանցից մեկն անգամ առաջարկում է Փոստանջյանին ծաղիկներով դիմավորել: