կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-03 10:45
Առանց Կատեգորիա

Երբ կառավարությունը ծերանա...

Երբ կառավարությունը ծերանա...

Ճապոնիայի վարչապետի տեղակալ Տարո Ասոն, տարեսկզբին մի առիթով ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, ասել էր, թե տարեց մարդիկ ճնշում են գործադրում երկրի տնտեսության վրա, նրանցից` լուրջ հիվանդություն ունեցողները պետությանը ստիպում են մեծ գումարներ ծախսել իրենց բուժման համար՝ վնաս հասցնելով երկրի տնտեսությանը. «Աստված չտա՝ ստիպված լինես ապրել, երբ կարծում ես, որ քո ճանապարհն արդեն անցել ես: Դուք ուղղակի չեք կարողանա հանգիստ քնել՝ մտածելով, որ պետությունը հոգ կտանի ձեզ համար: Այդ խնդիրը լուծում չի գտնի, եթե մենք  տարեց մարդկանց չթույլատրենք ինքնակամ հեռանալ այս կյանքից»:  128 միլիոն բնակիչ ունեցող Ճապոնիայում 1/3-ը տարեցներ են, նրանցից մեկն էլ 72-ամյա փոխվարչապետն է:

 

Մեզ մոտ, իհարկե, նման հայտարարություն չի արվում կառավարական մակարդակով, բայց դա չի նշանակում, թե տարեցները լավ օրի են: Մեզանում նրանք ամենաաղքատ եւ անպաշտպան խավն են համարվում:

 

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն էր, եղան որոշ միջոցառումներ, շնորհավորանքներ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորանք ուղարկեց' անգնահատելի համարելով տարեցների դերը պետականության կառուցման գործում: «Սիրելի տատիկներ եւ պապիկներ» տողով սկսվող շնորհավորական ուղերձ հրապարակվեց նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից: Քաղաքապետի հանձնարարությամբ` քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել էր տարեց երեւանաբնակներ՝ 102-ամյա Հռիփսիմե Հաջի-Սարգսյանին եւ 101-ամյա Սիրվարդ Ատաջյանին ու Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել նրանց՝ մաղթելով քաջառողջություն, հանձնել նվերներ։ Երեւանի թիվ 1 եւ Նորքի տուն-ինտերնատների շահառուներն էլ զբոսնել էին Երեւանի երկհարկանի ավտոբուսով:

 

Չենք ուզում հայտարարել, թե տարեցները պետության ուշադրությունից զրկված են, սակայն հիմք չունենք ասելու նաեւ, թե անհրաժեշտ ուշադրություն կա:

 

Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակել է  ծերացման հիմնահարցերի լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թ. օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվել  է ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը: Կառավարությունը հաստատել է բնակչության ծերացման եւ տարեցների սոցպաշտպանության ռազմավարություն, որով նախատեսվում է, որ տարեցը կարողանա օգտվել բժշկական եւ սոցիալական ծառայություններից, նրա համար մատչելի լինի բուժսպասարկումը, նաեւ ունենա սոցիալական շփումների հնարավորություն: Պետությունը ցանկանում է ստեղծել ծերաբուժության եւ  ծերաբանության մասնագիտական կենտրոններ: Բայց փաստաթղթից ու ճանապարհային քարտեզից շատ ավելի կարեւոր է իրականությունը, որում ապրում են տարեցները:

 

Մեր երկրում կա 14 հազար միայնակ ծեր, որոնց մեծագույն մասը ձգտում է դեպի ծերանոց կամ այնտեղ է: Մեր երկրում գնալով շատանում է ծերանոցում բնակվել ցանկացողների թիվը: Ծերանոց դիմողների մեծ մասն ունեն երեխաներ, սակայն սոցիալական, ընտանեկան եւ այլ հիմնավորումներով փորձում են հարմարվել այդ կառույցում: Բարձր տեմպերով շարունակվող արտագաղթի արդյունքում երիտասարդներն իրենց մոտ են կանչում ընտանիքներին` ծերունի ծնողներին թողնելով այստեղ` Հայաստանում: Ճգնաժամի ու զանազան այլ դժվարությունների պատճառով տրանսֆերտների ուղարկումը հաճախ անհնար է դառնում, եւ միակ հույսը մնում է ծերանոցը, եթե, իհարկե, տարիքը համապատասխանում է կամ հնարավոր է լինում տեղավորվել: Այդ մարդիկ միայնակ թոշակառուի կարգավիճակ չունեն, բայց մենակ են մնացել: Հանրապետությունում գործում է պետական ու մասնավոր 7 տուն-ինտերնատ, որոնցում բնակվող ավելի քան մեկ հազար տարեցները, թերեւս, ամենապաշտպանվածն են: Գոյություն ունեն բարեգործական ճաշարաններ, որտեղ հասնելու համար որոշ տարեցներ ոտքով մի քանի կիլոմետր են անցնում:

 

Լավ է, որ, թե'  միջազգային կազմակերպությունների եւ թե' հայաստանյան պաշտոնյաների հավաստումների համաձայն, Հայաստանը ճանապարհային քարտեզներ է ծրագրում: Ավելի կարեւոր է, սակայն, կոնկրետ միջոցառումների իրականացումը, եթե  ցանկանում ենք, որ մեր կողքին իրենց այս երկրի լիարժեք քաղաքացի զգան, չհամարեն անտեսված եւ որոշակի ապահովություն վայելեն կյանքի հասուն շրջանը թեւակողած մեր հայրենակիցները:

 

2012  թվականի հունիսի  21-ին ունեցած  հարցազրույցում  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասում է. «Մեր քաղաքականությունը հետեւյալն է` աղքատ կենսաթոշակառու չպետք է լինի...»: Միտքը շարունակելու անհրաժեշտություն չկա: Ակնհայտ է, որ այսօրվա սահմանված  կենսաթոշակներով անհնար  է գոյատեւել, ուր մնաց խաղաղ, ապահովված  ծերունական կյանքի մասին երազել: Խորհրդարանը մշտապես մերժում է ընդդիմության` թոշակները բարձրացնելու մասին առաջարկները, իսկ եկող տարի կենսաթոշակն ընդամենը 15 տոկոսով է բարձրանալու, որը չնչին է թանկացումների համեմատ: Տարեց  սերնդի  խնդիրը, բնականաբար, պետք է լինի պետության գերակա հիմնահարցերից մեկը:

 

Մյուս կողմից, սակայն, չի կարելի  հանգիստ նայել, թե ինչպես է բնակչությունը տարին տարվա վրա ծերանում: Այստեղ արդեն հարցը վերաբերում է երկրի ապագային: 2012  թվականի  հոկտեմբերի 1-ին  ՄԱԿ-ը հրապարակեց զեկույց, որում, մասնավորապես, նշվում է, որ մինչեւ 2050 թվականը աշխարհի բնակչության յուրաքանչյուր չորրորդ կամ հինգերորդ ներկայացուցիչը  կլինի 60-ն անց։ ՄԱԿ-ի  զեկույցի համաձայն`  տարեցների թիվն աճում է ավելի արագ, քան որեւէ այլ տարիքային խմբինը: Հայաստանի դեպքում  60-ն անց մարդկանց թիվը 2050-ին գրեթե կրկնապատկվելու է` 469 000-ից հասնելով 885 000-ի:

 

2012թ. հունիսին  ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում ծերացման խնդրի արդիականության վերաբերյալ առաջին ճանապարհային քարտեզի զեկույցը: Այդ նախագիծը կոչված է օգնել Հայաստանի ղեկավարությանը ծերության եւ ծեր մարդկանց խնդիրների վերաբերյալ քաղաքականության մշակման հարցում: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի բնակչության 11 տոկոսը 65 տարեկանից անց է, իսկ 2030 թվականին այդ ցուցանիշը կհասնի 18 տոկոսի: Ըստ այս զեկույցի` ծեր մարդկանց թիվը Հայաստանում շեշտակիորեն աճում է, եւ Հայաստանն այդ առումով աստիճանաբար մոտենում է Գերմանիային ու Ֆրանսիային, որտեղ այ թիվը, համապատասխանաբար, կազմում է 20 եւ 17 տոկոս: Զարգացած երկրներում, ինչպիսիք են Դանիան եւ Նորվեգիան, տարեցների թիվը 20% է: 

 

Հայաստանի բնակչության ծերացման պատճառներից են ծնելիության նվազումը, կյանքի տեւողության երկարումը, հատկապես ակտիվ տարիքի բնակչության արտագաղթը, մահացության աճը, հատկապես` միջին տարիքի բնակչության շրջանում, ամուսնությունների նվազումը եւ այլն:

 

Այսպիսով` ակնհայտ է,  որ  տարեց բնակչության  հիմնահարցերը լուծելու եւ, մյուս կողմից, հասարակության ծերացման երեւույթը կանխելու, ամուսնություններն ու ծնելիությունը խթանելու, արտագաղթը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ են ոչ թե առանձին նախաձեռնություններ, այլ իրար շաղկապված համալիր գործողությունների հետեւողական ու հեռանկարային ծրագրեր:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հ.Գ. Նյութի սկզբում հիշատակված' Ճապոնիայի փոխվարչապետ Տարո Ասոն, իհարկե, ներողություն խնդրեց տարեցների մասին թույլ տված աննորմալ հայտարարությունների համար' ասելով, թե լայն զանգվածների առջեւ նման հայտարարություն պետք չէր անել: Ցավն այն է, որ ոչ թե վարչապետը խելքի եկավ, այլ մնաց նույն կարծիքին, պարզապես այլեւս լայն զանգվածների առջեւ նման հայտարարություն չի անում: Իսկ Հայաստանում, թե ինչ է մտածում կառավարությունը տարեցների մասին, երեւում է վարվող քաղաքականությունից: