Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հրամանագիր ստորագրեց Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Այն պետք է մինչեւ 2014 թվականի ապրիլի 20-ը ՀՀ նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ եթե նախագահը հավանություն տա հայեցակարգին, տասն ամսվա ընթացքում ներկայացնի մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Yerkir.am-ը ներկայացնում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցազրույցների շարք` բաղկացած 4 հարցազրույցից: Մեր առաջին հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն է:
- Պարո'ն Ռուստամյան, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, կարծես, վաղուց էր հասունացել: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կատարվեն Սահմանադրության մեջ:
- Մենք վաղուց ի վեր խոսում ենք այդ մասին, որ, իհարկե, կա անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների: Սահմանադրության մեջ կարեւորագույն փոփոխություններ պետք է արվեն: Դրանցից մեկն է մեր` ավելի վաղ ներկայացրած 7 առանցքային կետերից մեկով առաջարկվող' նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցումը: Բնականաբար, եթե մենք ուզում ենք կոնկրետ խնդիրներ լուծել, ուրեմն փոփոխությունը պետք է չլինի ինքնանպատակ:
- Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագահի հրամանագիրը հետեւյալ նախադասությամբ է սկսվում` «Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից...» եւ այլն: Կառավարման համակարգի փոփոխությունը կարո՞ղ է մտնել այս ձեւակերպման մեջ:
- Տարիներ շարունակ այս նախագահական համակարգը այնպես է ամրապնդել գերկենտրոնացված կառավարումը, որ խոսում ենք միահեծան կառավարության մասին: Դա բերել է նրան, որ գործող իշխանությունն ու պետությունը նույնացել են, եւ պատճառներից մեկն էլ գործող նախագահական համակարգն է: Ուստի կարեւոր է դրանից հրաժարվելը, բայց հրաժարվել՝ անցնելու համար մի այնպիսի խորհրդարանական համակարգի, որի նպատակն է նախ` ապակենտրոնացնել իշխանությունը, ապա այդ ապակենտրոնացման միջոցով հասնել նրան, որ լիարժեքորեն ապահովվեն հակակշռման եւ զսպման մեխանմիզմները, որոնք այսօր, ըստ էության, զրոյացված են: Ունենք զրոյական կառավարման դրվածք:
Սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն ամբողջական եւ խորքային, որպեսզի նույն միահեծան իշխանությունը չպահպանվի եւ միայն նախագահի տեղը վարչապետ լինի: Սրա բացառման մասին է խոսքը, որի համար անհրաժեշտ են շատ ավելի խորքային փոփոխություներ համակարգի մեջ, որ հակակշռման եւ զսպման մեխանիզմները հստակ լինեն:
- Կխնդրեի առանձնացնել փոփոխության այլ անհրաժեշտ ոլորտներ եւս: Դուք 7 կետերում առաջարկում էիք նաեւ փոփոխություններ օրենսդիր մարմնում' անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի:
- Անհրաժեշտ է նախ դատական իշխանության անկախության հստակ ապահովում, որովհետեւ այդտեղից են մեր պրոբլեմները նաեւ սկսվում: Հստակ ամրագրում այնպիսի դրույթների, որոնք կմեծացնեն մասնակցային ժողովրդավարությունը, որը պետք է խորհրդարանի միջոցով իրականացվի: Մասնակցային` այն իմաստով, որ պետք է ապահովվի քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին:
Մեր այդ 7 կետերը, առանձին վերցրած, արդյունք չեն տա, պետք է ամբողջությամբ իրականացվեն: Կարեւոր փոփոխություն է ընտրական համակարգի փոփոխությունը, համապատասխանեցումն այն պահանջներին, որ հնարավոր լինի վերահսկել ընտրական գործընթացները քաղաքացիական հասարակության կողմից, անցնել 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի եւ, որ ամենակարեւորն է, ստեղծել եւ սահմանադրությամբ երաշխավորել իշխանություն-ընդդիմության միասնական համակարգ: Այն գործառույթները, որոնք վերաբերում են իշխանություններին զսպելուն, վերահսկելուն, անհրաժեշտ է վստահել ընդդիմությանը:
- Կա՞ն սահմանադրական այնպիսի դրույթներ, որոնց փոփոխության անհրաժեշտություն է առաջացել' կապված միջազգային կառույցներում մեր գործունեության հետ: Այլ խոսքով` արդյո՞ք միջազգային համաձայնագրեր կան, որոնք պարտադրում են կոնկրետ դրույթներ ներառել Սահմանադրության մեջ:
- Այդպիսի ուղղակի պահանջ չկա, բայց որ հատկապես ընտրություններից հետո դրանց վերաբերյալ դժգոհություններ են առաջանում, լինում են հաստատումներ եւ այլն, դրանց հետ կապված, ունենք տարբեր փաստաթղթերում, այդ թվում' ԵԽԽՎ-ի, արձանագրումներ, որ վարչական ռեսուրսն օգտագործվում է ի շահ մեկ՝ իշխող քաղաքական ուժի, եւ սրանից ազատվելու համար առաջարկվում է բարեփոխումների գործընթացի սկսում: Եթե այսպիսի գործընթաց սկսվի, կարծում եմ, որ այդ կառույցները կքաջալերեն գործընթացը:
-Իշխանությունը, ըստ Ձեզ, պատրա՞ստ է խորքային բարեփոխումների:
- Մեր խնդիրը տեխնիկական փոփոխությունները չեն, մեր իրավիճակի պատճառը տեխնիկական խնդիրները չեն, որ պետք է Սահմանադրության մեջ փոխենք: Կարեւոր է, որ Սահմանադրությունն այնպիսին լինի, որ չունենանք այսօրվա երկու իրականությունները. գոյություն ունի մի դե յուրե վիճակ, որ Սահմանադրությամբ է գրված, եւ դե ֆակտո վիճակ, որ կապ չունի Սահմանադրության հետ: Եվ սա է պատճառը, որ մարդիկ հույս չեն կապում փոփոխությունների հետ: Նրանք մտածում են, որ փոփոխությունները ոչինչ չեն տա, որովհետեւ եթե Սահմանադրության դրույթները մնում են փթղթի վրա, կյանքի չեն կոչվում, ուրեմն ի՞նչ կարեւոր է, թե ինչ քանակությամբ հոդվածներ են փոփոխվելու: Դրա համար ասում ենք, որ պետք է լինի համադրված, համալիր փոփոխությունների գործընթաց, որը կապահովի ոչ միայն դե յուրե փոփոխությունները, այլ դրանք կյանքի կոչելու` դե ֆակտո մեխանիզմներն ու ինստիտուցիոնալ կառույցները: Դրանք ժողովրդավարական առումով շատ ավելի կարեւոր են, քան ձեւական փոփոխությունները: Մեր հիմնական պրոբլեմներից մեկն այն է, որ մեր օրենքներն ու Սահմանադրությունը չեն գործում, մնում են թղթի վրա:
Հարցազրույցը վարեց Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆԸ