|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Իշխանությունների որդեգրած գործելակերպն է` եթե շահը պահանջում է (հատկապես` «պետական» շահը` գալուստսահակյանների ու շարմազանովների ըմբռնմամբ), հերքել իրենց հասցեին հնչող ցանկացած մեղադրանք, վերագրվող ցանկացած սխալ քայլ կամ արարք, հերքել նույնիսկ ամենաակնհայտը:
Այդպես եղավ նաև Մաքսային միությանը միանալու` Հայաստանի «որոշման» պարագայում: Հիմա նույնիսկ ամենաստորին իշխանավորն ու հետին ՀՀԿ-ականն էլ կապացուցի, որ այդ որոշումն ընդունելիս իշխանություններն իրենց ռազմավարական գործընկերոջ կողմից ոչ մի ճնշման չեն ենթարկվել, որ որոշումը կայացվել է ոչ թե ճնշումների, այլ իշխանությունների տիտանական աշխատանքի և գլոբալ աշխարհաքաղաքական ուսումնասիրություններից հետո: Եվ հետաքրքիրն այն է, որ ճնշումների իսպառ բացակայության մասին հիմնականում ճամարտակում են միջին դասի պաշտոնյաները, իմաստախոսում են Ազգային ժողովի պատգամավորները, իսկ ահա ավելի բարձունքներում «կուսական» լռություն է:
Եվ մինչ իշխանական քարոզչամեքենան նպատակադրված ու պարբերաբար մոլորեցնում է հասարակական միտքը, հայ հասարակությունը ճշմարտության հետ առերեսվում է ոչ թե իր քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, այլ եվրոպական կառույցների ու եվրոպացիների կողմից: Երբ Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարում է այդ ճնշումների անթույլատրելիության մասին, երբ Շտեֆան Ֆյուլեն է խոսում Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության երկրների վրա կիրառվող աննախադեպ ճնշումների վերաբերյալ, այլևս քանի գրոշ արժեն հայ իշխանավորների ու պատգամավորների իմաստուն պնդումները ճնշումների բացակայության ու բացառման մասին: Հասարակությունն իր իշխանավորից այսօր չի ստանում ոչ միայն սոցիալական բարեկեցություն ու դրա իրական խոստում, ոչ միայն արդարադատություն ու ապահով երկիր, չի ստանում նույնիսկ տարրական մի բան` ճշմարտություն, ճշմարտություն տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ու որոշումների և դրանց պատճառահետևանքային կապերի մասին: Եվ եթե սոցիալական բարեկեցության չգոյության համար կարելի է մեղադրել իշխանություններին ոչ կոմպետենտության, արդարադատության չգոյության համար` ագահ ու անկուշտ էության համար, ապա ճշմարտության խոր ճգնաժամի վերաբերմամբ պիտի մեղադրել նրանց տարրական ազնվության բացակայության համար: Գոնե դա ունենային:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ