Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 3-ի «պատմական» իրադարձության և դրան հետևած հասարակական բուռն քննարկումների ֆոնին անուշադրության մատնվեց և, կարծես, ստվերում մնաց այդ օրվա բերած ևս մի նորություն` մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարությունը Հայաստանում (Երևանում) Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու, ինչպես նաև ռուսական գիմնազիա հիմնադրելու վերաբերյալ:
Կարծես, ամեն ինչ տրամաբանության սահմաններում է` երկու ռազմավարական դաշնակիցներ գործակցում են նաև կրթության ու մշակույթի բնագավառում: Մինչդեռ կույր պետք է լինել` չտեսնելու համար այն մեծագույն վտանգը, որը պուտինյան հայտարարությունների (մեր դեպքում դրանք հնչում են իբրև հրահանգներ) «կենսագործումից» հետո կպատուհասի հայոց կրթական համակարգը, մասնավորապես` բարձրագույն կրթության ոլորտը, որն առանց այդ էլ, չնայած իշխանությունների օրումեջ հավաստիացումներին ու օտարների համար պարբերաբար հնչող գլուխգովանություններին, գտնվում է անմխիթար վիճակում: Հին կաղապարների մեջ շնչահեղձ լինող, կաշառակերության և հովանավորչության ճիրաններում այլևս ուժասպառ բարձրագույն կրթության ոլորտում, ի դեմս Մոսկվայի պետհամալսարանի, հայտնվելու է ոչ այնքան մրցակից, որքան, նկատի ունենալով նրա բարձր վարկն ու միջազգային հեղինակությունը, իսկական ախոյան, որը, նույնիսկ չկամենալով, կուլ կտա բնագավառում գործող շատ սուբյեկտների, մասամբ և` Երևանի պետական համալսարանը: Մասնաճյուղին կուլ կգնան հազարավոր, եթե ոչ տասնյակհազարավոր հայ ուսանողներ, որոնց պակասն ու կարիքն այսօր իսկ զգում են տասնյակ հայկական բուհերը, այդ թվում` ԵՊՀ-ն:
ՀՀ նախագահը, անշուշտ, չէր կարող չկանխատեսել պուտինյան հայտարարություններից բխող վտանգը, չէր կարող չերկմտել ու չերկնչել այն հնարավոր մարտահրավերներից, որոնց առջև սեփական զիջողամտության պատճառով կանգնում է երկրի բարձրագույն կրթության համակարգը, այդ թվում` մայր բուհը: Այն բուհը, որ խորհրդի նախագահը ոչ այլ ոք է, քան երկրի նախագահն ինքը: Եվ մեր նախագահի նահանջի քաղաքականության վկայություններից մեկն էլ այն է, որ Երևանում մոսկովյան համալսարանի մասնաճյուղ բացելու «ավետիսը» տրվում է հենց ռուսի բերանով: Ակնհայտ է, որ անչակերտ ավետիսի դեպքում այդ պատիվը կվերապահվեր մեր երկրի նախագահին:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ