Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ ինքնասպանության փորձ եւ մեկ ինքնասպանություն։ Առանձին վերցրած մեկ քաղաքում։ Նույն օրը։ Պարզ է, որ ոչ մեկին այսօր ինքնասպանությամբ չես զարմացնի։ Հավանաբար ինքնասպանությունը երբեք էլ չի զարմացրել։ Որովհետեւ յուրաքանչյուր կիսահասուն մարդ ավելի շուտ «ժառանգում» է ինքնասպանությունը, ասենք, երիտասարդ Վերթերի, Ռոմեոյի կամ Ջուլիետի, քան՝ ուրիշի բնական կամ աղետալի մահը։ Այսօր Երեւանում ինքնասպանության «ճամփա» են դուրս եկել երկու երիտասարդ՝ աղջիկ եւ տղա։ Նշանակում է՝ ունեն ծնողներ։ Ահա, թե իրականում ինչի մասին են մոռանում երիտասարդ ինքնասպանները։ Նրանք մոռանում են ծնողների մասին։
Վերաքննիչ դատարանում այս օրերին մի գործ է քննվում՝ խորթ աղջիկն ուզում է բնակարանից դուրս հանել իր հոր կնոջը։ Ծնող չէ հոր կինը, բայց երկար տարիներ ամուսնու հետ պահել եւ մեծացրել է այդ աղջկան։ Հայրը մահացել է ու տունը կտակել կնոջն ու երեխաներին։ Այս գործում կա նաեւ խորթ աղջկա եղբայրը՝ հորից մեկ, մորից տարբեր։ Գործում կա այն իմաստով, որ կենսաբանական մոր կողմից է։ Աղջիկը դիմել է դատարան եւ անմեղսունակ ճանաչել հանգուցյալ հորը։ Իր արյան ներկայացուցչին։ Արդյունքում կտակը չեղյալ է համարվել եւ հիմա աղջիկն այդ բնակարանին հավակնում է միայնակ։ Այսինքն, ոչ խորթ մայրը պետք է այդ տանն ապրի, ոչ էլ հորից մեկ եղբայրը։ ԽՍՀՄ օրոք մեր մանկատներում դաստիարակները մանկավարժական տարբեր մեթոդներին գումարել էին մեկը՝ երեխաներին սովորեցնում էին անեծքով ընկալել իրենց ծնողներին։ Ամենահայտնի անեծքներից էր՝ հետ քցողդ շունչ դառնա։ Մաքուր հայերենով՝ ծնողդ շուն դառնա։ Երեխաները, եթե վաղ մանկուց էին մանկատանը, մեծ էմոցիաներ չէին ապրում այս անեծքից, բայց ավելի էին օտարվում ծնողներից, որոնց չէին տեսել։ Սա մի բան է, որն ինձ երկար է զբաղեցրել։ Ո՞վ է, ի վերջո, ծնողը։
Մինչեւ ինչ-որ բան եզրակացնելը հիշենք, որ եվրոպական տարբեր երկրներում շրջանառվում են օրենքներ, որոնք օրենսդրական հասկացություններից փորձում են զրկել «հայր» եւ «մայր» բառերը։ Պատճառն այն է, որ նույնասեռ զույգերը պետք է հնարավորություն ունենան երեխա որդեգրել։ Իսկ որդեգրելու դեպքում էլ, ասենք, մի տղամարդը չի կարող կոչվել հայր, մյուս տղամարդը՝ մայր։ Այսինքն, նրանք կարող են որդեգրել եւ երեխաներին տալ իրենց սերը։ Կենսաբանությունը ոչնչանում է սիրո առջեւ, քանի որ, ըստ եվրոպացի օրենսդիրների, այս ամբողջում գլխավորը հոգատարությունն է եւ ոչ թե երեխայի կենսաբանական հիմքը։
Հետեւաբար, ովքե՞ր են ծնողները։ Նրանք ցանկացած մահվան առաջին հասցեատերն են։ Աշխարհի ցանկացած մասում ով էլ մեռնի, քո ծնողն առաջինը մտածում է քո մասին։ Այսինքն, աշխարհում չկա մի մահ, որ առաջինը չդիպչի քո ծնողին, նրանից ինչ-որ բան չկտրի։ Որովհետեւ նա անմիջապես Չիլիում տեղի ունեցած ողբերգական ինչ-որ դեպքի մեջ փորձում է ճանաչել քեզ։ Ծնողը մահն օդում որսացողն է։ Չկա մի ծնող, որ դրսեւորվի մահից անկախ։ Որովհետեւ առանց մահվան զգացումի նա չի կարող աշխատել քո դիմադրողականության վրա։ Եվ իր խորթ մորը բնակարանից դուրս շպրտող աղջիկը, ի տարբերություն ինքնասպանության փաստի, ցանկացած ծնողի համար բացառիկ է հենց այն իմաստով, որ ծնողը երեխայից ծեծվելու, արհամարհվելու, տանից դուրս շպրտվելու մասին չի մտածում։ Սեր ներդրած մարդը այդ մասին չի մտածում։ Նա ամբողջ կյանքում երեխային սպառնացող վտանգների հետ «տուն-տունիկ» է խաղացել, շեղել է ամեն փորձանք մտքի մեջ եւ իրականում, կարելի է ասել՝ պատ է եղել մահվան եւ երեխայի միջեւ։ Փոխարենը աչքաթող է արել բնակարանը, ոսկին, այն ամենը, ինչը հասուն մարդու հավակնությունների «հացն» է։ Դե, իսկ դստեր կամ որդու ինքնասպանության պարզապես չի մտածել։
Ի՞նչ կարող է անել ծնողը, որպեսզի երեխան ինքնասպանություն չգործի։ Այս հարցը մեկ պատասխան ունի։ Երեխան շատ վաղ պետք է սովորի ինքնուրույնության։ Գույների բազմազանությունը ինքնին իմաստավորում է աշխարհը։ Գույների հիմքում, սակայն, սերն է։ Հետո արդեն բնական ցանկացած օրգանիզմ գտնում է իր գույնը։ Հայ ծնողն իր սիրուց շատ հեռու չի գնում։ Այդ սերն իր վրա է վերցնում որդու կամ դստեր բոլոր փորձությունները։ Սա բնական է։ Բայց ինչ-որ պահից աղքատացնում է կյանքը։ Ի՞նչն է բոլոր կամ գրեթե բոլոր սպանությունների հիմքում՝ մարդու խոսքի, ընկալման առջեւ քո՝ դստեր, որդու, հոր, մոր, հարսի, փեսու, քենու, տալի, հարեւանի, բիզնեսմենի ունեցած անզորությունը։ Ինքնասպանությունը սպանության մի եղանակ է։ Յուրաքանչյուրն ինքնուրույն է բախվում կյանքի թելադած հարցերին։ Բայց դրանք թելադրվում են հատկապես քեզ, որովհետեւ հենց դու ես պատասխանողը։ Քո հարցերն ուրիշին չեն ուղղվի։ Ինքնասպանությունը հասունանում է ավելի վաղ, երբ քո հարցերի պատասխանները փորձում են տալ ուրիշները, կամ դու նետում ես ուրիշի վրա։ Հայաստան պետությունն այդպիսի մի հասունացող ինքնասպանության հանդիման է, իր հարցերի պատասխանատուն ինքը չէ։ Որովհետեւ ինչ-որ մեկը դեռ շարունակում է խնամել այս երկիրը։ Եվ հայաստանցին այդ խնամքի մեջ որեւէ ինքնուրույնություն չունի։ Մտածեք ձեր ծնողների մասին ինքնասպանությունից առաջ։ Եթե դուք ուզում եք մեռնել, որովհետեւ ինչ-որ մեկին հարվածի տակ եք դրել կամ դուք եք հարվածի տակ, դա անկասկած ինչ-որ մեկին սպանելուց լավ է, բայց մի մոռացեք, որ ձեր սիրելիներին թողնում եք հարցեր, որոնք մեղադրանքի հնչեղություն ունեն։ Մի՞ թե չկա այն մեկը, հանուն որի կարելի է ապրել։
Սեյրան Հանոյան